Լրահոս
Օրվա լրահոսը

AATV-Ն ԵՎՍ ՄԻ ԱՊԱՑՈՒՅՑ

Ապրիլ 04,2002 00:00

AATV-Ն ԵՎՍ ՄԻ ԱՊԱՑՈՒՅՑ Հրահանգի հետեւանքով AATV կաբելային հեռուստացանցը ապրիլի 3-ին, ժամը 00:12-ին եւս դադարեցրեց «Ա1+»-ի հեռարձակումը, ապացուցելով, որ խնդիրը ոչ թե 37 դեցիմետրային հաճախականության համար մրցույթում այդ ընկերության չհաղթելն էր, այլ հենց «Ա1+»-ը փակելը։ Վրդովված բաժանորդներին, որոնք հարցնում էին, թե ինչու ընդհատվեց եթերը, հայ-ամերիկյան AATV ընկերության աշխատակցուհին մեղմաձայն գցում էր թյուրիմացության մեջ, պնդելով, թե «Ա1+»-ը զրկվել է հեռուստահաղորդումներ թողարկելու արտոնագրից։ Առավել իրազեկներին, որոնք տեղյակ էին, որ «Ա1+»-ը զրկվել է միայն իր կապուղուց, աշխատակցուհին արդեն ստիպված էր լինում խոստովանել, թե այլապես իրենք էլ կունենային «պրոբլեմներ»։ Իսկ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հետ AATV-ն վաղուց ունի «պրոբլեմներ», քանի որ չի համապատասխանում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի պահանջներին։ Ահա այս խախուտ դիրքն էլ հնարավորություն տվեց անգամ կիսով չափ ամերիկյան ընկերության վրա կիրառել լծակներ։ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսիսյանն «Առավոտի» հարցին, թե արդյոք AATV-ի հետ իրենց պայմանագիրը որեւէ կապ ունի՞ 37 կապուղու հետ, պատասխանեց. «Ո՛չ մի կապ չունի։ Մեզ զրկել են միայն 37 դեցիմետրային ալիքի արտոնագրից։ AATV-ն շատ հանգիստ կարող էր շարունակել հեռարձակումը։ Բա՛յց։ Նույն մտավախությունն ունի նաեւ AATV-ն, որ իրեն էլ կարող են զրկել արտոնագրից։ AATV-ն էլ է վերալիցենզավորվելու։ Ու քանի որ այսպիսի աղմուկ կա մեր շուրջը՝ AATV-ն գերադասեց դադարեցնել հեռարձակումը։ Այդ ընկերության տնօրենն ասաց, որ հրահանգ է եղել, իրեն զանգահարել են Ազգային հանձնաժողովից»։ Տեղեկատվություն տարածվեց, թե «Ա1+»-ը մտադիր է AATV-ի հետ իր հարաբերությունները պարզել դատարանում։ Սակայն Մեսրոպ Մովսիսյանն ասաց. «Դա անիմաստ խաղ եմ համարում՝ մանավանդ մեր դատարանների պարագայում։ AATV-ի մտավախություններն էլ եմ հասկանում, մեր դատարաններին էլ եմ ճանաչում։ Բայց կարող է դիմեմ դատարան։ Երեւի գործը դրան էլ կհասնի, չգիտեմ դեռ»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել