Լրահոս
Հերոսը՝ Աղավնոյի ափից
Վիգենը
Օրվա լրահոսը

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն․ Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 04,2026 10:30 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով

Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով։

Այս օրը կարևոր խորհրդանշական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար։ Այն ևս մեկ առիթ է ընդգծելու, որ մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է, որն ամրագրված է մեր ընդհանուր քաղաքացիությամբ։ Հայաստանի Հանրապետության տարբեր ազգությունների ներկայացուցիչները ՀՀ քաղաքացիությամբ դարձել են մեկ՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդ։

Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է ապահովելու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, այդ թվում՝ ազգային ինքնության, մայրենի լեզվի, մշակույթի, ավանդույթների և կրոնական առանձնահատկությունների պահպանման ու զարգացման իրավունքը։

Մեր երկրի ազգային փոքրամասնությունները դարեր շարունակ իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի պատմության, մշակույթի և հասարակական կյանքի ձևավորման գործում։ Այսօր ևս նրանք իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում Հայաստանի Հանրապետության հասարակական, տնտեսական, կրթական, մշակութային և համայնքային կյանքում՝ հարստացնելով մեր հասարակության նկարագիրը։

Բազմազանության հանդեպ հարգանքը, հավասար հնարավորությունների ապահովումը, փոխադարձ վստահությունն ու հանդուրժողականությունը ժողովրդավարական հասարակության կարևոր հենասյուներից են։ Հետևաբար, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և նրանց լիարժեք մասնակցության ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է։

Մենք շարունակելու ենք նպաստել այնպիսի հասարակության ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր անձ հնարավորություն ունի ազատորեն պահպանելու և զարգացնելու իր ազգային ու մշակութային ինքնությունը՝ միաժամանակ լիարժեքորեն մասնակցելով Հայաստանի Հանրապետության ապագայի կերտմանը։

Այս կարևոր օրվա առիթով Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, հաջողություն և նոր ձեռքբերումներ։

Թող մեր երկրի բազմազանությունը շարունակի ծառայել որպես փոխադարձ հարգանքի, համերաշխության և միասնականության ամուր հիմք։

Շնորհավորում եմ բոլորիս Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով։

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել