Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ «ՏՐՅՈՒԿԸ»

Ապրիլ 04,2002 00:00

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ «ՏՐՅՈՒԿԸ» Շավարշ Քոչարյանը, Հ. Խաչատրյանը եւ Հ. Բաբուխանյանը երեկ առաջարկություն արեցին խորհրդարանական արտահերթ նիստ անցկացնելու մասին, սակայն «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն օգտագործեց իր հին «տրյուկը»՝ 20 րոպե ընդմիջում խնդրեց, եւ հարցը, փաստորեն, հետաձգվեց առնվազն 15 օրով։ Ի դեպ, այս ամենում մեղքի բաժին ունի առաջին հերթին Արմեն Խաչատրյանը, որն առաջարկի մասին հայտարարեց միայն ընդմիջումից րոպեներ առաջ։ Հրանտ Խաչատրյանն իրենց նախաձեռնության եւ դրա տապալման մասին ասաց. «Անկախ» հանձնաժողովի որոշման արդյունքում «Ա1+»-ի փակման շուրջ ծավալված բանավեճում ԱԺ մեծ թվով պատգամավորներ, այդ թվում՝ նաեւ «Միասնություն» դաշինքի ղեկավարը, պատրաստակամություն հայտնեցին հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, եթե այդ բոլորը տեղի է ունեցել օրենսդրական անկատարության պատճառով։ Օրենսդրական նախաձեռնության մեկ տարբերակ մենք էինք առաջարկել, որը թույլ կտար ավելի կատարյալ դարձնել «Ռադիոյի եւ հեռուստատեսության մասին» չարաբաստիկ օրենքը»։ Իր քայլը Գալուստ Սահակյանն այսպես մեկնաբանեց. «Ոչ թե տապալեցի, այլ չուզեցի, որ նման խնդիրները քաղաքականացվեն»։ Ըստ Գ. Սահակյանի, քաղաքական ուժերն «Ա1+»-ի խնդիրը դարձնում են քաղաքական շահարկումների առարկա. «Արդեն «Ա1+»-ը հետին պլանում է մնացել, մարդիկ ամբիոն են ուզում խոսելու համար»։ Թեպետ Գ. Սահակյանը կրկնեց նախորդ օրն արտահայտած իր միտքը՝ թե պատրաստ են յուրաքանչյուր փոփոխություն քննարկել, բայց իր գործընկերների նախաձեռնությունը, չգիտես ինչու, որակեց որպես «միտինգային ձեւ»։ Եթե արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը որակվում է որպես «միտինգային», ապա ո՞րն է օրենսդրականը։ Մեր տպավորությամբ, խմբակցության ղեկավարը մի քիչ էլ նեղացած էր, որ առաջարկն անողները նախօրոք չէին պայմանավորվել իր եւ քաղաքական մյուս ուժերի հետ։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել