Լրահոս
Օրվա լրահոսը

Վեճ մինչ վիճաբանությունների փուլը

Մարտ 12,2002 00:00

Վեճ մինչ վիճաբանությունների փուլը Կրտսեր սերժանտ Մկրտիչ Պողոսյանի ինքնասպանության գործով Վանաձորում մարտի 6-ին շարունակվեց «Ա. Մխոյանի, Ս. Հովնիկյանի +1» դատաքննությունը, որն ունի մի շարք հատկանշական պահեր։ Ամբաստանյալ Արարատ Մխոյանի պաշտպան Կարինե Գասպարյանը մեղադրող Արման Մազմանյանին դիտողություն արեց «իրոնիայով հարց տալու» համար։ Մեղադրողն էլ դիտողություն արեց ամբաստանյալ Սուրեն Հովնիկյանի պաշտպան Բենիամին Մինասյանին, թե ինչո՞ւ վերջինս ամբաստանյալ Մխոյանին կոնկրետ հարց տալու փոխարեն անցել է պաշտոնական ճառի եւ քննարկում է իր պաշտպանյալին առաջադրված հոդվածով դատել-չդատելու հարցը (ի պատասխան Բ. Մինասյանի այն դիտարկման, թե ինչո՞ւ պետք է Հովնիկյանն ինքը մաքրեր զորամասի լվացարանի հատակի աղբը, «պատերից քերված-թափված եւ՝ հետո էլ դատվեր հրաման չկատարելու համար»)։ Փաստաբան Մինասյանն ամբաստանյալ Մխոյանից (ղեկավարման մարտկոցի հրամանատար) հետաքրքրվեց, թե արդյոք նա հանձնարարել է կոնկրետ Ս. Հովնիկյանին մաքրելու լվացարանի աղբը։ Եվ երբ ճշտեց, որ կոնկրետ Հովնիկյանի համար հրաման չէր տրվել, զարմանքը չկարողացավ պահել, թե՝ «այդ դեպքում ինչո՞ւ պետք է հրամանը չկատարելու ողջ ծանրությունն ընկներ Հովնիկյանի վրա»։ Պետք է նկատել, որ մեղադրողին էլ հետաքրքրում էր զորամասի մաքրման աշխատանքների հարցը, քանի որ, ըստ մեղադրականի, հենց այդ պատճառով էր զինվորների միջեւ ծեծկռտուք սկսվել, ինչի հետեւանքով էլ կրտսեր սերժանտ Պողոսյանը 5 օր բուժման կուրս էր ընդունել N զորամասի բուժմասում։ Մեղադրողը հարցրեց ամբաստանյալ Մխոյանին. «Որ տեսաք լվացարանը մաքրել-վերջացրել էին, ինչո՞ւ էիք ասում, թե լավ կլիներ տուալետն էլ մաքրեիք»։ Յուրօրինակ պատասխան տվեց նախկին հրամանատարը. կրտսեր սերժանտ Ժամհարյանին պատժելու փաստը՝ կապված վերջինիս կողմից իր հրամանին չենթարկվելու եւ օրապահի պարտականությունը չկատարելու հետ. «Ժամհարյանն ինձ փողոցային ձեւով պատասխանեց, որ չեմ գնալու եւ ես նրան, որոշելով, որ առողջ է, կարող է կալանք կրել, ուղեկցեցի մեկուսարան»։ Ստացվում է, որ մարտկոցի հրամանատարի հրամանը չկատարելու համար սերժանտը հայհոյում է նրան, իսկ վերջինս պարզապես քաղաքավարի ուղեկցում է նրան մեկուսարա՞ն։ Դատարանում հրապարակվեցին բացակա տուժողների նախաքննական ցուցմունքները։ Ամբաստանյալներից մեկի հարազատը պահանջեց, որ հրապարակվի (դեպքի հաջորդ օրը տված) մի տուժողի ցուցմունքը եւս։ Հրապարակումից հետո պարզվեց, որ 2 ցուցմունքները տարբեր էին իրենց նպատակաուղղվածությամբ. «Տվել է 6 ցուցմունք եւ աստիճանաբար ճիշտ ցուցմունքներ տվել»,- ցուցմունքները թերթելով եզրակացրեց դատավոր Վ. Հովհաննիսյանը, փաստորեն, ճշմարիտ համարելով վերջին ցուցմունքը, որն ամենեւին ամբաստանյալների շահերից չէր բխում։ Այդօրինակ հակասությունն էլ պատճառ դարձավ մի նոր միջնորդության. փաստաբան Բ. Մինասյանը միջնորդեց դատարան հրավիրել հակասական ցուցմունքներ տված տուժածին. «Խուսափում է դատարան ներկայանալ, դրա համար էլ հեռագիր է տալիս»,- նկատեց Ս. Հովնիկյանի պաշտպանը։ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել