Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի բանից մի՛ վախեցիր

Փետրվար 23,2002 00:00

Ոչ մի բանից մի՛ վախեցիր Բաց նամակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին Սիրելի՛ Դավիթ: Նամակս գրում եմ՝ քեզ քաջալերելու եւ գոտեպնդելու նպատակով: Կոչ եմ անում քեզ՝ ոչ մեկին մի՛ լսիր, «ղալմաղալի» եւ «թամաշայի» վրա ուշադրություն մի՛ դարձրու, տգետ լրագրողներիս կարծիքը հաշվի մի՛ առ եւ անցկացրու «ԶԼՄ-ների մասին» նոր օրենքն այն տեսքով, որով այն գոյություն ունի այս պահին: Շեֆդ ճիշտ է ասում՝ մեզ պետք է ազատ, բայց պատասխանատու մամուլ: Ազատ՝ քո նախագահի բոլոր ընդդիմադիրներին փնովելու հարցում, եւ պատասխանատու՝ բարձրագույն իշխանավորների աչքի վերեւը ունք նկատելու համար: Եվրոպայի խորհրդի փորձագետներից մի՛ վախեցիր: Վստահ եմ, դու հեշտությամբ կգտնես նրանց «ֆռցնելու» եւ նախագիծը որպես գերդեմոկրատական ներկայացնելու ձեւը: Իրավագիտությունը այնպիսի բարդ ոլորտ է, որ բառային կազուիստիկայի միջոցով սեւը կարելի է սպիտակ ներկայացնել, եւ հակառակը: Հիմա բացատրեմ, թե ինչու է պետք օրենքն ընդունել հենց այս՝ ներկայացված ձեւով: Բանն այն է, որ այդ օրենքի պահանջները չեն կարողանա կատարել ոչ միայն «Առավոտը» կամ «Հայկական ժամանակը», այլեւ ցանկացած թերթ, այդ թվում՝ բազմաթիվ «պետականամետ» թերթեր, որոնք սիրում են քո նախագահին ոչ պակաս, քան դու: Պարզապես այդ թերթերում տպագրված իշխանավորի լուսանկարը վիրավորական չի լինելու տվյալ իշխանավորի համար, եւ թույլտվություն վերցնելու կարիքը չի առաջանա: Իսկ ահա «Առավոտում» տպագրված նկարը այնպես կվիրավորի այդ իշխանավորին, այնպես կվիրավորի, որ դատարանը կդառնա մեր երկրորդ տունը: Եվ դա միայն մի դրսեւորումն է այն բազմաթիվ առավելությունների, որը տալիս է քո գերատեսչության հեղինակած նշանավոր օրինագիծը: Դրանով մեր գորշ, լճացած հասարակական կյանքը կդառնա ավելի հետաքրքիր, դինամիկ, նույնիսկ կասեի՝ ավելի խարդավալից: Քո նախագահն, օրինակ, շատ տգեղ ձեւով չռում է ոտքերը, երբ զրուցում է որեւէ պաշտոնական հյուրի հետ, կամ երբ ծիծաղում է, սկսում է ցնցվել ամբողջ մարմնով: Պատկերացնո՞ւմ ես, որքան հետաքրքիր կլինի մի քանի շաբաթ դատարանում քննարկել այն հարցը, թե որքանով է վիրավորական նախագահին այդպես պատկերել թերթում: Այնպես որ, կրկնում եմ, առանց վարանելու հենց այս տեսքով էլ ներկայացրու քո օրինագիծը խորհրդարան: Իսկ Ազգային ժողովի մասին կարող ես չմտահոգվել՝ այնտեղ մեծամասնությունը ձերոնք են: Նրանց այս բաց նամակն էլ դեմ՝ տաս որպես կառավարության օրինագիծ, փակ աչքերով կընդունեն միանգամից առաջին, երկրորդ եւ տասներորդ ընթերցմամբ: Նախ՝ որովհետեւ հայերեն կարդալ չգիտեն /այս 3 տարում առավել տաղանդավորները հայոց այբուբենի ուսումնասիրության հարցում հասել են մոտավորապես «ս» կամ «վ» տառերին/: Երկրորդ՝ վախենում են իրենց «դուքանների» համար՝ հիմա սեփական կաշին կամ օբյե՞կտն է կարեւոր, թե՞ ինչ-որ անհասկանալի ԶԼՄ: Վստահ եղիր, ձերոնք ճիշտ կոճակ կսեղմեն: Բարեկամական ողջույններով՝ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել