Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Շենքը կա, բայց գույք չունեն

Մարտ 22,2002 00:00

Շենքը կա, բայց գույք չունեն Մեզանում դպրոցը, առավել եւս Հայաստանի հեռավոր գյուղերում, միշտ էլ ունեցել է խնդիրներ, որոնք հիմնականում լուծվում են կամ պատահական բարերարների աջակցությամբ, կամ էլ տանտերերի ջանքերով… Սիսիանի շրջանի Աղիտուի գյուղում հայկական դպրոցը սկսել է գործել 1991-ից։ Մինչ այդ, այստեղ բնակվում էին ադրբեջանցիներ։ Այդ տարիներին այս գյուղում, ի թիվս բազում խնդիրների, նորաբաց դպրոցում գույք չկար, աշակերտները քարե սեղաններին էին պարապմունքներն անցկացնում։ Շուտով դպրոցի շենքը, ժամանակի պահանջով, տրամադրվում է հոսպիտալին (որն, ի դեպ, մինչ օրս էլ գործում է) եւ դասերը սկսեցին անցկացնել շարժական տնակներում։ Քիչ ուշ դպրոցը տեղափոխվում է գյուղի՝ 1938-ին կառուցված կիսավեր դպրոցի շենքը, ուր տեղակայված էր նաեւ գյուղապետարանը։ Դեռեւս անցյալ տարի Սոցիալական ներդրումների հիմնադրամը, ՄԱԿ-ի փախստականների հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, սկսել է դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները, որի նախագծային ընդհանուր արժեքը 52 մլն 700 հազար դրամ է կազմել։ Համայնքի ներդրումը՝ 5,4 մլն դրամ, գյուղապետի ջանքերով կատարվել է ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի միջոցով։ Նորակառույց դպրոցի շահագործումը հնարավոր եղավ միայն 2002-ի փետրվարին։ Սակայն գույք չլինելու պատճառով առայժմ դասերը նորակառույց շենքում չեն անցկացվի։ Սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի խոսքերով, առաջիկայում Սոցներդրումների հիմնադրամի աջակցությամբ գյուղի դպրոցին կհատկացվի հարյուր աշակերտի համար պահանջվող անհրաժեշտ գույքը։ Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Գրիշա Մանուչարյանի խոսքերով. «Փրկեցեք երեխաներին» կազմակերպության ֆինանսավորմամբ այս տարի կվերանորոգվի Սիսիանի թիվ 4 դպրոցը, իսկ պետբյուջեի ֆինանսավորմամբ մասնակի վերանորոգումներ կարվեն Սիսիանի թիվ 1 դպրոցում։ Մասնակի եւ հիմնովին վերանորոգման կարիք ունեն շատ ու շատ գյուղական դպրոցներ, ինչի առիթով էլ պրն Մանուչարյանը նշեց, որ բանակցություններ են տարվում «Կաթոլիկ օգնության ծառայություն» միջազգային կազմակերպության հետ՝ Սիսիանի տարածաշրջանի որոշ գյուղական համայնքների դպրոցներում վերանորոգման աշխատանքներ կազմակերպելու համար։ Այստեղ նշեցինք դպրոցի մի քանի խնդիրները, սակայն իրականում դրանք ավելի շատ են, դասագրքերի խնդիր կա, դպրոցները երիտասարդ մասնագետներով համալրելու կարիք է զգացվում։ Քչերը մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն ունեն, ուստի բավարարվում են տեղի մասնագետներով եւ պարտադիր զինծառայության փոխարեն դպրոցում որպես ուսուցիչ աշխատող երիտասարդներով։ ԱՐՏՈՒՇ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել