Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԻՄԱՑ ԴԻՐԻԺՈՐԸ

Մարտ 05,2002 00:00

ԲԱՆԻՄԱՑ ԴԻՐԻԺՈՐԸ «Թագավորը մեկն է լինում, իսկ նրա կողքին բանիմաց մարդիկ են հարկավոր»,- ասում է Հայաստանի ֆիլհարմոնիկ երգչախմբի ղեկավար եւ դիրիժոր Գեւորգ Մուրադյանը: Գարնան առաջին օրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ համերգ՝ նվիրված դիրիժոր Գեւորգ Մուրադյանի ծննդյան 55 եւ ստեղծագործական գործունեության 30-ամյակին։ Ավարտելով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային եւ սիմֆոնիկ դիրիժորության բաժինը, երիտասարդ դիրիժորը 1974-ից աշխատանքի է անցնում Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբում, աշխատելով Ռաֆայել Մանգասարյանի «ձեռքի տակ», իրագործելով հայ կոմպոզիտորների, եւ ոչ միայն, մի շարք երկերի ֆոնդային ձայնագրություններ։ 1986- 87թթ. կատարելագործվում է Վիեննայի երաժշտական ակադեմիայի ասպիրանտուրայում։ 1989- 2000թթ. աշխատում է Լորիս Ճգնավորյանի «ձեռքի տակ»։ Այս առիթով դիրիժորն ասում է. «Ես իմ սիրած գործն եմ անում, թե ում ղեկավարությամբ եւ ում ձեռքի տակ՝ ինձ քիչ է հուզում։ Ի վերջո, թագավորը մեկն է լինում, իսկ նրա կողքին բանիմաց մարդիկ են հարկավոր»։ 1994-ից մինչ օրս Գ. Մուրադյանը ֆիլհարմոնիկ երգչախմբի ղեկավարն է ու դիրիժորը։ Նրա ղեկավարությամբ երգչախումբը պատրաստել է Մոցարտի, Վերդիի, Բեռլիոզի, Ֆորեի ռեքվիեմները, Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, Վիվալդիի «Գլորիան», Հենդելի «Մեսիա» օրատորիան, Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» կանտատը եւ, իհարկե, հայ կոմպոզիտորների մի շարք խմբերգային գործեր։ Երգչախումբը, հանդես գալով «Աշխարհը եւ մենք» միջազգային փառատոնում, ներկայացնելով Կոմիտասի, Խաչատրյանի, Բրամսի, Մալերի, Բախի, Մոցարտի, Բրուքների, Հենդելի, Ֆորեի, Վերդիի խմբերգային ստեղծագործությունները, արժանացել է քննադատների բարձր գնահատանքին։ Հայաստանի, Հունաստանի, Ռուսաստանի, Շվեյցարիայի եւ այլ երկրների հանրահայտ մենակատարներ հանդես են եկել երգչախմբի ընկերակցությամբ՝ ինչպես մեզ մոտ, այնպես էլ արտերկրում։ Կարճ ժամանակում, իհարկե մաեստրոյի ղեկավարությամբ, երգչախումբը դարձավ Հայաստանի առաջատար երաժշտախմբերից մեկը։ Նշենք, որ յուրաքանչյուր շաբաթ դիրիժորը վարում է «Համաշխարհային հոգեւոր երաժշտության գանձարանից» համերգաշարը։ Անկասկած, միայն իր գործի գիտակը կարող է հասկանալ ու բացահայտել ուրիշի ստեղծագործության մեծությունը։ Աշխարհի, ինչպես եւ հայ երաժիշտների անուններով մեզ հասած ստեղծագործությունների պարտիտուրները՝ նրանց մտքերի, հույզերի նոտագրությունը դեռեւս երաժշտություն չեն։ Եվ նա իր «գործիքի» միջոցով, որին, ի դեպ, լիովին է տիրապետում, արտահայտում է՝ ներկայացնելով տվյալ ժամանակաշրջանի այս կամ այն կոմպոզիտորի մտքերն ու հույզերը, մի խոսքով՝ ասելիքը։ Արտերկրում, երգչախմբի արձագանքներից մեկում կարդում ենք. «Խմբերգային անսամբլը հիանալի է, զգացվում է կատարվող յուրաքանչյուր ստեղծագործության մանրակրկիտ մշակումը։ Գեղարվեստական պատշաճ վարպետությունը երգչախմբի արտիստին թույլ է տալիս հեշտորեն հաղթահարել կատարման առումով բարդ տեխնիկական կտորները եւ զգայուն կերպով արձագանքել Մուրադյան դիրիժորի փայտիկի ամեն շարժումին։ Նա մեծապես օժտված երաժիշտ է։ Հազվադեպ է որեւէ դիրիժորի հաջողվում կատարվող ստեղծագործությունների դինամիկայում հասնել այդպիսի կոնտրաստների, իսկ երկերի մեկնաբանումն իրականացնել այդքան խնամքով մտածված…»։ Այսօր 30-ամյա ստեղծագործական ուղի անցած դիրիժորն ասում է. «Արվեստագետի, դիրիժորի իմ դավանանքը միանում է բոլորիս համար պարտադիր այն ընդհանուր դավանանքին, որի անունն է՝ ծառայություն արվեստին, մարդուն…»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել