Հիմա հանգեցինք նրան, թե այս իրադրությունում որոնք են առաջնահերթության կարգով հայկական կողմի քայլեր: Սկսենք նրանից, որ ՀՀ-ն, ընդհանրապես, գործողությունների հստակ հայեցակարգ չունի: Ընդամենը բարի ցանկության մակարդակով հայտարարում են, թե մեր գերխնդիրն է՝ լինել անկախ, ինքնիշխան պետություն, հեռանալ Ռուսաստանից, մերձենալ ժողովրդավար Արեւմուտքին եւ այլն: Համապատասխանաբար՝ շատ է խոսվում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խաղաղասիրական հարաբերություններ հաստատելու մասին, որովհետեւ Ռուսաստանը Թուրքիային եւ Ադրբեջանին օգտագործում է մեր դեմ եւ կախվածություն ստեղծում իրենից:
Սա նոր խոսույթ չէ: Տասնամյակներ շարունակ սրա մասին էին, չէ՞, խոսում, հիմա էլ են խոսում: Ու Հայաստանն այսօր որոշել է ցանկացած գնով Ադրբեջանից ու Թուրքիայից խաղաղություն ստանալ, կրկնենք՝ ցանկացած գնով, իսկ Ռուսաստանին էլ ասել՝ «դու այլեւս պետք չես», ինչը ոչ մի արդյունք չի տալիս: Հորինվածք է, երբ ասում են՝ եթե Ադրբեջանը խնդիրներ ունի, ապա քո հանդեպ վերաբերմունքը փոխելու է: Միայն ՌԴ-ին այստեղից հեռացնելը շատ քիչ է Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ հարաբերություններ ստեղծելու համար:
Կարեւոր բան էր, բայց ժամանակին չարեցին, երբ 1994 թվականին մեծ վեճեր էին գնում, թե պատերազմը վերջանալուց հետո չպետք է թույլ տալ, որպեսզի ռուսական զորքերը գան Արցախ: Չեղավ, Արցախը համաձայնություն չտվեց, չորս ամիս բանակցություններ եղան, ու բերեցին Հայաստանը դրեցին «ռուսական սապոգի» տակ: 1994-ին պետք է այդ հիմքերը դրվեին, եթե Ռուսաստանը պետք է չգար՝ ավելի լավ վիճակ, քան 1994 թվականը, չի եղել, այդ ժամանակ Ադրբեջան համարյա գոյություն չուներ, Ռուսաստանը չէր կարող թույլ Ադրբեջանին օգտագործել մեր դեմ, չի արվել դա այն ժամանակ, ամբողջ Հայաստանը հանձնել էին Ռուսաստանին, դու հիմա ո՞նց ես հետ վերցնում:
Հայեցակարգ չի եղել այն ժամանակ, չկա եւ այժմ: Նույնն էլ՝ եվրոպացիների հետ: Երբ վերջին անգամ Ֆոն դեր Լայենը եկավ Հայաստան, խոսեցին «Թրամփի ուղու» մասին, հաջորդ օրը՝ նրա գնալուց հետո, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եվրոպան այստեղ անելիք չունի, մենք ուրիշների հետ ենք աշխատում», այսինքն՝ դարձյալ անհասկանալի է, թե եվրոպացիների հետ ինչ հարաբերություններ ենք ուզում: Հայաստանը եվրոպացիներին հետաքրքրում է սոսկ մեկ խնդրի համար՝ ամեն կերպ Ռուսաստանին դուրս մղել այստեղից, ուրիշ որեւէ բան այդ մարդկանց չի հետաքրքրում: Հայկական կողմի քայլերն իրավիճակային են, պահի տակ արվում են քայլեր՝ առանց խոր հաշվարկների:
Կարդացեք նաև
Հիմա՝ ինչ վերաբերում է այն հարցին, թե Ռուսաստանն արդյոք կհանի՞ Հայաստանից իր ռազմահենակետը, թե՝ չէ. սա մեծապես կախված է ՌԴ-Թուրքիա հարաբերություններից: Հայաստանն այդտեղ դեր չունի, Հայաստանն իր խոսքը պետք է 1994-ին ասեր: Չասա՞ց այն ժամանակ, ուրեմն՝ վերջ, հիմա մեզնից ոչ ոք ոչինչ չի ակնկալում: Բոլոր խնդիրները մեր տարածքում Ռուսաստանն է միշտ լուծել եւ շարունակում է լուծել բացառապես թուրքերի հետ: Իրենց ինչ պետք է՝ այն էլ կանեն: Ե՞րբ է ՌԴ-ն Հայաստանի հետ տարածաշրջանային խնդիր լուծել, նման բան եղե՞լ է… Համենայն դեպս՝ ինքս չեմ հիշում:
Այս օրերին ՔՊ-ական շրջանակներում շատ են Ռուսաստանի հետ Հայկական երկաթուղու կոնցեսիոն պայմանագրի խզման շուրջ խոսակցությունները: Փաշինյանը, կարծես թե, մտադիր է երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը փոխանցել թյուրքալեզու պետության, սակայն, որպեսզի դա շատ «աչք չծակի», Ղազախստանին: Ռուսաստանն էլ այստեղ իր պահանջներն ունի՝ կոնցեսիոն պայմանագիրը դադարեցնելու դեպքում Հայաստանը պետք է վերադարձնի բոլոր այն ներդրումները, որ ռուսական ընկերությունն արել է 2008 թվականից մինչեւ օրս: Աստված գիտի, թե դրանք քանի տասնյակ միլիարդի գումարներ են: Փաշինյանն այս փաստարկին առայժմ չի հակադարձել: Հավանաբար՝ չի էլ հակադարձի:
Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ
Քրիստինե ԱՂԱԲԵԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում



















































