Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒԿԱ Է

Մայիս 21,2002 00:00

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒԿԱ Է Քանզի հանրապետության նախագահը հրավիրված չէր ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Ցուցահանդեսների ու տոնավաճառների կազմակերպիչների միության կազմակերպած «Ուսուցումը Հայաստանում» առաջին միջազգային ցուցահանդեսին, իսկ վարչապետը 15 րոպե ուշացումից հետո տեղեկացրել էր, որ «ընթացքում կգա», ստիպված ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը կարմիր ժապավենը կտրեց։ Ապա, շնորհավորելով մասնակիցներին, կարեւորեց միջոցառումը՝ ընդգծելով, որ Հայաստանում հանրակրթությունը «թեւակոխել է շատ կարեւոր փուլ՝ ինտեգրվել համաշխարհային կրթական համակարգին»։ Ցուցահանդեսին մասնակցում են մոտ 30 կրթական հաստատություններ՝ հայաստանյան պետական եւ մասնավոր բուհերը, նաեւ արտերկրի բուհերի հայաստանյան մասնաճյուղերն ու ներկայացուցիչները։ Ի դեպ, հենց վերջիններիս մասնակցության առիթով է ցուցահանդեսը «միջազգային» որակված։ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքով, նմանօրինակ միջոցառումները բացահայտում են կոնկրետ հաստատությունների դեմքը, նրանց առաջարկը։ Սակայն ԵՊՀ ռեկտորը կարծում է, որ մասնակից հաստատությունները իրենց իրական հնարավորություններից «շատ ավելի համեստ են ներկայացված»։ Նա գտնում է, որ «սա, ի վերջո, եւս շուկա է, ուստի ցուցահանդեսին պետք է մասնակցեին մասնագետների կարիք ունեցող հաստատությունները»։ Միաժամանակ ինքն էլ իր փաստարկը բացատրում է նրանով, որ «պահանջարկն՝ առաջարկի համեմատ, քիչ է»։ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանի կարծիքով, այսօրինակ ցուցահանդեսները ներկայացուցչական բնույթ ունենալով՝ ոչ միայն կրթական հաստատություններին են «իրար ծանոթանալու հնարավորություն տալիս, այլեւ ապագա դիմորդների հետ հարաբերվելու հնարավորություն են ընձեռում»։ Իսկ «Մոնթե Մելքոնյան» մասնավոր համալսարանի պրոռեկտոր Նելլի Գասպարյանի կարծիքով. «Ցուցահանդեսն, անշուշտ, կնպաստի զարգացմանը. իրական արդյունքներն ավելի ուշ կերեւան։ Սակայն դրան զուգահեռ, ոչ պետական հաստատությունների լիցենզավորման եւ գործունեության հետ կապված խնդիրները շարունակում են խոչընդոտ հանդիսանալ»։ Ի դեպ, ցուցահանդեսի վերջին օրը նախատեսվում է մրցանակաբաշխություն։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել