Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ «ՇՐՋԱՅՑԵՑ» ՔԱՂԱՔՈՒՄ

Մարտ 27,2002 00:00

ՆԱԽԱԳԱՀԸ «ՇՐՋԱՅՑԵՑ» ՔԱՂԱՔՈՒՄ Բայց ոչ մի ժապավեն չկտրեց ՀՀ նախագահն արդեն սկսել է իր ընտրարշավը։ Համենայնդեպս, մեզ մոտ ընդունված կարգով՝ բարձրաստիճան պաշտոնյաները մեքենաներից դուրս են գալիս եւ սեփական ոտքերի օգնությանն են դիմում միայն ընտրություններից առաջ։ Իսկ երեկ պրն նախագահն իր թանկագին ժամանակից 2,5-3 ժամ նվիրեց մայրաքաղաքին, ավելի ճիշտ՝ մայրաքաղաքադիտմանը։ Քաղաքադիտումը սկսվեց Ազգային պատկերասրահի տանիքից։ Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարը, քաղաքապետը, գլխավոր ճարտարապետը պատկերասրահի 9-րդ հարկի բարձունքից նախագահին ցույց տվեցին քաղաքը, ապագա Հյուսիսային պողոտան։ Անկեղծ ասած՝ այդ դիտակետից մեր քաղաքը բավականին անհրապույր տեսք ուներ։ Թեեւ հարկ է խոստովանել, որ Կենտրոնի տեսքը փչացնում էին հիմնականում այն միահարկ, խիտ դասավորված հին տները, որոնք ենթակա են քանդման։ Նրանց տեղում առնվազն 4 տարի հետո կլինի Հյուսիսային պողոտան՝ Ալեքսանդր Թամանյանի երազանքը։ Պատկերասրահի տանիքից քաղաքի դիտումը վերջացնելուն պես Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքապետ Ռ. Նազարյանի եւ գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանի հետ մեկնեց Հյուսիսային պողոտայի սկզբնամասը, որտեղ նրանց էր սպասում Կենտրոնի թաղապետ Ա. Զուրաբյանը։ Անկասկած, վաղուց մեր նախագահն այդքան չէր փոշոտվել։ Բայցեւայնպես, ճարպկորեն շրջանցում էր այն ջրափոսերն ու ցեխակույտերը, որոնք անամոթաբար հանդգնել էին հայտնվել պրն նախագահի ճանապարհին՝ Տերյան եւ Պուշկին փողոցների խաչմերուկում։ Այս տարածքում էլ նախագահը զբաղված էր «շինարարության ընթացքի դիտումով» (մեջբերումները՝ «ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Երեւան քաղաքով շրջայցի ծրագրից»)։ Հյուսիսային պողոտայի սկզբնամասում քաղաքապետ Նազարյանը խրոխտ ձայնով ընթերցեց պողոտայի կառուցման առիթով կազմված ուղերձը, ապա սույն ուղերձը թաղապետ Զուրաբյանը ապարդյուն փորձում էր խցկել «կապսուլայի» մեջ, որը նախագահը պիտի տեղադրեր նախատեսված փոսում։ Թաղապետին թուղթը կապսուլայի մեջ խցկել չհաջողվեց։ Գործի անցավ անձամբ նախագահը։ Թուղթը կապսուլայից երկար էր։ Ահա այստեղ մեր նախագահը ուրախ հնարամտություն ցուցաբերելով, գրպանից հանեց փոքրիկ ծալովի դանակը (իսկական տղամարդը գրպանում միշտ պետք է սառը զենք ունենա), կտրեց ուղերձի ավելորդ հատվածը, որից հետո վերջինս հանգիստ տեղավորվեց գլանակի մեջ։ «Տեսնում եք՝ ի՜նչ նախագահ ունեք»,- զուսպ համեստությամբ քարոզարշավ ձեռնարկեց Ռ. Քոչարյանը։ 450 մ երկարությամբ եւ 24 մ լայնությամբ ապագա պողոտայի հիմքը գցվեց։ Հյուսիսային պողոտայի կառուցման վրա ընդհանուր առմամբ կծախսվի 150 մլն դոլարի չափ գումար։ Այդ գումարից եւ ոչ մի լումա չի դրվի պետբյուջեից։ Մինչ շամպայնը կփրփրեր բաժակներում, քաղաքի գլխավոր ճարտարապետը մակետի վրա ցույց տվեց Հյուսիսային պողոտան։ Մանրամասն բացատրություններից հետո նախագահը դժգոհություն հայտնեց քաղաքապետարանի ներկայիս դիրքից։ Բնականաբար, քաղաքապետը համաձայն էր այդ տեսակետին, եւ երբ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ճիշտը քաղաքապետարանի՝ հրապարակում գտնվելն է, Ռոբերտ Նազարյանն անմիջապես առիթից օգտվեց՝ ՀԱՄԽ-ի շենքը վերցնենք։ Նախագահը այդ բանավոր որոշումը բանավոր կնքեց՝ ճիշտը դա է, մտածիր էդ մասին։ Տերյան փողոցով դեպի Պուշկինի փողոց գնալիս, ճանապարհին հավաքված ժողովրդի միջից մի երեխա նախագահին բարեւեց. «Բարե՛ւ, Ռոբերտ Քոչարյան»։ Այս հանրապետության մանկահասակ քաղաքացիներն անգամ արդեն գիտեն, թե ինչպես կարելի է եւ ինչպես չի կարելի բարեւել նախագահին։ Փորձը ցույց է տվել։ Պուշկինի փողոցում «Կապույտ երազանք» ՍՊԸ-ի պատվերով կառուցվում է ժամանակակից տեխնոլոգիաներով՝ ստորգետնյա ավտոտնակներով, օդափոխության եւ ջեռուցման լոկալ համակարգով մի համալիր՝ 3 բնակելի շենքից բաղկացած։ Շինարարությունը կավարտվի տարեվերջին։ Պուշկինի փողոցից հետո նախագահն իր «դիտումները» շարունակեց Հյուսիսային ճառագայթում (Մոնումենտ), ապա վերադարձավ քաղաքի կենտրոն՝ Իտալական փողոց։ Այս փողոցում գտնվող նորակառույց «Կոնգրես» հյուրանոցում էլ նա եւ քաղաքապետ Նազարյանը պատասխանեցին իրենց շրջայցի ժամանակ ուղեկցած, պրն նախագահին լուսանկարելու կամ նկարահանելու համար կյանքը վտանգած (տես՝ լուսանկարը) լրագրողների հարցերին։ Նախագահը չէր կարող չանդրադառնալ իր սիրած թեմային՝ բացվող աշխատատեղերին։ Նա առաջարկեց «պրեֆերանս լավ խաղացողներին» բազմապատկել ու հաշվել, թե քանի աշխատատեղ է բացվում Հյուսիսային պողոտայի կառուցման ընթացքում, եթե 1 միլիոն դոլարը 250 աշխատատեղ է, իսկ պողոտայի կառուցապատման վրա կծախսվի 150 միլիոն դոլար՝ տարեկան մոտ 40 միլիոն դոլար։ Ակնհայտորեն մաքսիմալիզմով տառապող ինչ-որ մեկը շտապեց 40-ը բազմապատկել 250-ով եւ ստացավ 15 հազար աշխատատեղ։ Պրն Քոչարյանին հիշեցրինք գլխավոր ճարտարապետին համակող տխրությունը՝ Երեւանի փողոցներով քայլելիս, եւ հետաքրքրվեցինք՝ ի՞նչ զգացողություններ ուներ նախագահն այս շրջայցի արդյունքում։ Պարզվեց՝ ճիշտ հակառակը. «Ես երբ շինարարական աշխատանքներ եմ տեսնում որեւէ տեղ, ուրախանում եմ։ Այսօր մենք հիմնականում եղել ենք այն փողոցներում, որտեղ շինարարություն է գնում։ Ինչ որ տեսել եմ՝ հուսադրող է, եւ լավատեսական եմ նայում այդ ծրագրերի իրականացմանը։ Ահագին բան է կառուցվում եւ առանց բյուջետային ծախսերի»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ Հ. Գ. Սխալված չենք լինի, եթե ասենք, որ նախագահի այս շրջայցը երեւի թե ինչ-որ առումով նաեւ աջակցության եւ օժանդակության ակցիա էր հենարան փնտրող Նարեկ Սարգսյանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել