Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարկածը» փլուզվում է

Մայիս 30,2002 00:00

«Վարկածը» փլուզվում է «Առավոտ» թերթի 18.05.2002 թ. համարում տպագրված «Լրագրողական վարկած. ինչ Է իրականում թաքնված «Արդշինբանկի» եւ «Ադանա» բանկի միաձուլման ետեւում» հոդվածում հրապարակված տեղեկությունները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, եթե չասենք, որ դրանք ուղղակի հերյուրանք են։ Հիշյալ հոդվածի հեղինակ ոմն Վարազդատ Ավետիսյանին եւ Ձեր թերթի ընթերցողներին հայտնում ենք, որ Ա. Վարդանովին «Արդշինբանկի» ղեկավարումից 1993թ. ազատել Է հենց Տ. Սարգսյանը, որը այդ ժամանակ Դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի անդամ Էր, եւ այս հանգամանքը, մեղմ ասած, չի տեղավորվում «մտերիմ ընկերական հարաբերություններ» ձեւակերպման մեջ։ Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ Ա. Վարդանովը Տիգրան Սարգսյանի՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ նշանակվելուց հետո է հայտնվել հայաստանյան բանկային բիզնեսում, ապա տեղեկացնում ենք, որ «Ադանա» բանկը գրանցվել է 02.10.1991թ., իսկ Տիգրան Սարգսյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ է նշանակվել 1998թ. մարտ ամսին։ Նույն հաջողությամբ Տիգրան Սարգսյանի անձի հետ կարելի է կապել նաեւ մնացած բոլոր բանկերը, քանի որ վերջինս ճանաչում է դրանց բոլոր ղեկավարներին։ Միացման գործարքին մասնակցող բանկերի իրական արժեքի հոդվածագրի գնահատականների վերաբերյալ կարող ենք ասել, որ նա ընդհանրապես չի տիրապետում այդ բնագավառի տարրական գիտելիքներին, որի արդյունքում հանրությանը ինչ-ինչ նպատակներով մատուցվում են իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Մասնավորապես, բանկի միացման դեպքում դրանցից յուրաքանչյուրի արժեքը որոշվում է ոչ թե ակտիվների, այլ ընդհանուր կապիտալի մեծությամբ։ Այդ տեսանկյունից միացման գործարքի կնքմանը նախորդող ժամանակահատվածում «Ադանա» բանկի կապիտալը ավելի մեծ արժեք ուներ, քան «Աբդշինբանկինը»։ Ինչ վերաբերում է, որ միացման գործարքի արդյունքում տեղի ունեցավ «Արդշինբանկի» որոշ բաժնետերերի բաժնեմասերի նվազեցում, ապա նշենք, որ ցանկացած տիպի իրավաբանական անձանց միացման եղանակով վերակազմակերպման արդյունքում առանձին բաժնետերերի բաժնեմասերի նվազումը ուղղակի օրինաչափություն է, օրենսդրությունը նախատեսում է նման հնարավորություն եւ մանրամասն կարգավորում է այդ ընթացքում առաջացող հարաբերությունները եւ բաժնետերերի իրական շահերը պաշտպանելու հնարավորությունները։ Իսկ միացման գործարքի կնքման եւ կատարման կարճ տեւողությունը հասկանալու համար հոդվածագրին խորհուրդ ենք տալիս մանրամասն ուսումնասիրել «Բանկերի սնանկության մասին» ՀՀ օրենքը, ըստ որի բանկի կառավարման բոլոր մարմինների (բաժնետերերի ընդհանուր ժողով, խորհուրդ եւ այլն) իրավասությունները իրականացնում է բանկի ժամանակավոր ադմինիստրացիան: Կատարյալ ապատեղեկատվություն է նաեւ այն պնդումը, որ միաձուլման պահին ծրագիր չի եղել։ Այդ ծրագրերը առկա են եղել 27.02.2002թ. դրությամբ, երբ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը իր համապատասխան որոշումներով հավանություն է տվել միացման գործարքի էական պայմաններին եւ հաստատել է բանկերի ֆինանսական առողջացման ծրագրերը։ Այս ամենը ուղղակի փլուզում է հոդվածագրի անհաջող մտավարժանքների արդյունքում կառուցված «վարկածը»։ ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն Ի կատար ածելով «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» օրենքի պահանջը, չենք կարող մեր ընթերցողի ուշադրությունը չհրավիրել հետեւյալի վրա, մեջբերում անելով վերոնշված հոդվածից. «2002թ. հունվարի 1-ի դրությամբ «Արդշինբանկի» ընդհանուր ակտիվների մեծությունը կազմում էր 23,2 մլրդ դրամ, իսկ «Ադանա» բանկի ընդհանուր ակտիվների մեծությունը կազմում էր 2,4 մլրդ դրամ: Սա նշանակում է, որ բոլոր այլ հավասար պայմանների դեպքում «Արդշինբանկը» առնվազն 10 անգամ ավելի շատ արժեք ունի, քան «Ադանա» բանկը»: Առավել եւս, որ միաձուլման պահին պայմանները արդեն իսկ հավասար չէին՝ ըստ ԿԲ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի այդ օրերին մամուլում հնչեցրած կարծիքի, «Ադանա» բանկը արդեն իսկ սնանկ էր, իսկ «Արդշինբանկը» նորմալ վիճակում էր: Յուրաքանչյուր մտածող մարդ կարող է հստակ եզրակացություն անել, թե ով է տառապում տարրական գիտելիքների իսպառ բացակայությամբ: Մեր խոսքն էլ կավարտենք եւս մի մեջբերումով Վարազդատ Ավետիսյանի հոդվածից. «Չունենալով լիարժեք տեղեկատվություն, կարելի է ընդամենը առկա փաստերի հիման վրա ենթադրություններ անել, հիշելով, որ ենթադրությունը ընդամենը վարկած է, որը այլ վարկածների հետ միասին տեղ ունի այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտված չէ ճշմարտութունը», առաջարկելով ԿԲ մամուլի ծառայության աշխատակիցներին բացատրական բառարանում ծանոթանալ «վարկած» բառի իմաստին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել