Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռանալ ՀՀ-ից՝ մեկ տարուց էլ շուտ

Հունիս 08,2002 00:00

Հեռանալ ՀՀ-ից՝ մեկ տարուց էլ շուտ Հասարակությունից մեկուսացած լինելու տրամադրություն ունի ցանկացած փախստական, բայց միայն՝ Հայաստանում: Նրանցից յուրաքանչյուրն այստեղ իրեն լիարժեք հայ չի զգում, եւ դրա պատճառը հաստատ տեղացիները չեն եւ գուցե ոչ էլ փախստականը, մեղավորը նրանց նախկին միջավայրն է, որտեղ նրանք մեծացել են ու այն ոգին, որով դաստիարակվել են: Փախստականների հերթական դժգոհությունն արտահայտվեց երեկ «Փախստականների միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հրավիրած կլոր սեղանի շուրջ: Խնդիրն այն է, որ 1994թ. առ այսօր ՄԱԿ-ի Փախստականների Գերագույն հանձնակատարի եւ այլ դոնոր կազմակերպությունների միջոցով եւ ՀՀ պետբյուջեի հաշվին փախստականների համար կառուցված շուրջ 3500 բնակարաններն ու քոթեջային տները տարիներ շարունակ եռակողմ պայմանագրերի հիման վրա հատկացվել են փախստականների ընտանիքներին 5 տարի ժամկետով՝ առանց բնակֆոնդի նկատմամբ իրավունքների պետական գրանցման: Պայմանագրում ամրագրված այն փաստը, որ 5 տարի հետո գործող օրենսդրության համաձայն բնակարանների սեփականության իրավունքն անցնում է փախստականին, օրենսդրական դաշտի փոփոխման արդյունքում զրկվել է իրավական հիմքերից, իսկ փախստականն էլ՝ այն սեփականացնելու իրավունքից: Պատճառը ՀՀ պետական միասնական կադաստրի համակարգի կողմից բնակֆոնդի նկատմամբ իրավունքների գրանցում չստանալն է, ինչի արդյունքում բնակֆոնդը դուրս է մնացել եւ պետական մարմինների, եւ տեղական ինքնակառավարման մարմինների հաշվեկշռից ու դարձել «տիրազուրկ» գույք: Շեշտելով, որ այսօր 120 հազար տեղացի բնակարանի կարիք ունի, կլոր սեղանի մասնակից, ԱԺ պատգամավոր, ԱԺ առողջապահության, սոցիալական հարցերի եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը նախ կարեւորեց փախստականին բնակարանով ապահովելու հանգամանքը: Իսկ փախստականների՝ այդքան շուտափույթ սեփականատեր դառնալու ցանկությունը, մանավանդ երբ ներկա փախստականները հարցը անմիջապես կապեցին գոյություն չունեցող աշխատատեղերի հետ, հաստատում է Հայաստանը թողնելու նրանց ցանկությունը, մանավանդ, երբ եւ՛ 5 տարի ժամկետը մեղմվել է ու հասցվել 1 տարվա, եւ՛ փախստականներն իրենց հատկացված հողաբաժինն արդեն սեփականաշնորհել են: Այսուամենայնիվ, «Փախստականների միությունը» հարցը խիստ հրատապ է համարում եւ առաջարկում ՀՀ կառավարությանն առընթեր ձեւավորել հեղինակավոր հանձնախումբ, որում կներգրավվեն այդ հարցում շահագրգիռ պետական բոլոր մարմինների, ինչպես նաեւ փախստականների շահերը ներկայացնող ՀԿ-ների ներկայացուցիչներ, եւ վերջապես բնակֆոնդը տիրազուրկ կարգավիճակից հանել, դարձնել կամ գերատեսչական, կամ պետական, որից հետո միայն հնարավոր կլինի օրենսդրական կարգավորմամբ լուծել սեփականության հարցը։ Իսկ վերջինս էլ պետք է անպայմանորեն լինի անհատույց, քանի որ բնակֆոնդը կառուցվել է նպատակային եւ հատկացվել անվճար: Քննարկումներն ի վերջո համոզեցին, որ եթե փախստականների շահերը պաշտպանող կազմակերպությունների խնդիրը տեղացիների եւ փախստականների իրավունքները հավասարեցնելն է ու վերջիններիս շրջանում հասարակական-քաղաքական լարվածությունը մեղմացնելը, ապա անհատ փախստականի խնդիրն այսօր Հայաստանից անհապաղ հեռանալն է, շուտափույթ, 1 տարուց էլ շուտ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել