Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԲԱԹՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ

Փետրվար 02,2002 00:00

ՇԱԲԱԹՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ Դավաճանելով մեր բազմադարյա ամուսնական կապերին, Ռուսաստանը /համարելով, հավանաբար, որ Հայաստանը, միեւնույն է, իր գրպանում է/ վերջին ժամանակներս սկսեց «լեւի գնալ» Ադրբեջանի հետ: Այդ արտամուսնական կապերում հյուսիսային «մեծ եղբայրը» այնքան հեռու գնաց, որ նույնիսկ հայտարարեց, թե Ադրբեջանը նույնպես իր ռազմավարական գործընկերն է: Դա մոտավորապես նույնը կլիներ, եթե ԱՄՆ-ն հայտարարեր, թե իր ռազմավարական գործընկերը ոչ միայն Իսրայելն է, այլեւ Պաղեստինը: Եթե երկուսը մի երրորդ կողմի գործընկերն են, ապա ինչո՞ւ իրար հետ յոլա չեն գնում: Մենք՝ հայերս, երբ պարապ ենք մնում, սկսում ենք ձեւեր թափել: Ըստ երեւույթին, Դաշնակցությունը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին գեղեցիկ ճառերը պոպուլիզմի լավագույն դրսեւորումն են եւ շատ հմուտ PR է նախընտրական տարում: Բայց դրա համար՝ ա/ պետք է գոնե մեկ գործող կոռումպացված պաշտոնյայի անուն տալ, ինչը ՀՅԴ-ն չի համարձակվում անել, բ/ լինել ոտից գլուխ կոռումպացված իշխանական համակարգից դուրս: Իսկ Դաշնակցությունը այդ համակարգի մասն է կազմում թե՛ նախարարական, թե՛ ավելի ցածր մակարդակներով: Անցած շաբաթ մեր կյանքում տեղի ունեցավ շատ ուրախալի իրադարձություն. ԱՄՆ-ում անցկացրած ձմեռային արձակուրդից Հայաստան վերադարձավ մեր անկախության, ժողովրդավարության եւ մնացած բոլոր լավ-լավ բաների գլխավոր գաղափարախոս եւ հիմնադիր Պարույր Հայրիկյանը: Ինչ խոսք, մեր հասարակությունը կարոտ է պրն Հայրիկյանի՝ հայ իրականությանը վերաբերող խորաթափանց մեկնաբանություններին, երբ նա իր հզոր խոսքի ուժով կարողանում է ուղղորդել քաղաքական պրոցեսները: Մենք վաղուց չենք լսել նաեւ, թե որքան խիզախ է եւ իմաստուն Ռոբերտ Քոչարյանը: Այնպես որ, սրտատրոփ սպասում ենք պրն Հայրիկյանի ասուլիսներին: Անցած շաբաթ պարզվեց, որ Ջորջ Բուշ կրտսերը, ինչպես ցանկացած երկրի իրեն հարգող նախագահ, ունի իր «Միկա Արմենիան»: Ամերիկյան համապատասխան ֆիրման կոչվում է «Էնրոն», իսկ նրանց Բաղդասարովի անունն է Քեննեթ Լեյ, որին Բուշը դիմում է Kenny boy նվիրական մականունով: «Էնրոն» էներգետիկ կորպորացիան մեղադրվում է բազմաթիվ խարդախություններում: Մինչդեռ Kenny boy-ը ոչ միայն Բուշի հովանավորն էր նախագահական ընտրություններում, այլեւ բիզնես գործընկերն է նախագահական ընտանիքի եւ Բուշի գրեթե ամբողջ վարչակազմի: Պարզապես Ամերիկայում դա արվում է օրինականության որոշակի շղարշի տակ: Մեր իրավապահ մարմինները /դատախազությունն ու ոստիկանությունը՝ մասնավորապես/ հիմնականում համալրված են «կաստալոմներով»: Չունենալով ոչ խելք, ոչ շնորհք, ոչ մասնագիտական հմտություններ՝ հանցագործությունները բացահայտելու, այդ մարմինների աշխատակիցները, բացի ծեծուջարդից, որեւէ մեթոդ չգիտեն: Բայց արի ու տես, քանի «կաստալոմների» գերակշռող մասը սուս ու փուս ծառայում է իշխանություններին, նրանց հերոսական գործունեության մասին ոչ ոք չի հիշում: Բայց հենց որ նրանցից մեկը հանդես եկավ ծանր քաղաքական ամբաստանություններով երկրի բարձրագույն իշխանավորների հասցեին, միանգամից հիշվեցին նրա բոլոր գործած եւ չգործած մեղքերը: Հետաքրքիր է, տարիներ շարունակ ո՞ր կենդանու ականջում էր քնած մեր դատախազությունը, որ հիմա հիշեց «գնդապետների գործը» կամ 1996-ի սեպտեմբերի 26-ը: Թե՞ ավելի տրամաբանական է ենթադրել, որ դատախազությունը քաղաքական պատվերների հլու-հնազանդ կամակատարն է: Ամփոփեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել