Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԴԵՄ ՔՐԳՈՐԾ ԿՀԱՐՈՒՑՎԻ

Ապրիլ 17,2002 00:00

ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԴԵՄ ՔՐԳՈՐԾ ԿՀԱՐՈՒՑՎԻ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացրին, որ «Սպարտակ»- «Արարատ» հանդիպման ժամանակ հերթական անգամ անսանձ արարքով աչքի ընկավ «Արարատ» ակումբի նախագահ եւ գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը։ Ընդմիջմանը նա բոլորի աչքի առջեւ՝ հենց վազքուղյակում, ցինիկ հայհոյանքներ տեղաց հանդիպման գլխավոր մրցավար Կարեն Նալբանդյանի հասցեին։ Ընդ որում, խաղին ներկա էին մեր ֆուտբոլային աշխարհի բոլոր ճանաչված մարդիկ։ Հոր «օրինակին» հետեւեց նաեւ որդին՝ Գեորգի Անդրեասյանը, որը թիմում հայտավորված է որպես մարզիչ։ Կարեն Նալբանդյանն Անդրեասյաններին հայտարարեց, որ նրանք հեռացված են եւ 2-րդ խաղակեսի ժամանակ իրավունք չունեն խաղը դիտել պահեստայինների նստարանից։ Սակայն ընդմիջումից հետո Անդրեասյանը չենթարկվեց մրցավարի որոշմանը, բռունցքներով նետվեց Կարեն Նալբանդյանի վրա եւ հարվածներ տեղաց։ Միայն ոստիկանների միջամտությամբ նա ստիպված եղավ գնալ տրիբունա։ Առաջին դեպքը չէ, որ Արկադի Անդրեասյանն աչքի է ընկնում նման վարքագծով։ Սակայն այս անգամ նրա զայրույթը լրիվ անսպասելի էր, քանի որ, բոլորի կարծիքով, մեր լավագույն մրցավարներից մեկը՝ Կարեն Նալբանդյանը, խաղը վարում էր առանց լուրջ վրիպումների։ Ճիշտ են նրանք, ովքեր գտնելով, որ Արկադի Անդրեասյանը մեծ ստրատեգ լինելով եւ զգալով, որ «Սպարտակն» անհամեմատ ուժեղ է «Արարատից», ու իր թիմի պարտությունն անխուսափելի է, մտածված արհեստական լարվածություն ստեղծեց, որը փոխանցվեց ինչպես մրցավարներին, այնպես էլ ֆուտբոլիստներին։ Արժանին պետք է մատուցել «Արարատի» ֆուտբոլիստներին, որոնք, չենթարկվելով իրենց գլխավոր մարզչի սադրանքներին, անձնուրաց խաղ ցուցադրեցին եւ կարողացան լուրջ դիմադրություն ցույց տալ ուժեղ մրցակցին։ Իսկ «Սպարտակն» էլ, իր հերթին, լարված իրավիճակում չկարողացավ ստեղծագործաբար խաղալ։ ՖԻՖԱ-ի գլխավոր մրցավար Կարեն Նալբանդյանը, մեծ զսպվածություն դրսեւորելով, չփորձեց պատասխանել Արկադի Անդրեասյանին՝ լավ զգալով, որ իրավիճակը պայթյունավտանգ է եւ գործին կարող են խառնվել ոչ միայն ֆուտբոլիստները, այլեւ ֆուտբոլասերները։ Հանրապետության մրցավարներն իրենց զայրույթն արտահայտեցին կատարվածի վերաբերյալ։ Մրցավարական կոմիտեն որոշում կայացրեց դիմել ՀՖՖ գործկոմ. մրցումների ընթացքում ծառայողական պարտականություններ կատարելու իրավունքից զրկել Արկադի Անդրեասյանին ու Գեորգի Անդրեասյանին եւ ստեղծված միջադեպի կապակցությամբ գործը հանձնել ՆԳ բաժին։ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն, իր հերթին, մանրակրկիտ քննարկելով տեղի ունեցածը, որոշեց. 1. Առաջարկել ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմին՝ Արկադի Անդրեասյանին ոչ ցանկալի (persona non grata) անձ ճանաչել ֆուտբոլում։ 2. Գեորգի Անդրեասյանին որակազրկել 10 խաղով եւ տուգանել 250000 դրամ։ Հաշվի առնելով գլխավոր մրցավար Կարեն Նալբանդյանի, խաղի տեսուչ Գրիգոր Դանիելյանի զեկուցագրերը եւ Մրցավարական կոմիտեի որոշումը՝ Արկադի Անդրեասյանի խուլիգանական արարքի վերաբերյալ գործը կուղարկվի դատաքննչական մարմիններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել