Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշենք բոլորին

Մարտ 15,2002 00:00

Հիշենք բոլորին 2001-ին Իրանում կայացան Հայաստանի մշակույթի օրերը։ Կազմակերպիչներից մեկը՝ իրանահայ արվեստաբան, լրագրող Ժանետ Լազարյանը նամակ է հղել ՀՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ռ. Շառոյանին։ Նամակի պատճեններն ուղարկվել են հայաստանյան որոշ լրատվամիջոցների, այդ թվում՝ «Առավոտին»։ Ներկայացնում ենք հատվածներ այդ նամակից։ «Վերջերս Հայաստանի հանրային ռադիո-հեուստատեսության եթերից լսեցի Ձեր բացատրությունները Իրանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու վերաբերյալ, որտեղ Դուք անդրադարձաք «Ուրախ ավտոբուս» ֆիլմի ձեռք բերած հաջողություններին։ Հարկ եմ համարում նշել, որ նույն օրերին Թեհրանի լավագույն թանգարաններից մեկում (Ժամանակակից արվեստի թանգարան) եւ Թավրիզում առաջին անգամը լինելով, ցուցադրվեցին Հայաստանի արդի գեղանկարիչների ստեղծագործությունները, որոնք արվեստասեր հանդիսատեսի լայն ընդունելությանն ու հավանությանն արժանացան։ Նաեւ Հայաստանի լուսանկարիչներն առիթ ունեցան Սադաբադ պետական համալիրում ցուցադրելու իրենց գործերը, իսկ մի շաբաթվա ընթացքում Հայաստանի ժամանակակից ֆիլմարվեստի հետ ծանոթացան իրանցի կինոյի սիրահարները։ Պրն Շառոյան, դուք պետական պաշտոնյա լինելուց առաջ՝ մշակույթի մարդ եք, եւ գիտեք, թե ինչպիսի դժվարություններ ու խոչընդոտներ պետք է հաղթահարել վերոնշյալ ծավալուն եւ ընդարձակ աշխատանքներն իրականացնելու համար։ Սակայն, դժբախտաբար, պիտի ասեմ, որ Հայաստանում, նույնիսկ պետական մակարդակում ակնարկ անգամ չեղավ մշակութային այդ ձեռնարկների մասին եւ չհիշվեց այն անձանց անունները, որոնց տքնաջան աշխատանքի շնորհիվ իրականացան դրանք։ Ես այդ անհատներից մեկն եմ, եւ ինձ համարում եմ հայկական ու իրանական մշակույթների ծառա։ Ես երկար տարիների ընթացքում փորձել եմ ծանոթացնել երկու ժողովուրդների մշակույթները միմյանց, նաեւ նշեմ, որ սույն ցուցահանդեսների տնօրենն եմ եղել։ Ո՛չ հարգանք մուրալու, ո՛չ էլ հռչակ շահելու նպատակով եմ դիմում ձեզ։ Ես լավ գիտեմ, որ, ցավոք, Հայը սովորություն չունի Հայի գնահատել, հարգել եւ մեծարել։ Հայաստանը շատ քիչ գիտի հայրենիքի շնչով ու հույսով գոյատեւող սփյուռքի մասին եւ երբեմն էլ նույնիսկ մրցակցում է նրա հետ։ Վերջում ձեր ուշադրությանն եմ հանձնում վերոնշյալ ձեռնարկների մասին որոշ տեղեկություններ։ Լուսանկարչական ցուցահանդեսին մասնակցեցին Վահան Քոչարը, Վռամ Հակոբյանը, Գերման Ավագյանը, Վլադիմիր Սարոյանը, Շաքե Պետրոսյանը, Հայկ Ադամյանը։ «Հայաստանի ժամանակակից արվեստը եւ իրանահայ արվեստագետների ընտրանի» անվան տակ ցուցահանդեսում ցուցադրվեցին Հայաստանից 35 եւ Իրանից 10 արվեստագետի աշխատանքները։ Ցուցահանդեսի ընթացքում Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանը հյուրընկալեց Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Իգիթյանին, Գյումրիի Սթիլ գալերիի տնօրեն Արտուշ Մկրտչյանին, գեղանկարիչներ Թենի Վարդանյանին, Ազատ Սարգսյանին, Արարատ Սարգսյանին եւ արձանագործ Հերիքնազ Գալստյանին։ Հարկ եմ համարում նաեւ նշել, որ իրանական ռադիո-հեռուստատեսությունն ու մամուլը լայնորեն անդրադարձել են սույն մշակութային ձեռնարկներին։ Թեհրանի արվեստագետների տան հրավերով Թեհրան ժամանեց կինոքննադատ Միքայել Ստամբուլցյանը։ Ցուցադրվեցին՝ «Տերը», «Խնձորի այգին», «Ուրախ ավտոբուս», «Վառած լապտեր», «Հովնաթան», «Նռան գույնը», «Փիրոսմանի» եւ «Մատենադարան» ֆիլմերը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել