Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՑԻԱԼԻՍՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

Փետրվար 27,2002 00:00

ՍՈՑԻԱԼԻՍՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ Վերջերս միավորված մի շարք սոցիալիստամետ ուժեր Հայաստանի տարբեր մարզերում հանդիպումներ են ունենում հանրության հետ։ Իշխանությունները, ըստ ամենայնի, խոչընդոտում են նման հանդիպումներին։ Օրինակ, Հայաստանի Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանի ներկայացմամբ, օրերս Աշտարակում ծրագրված նմանօրինակ հանդիպումից ընդամենը 1-2 օր առաջ քաղաքապետը պաշտոնապես մերժել էր դահլիճ տրամադրել՝ այն պատճառաբանությամբ, թե դահլիճում ցուրտ է, եւ մինչեւ մարտի 1-ը այն փակ է մնալու։ Իրականում, պրն Սարգսյանին հայտնի էր, որ այդ դահլիճում միջոցառումներ տեղի են ունենում։ «Իսկ ամենազավեշտականն այն էր,- շարունակեց պրն Սարգսյանը,- որ երբ մերժեցին դահլիճ տրամադրել, եւ մենք նախաձեռնեցինք հանդիպումն անցկացնել հրապարակում, մեզ այնտեղ դիմավորեցին 30-ից ավելի մահակներով զինված ոստիկաններ։ Պարզ է, հանրապետության նախագահը տեղյակ է այս ամենին եւ որեւէ միջոց չի ձեռնարկում»։ Երեկ սոցիալիստամետ ուժերի ժողովրդի հետ հերթական հանդիպման վայրը Հրազդան քաղաքն էր։ Ելույթների ընթացքում կուսակությունների ներկայացուցիչները մեկնաբանեցին տարբեր ոլորտների հանդեպ իրենց դիրքորոշումները։ «Երկրում կլան է գործում, այսինքն՝ մարդկանց 5%-ը հարստանում է մնացյալ 95%-ի հաշվին։ Այս առումով փրկության միակ ուղին համակարգային փոփոխություններն են, որոնք կընդգրկեն թե՛ Սահմանադրությունը, թե՛ քաղաքական եւ տնտեսական համակարգերը»։ Հրազդանցիներին նաեւ հիշեցվեց, թե ինչ ծաղկուն էր իրենց հայրենի քաղաքն անցյալում, մինչդեռ այժմ անգամ ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկություններն են բարձիթողի վիճակում, անգործության մատնված։ Սոցիալիստամետ ուժերը հավատացնում են, թե իրենց ծրագրերում կենսական դրույթներ կան ռազմավարական նշանակության ձեռնարկությունները վերականգնելու մասին, որոնք հիմնականում պետք է մնան որպես պետական սեփականություն։ Սակայն թվում է, թե հավաքվածներին առավել հետաքրքրում էր ՀՀ բանկային համակարգում փոշիացած ավանդների հարցը, մի կին էլ պատկերավոր կերպով նկատեց, թե ինքը մեղավոր չէ, որ Շվեյցարիայի ճանապարհը չգիտեր, որպեսզի իր համեստ խնայողությունները շվեյցարական բանկերում իբրեւ ավանդ ներդներ։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել