Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՒՐԸ ԼՎԱՆՈՒՄ Է «ԵՎՐՈՐԵՄՈՆՏԻ» ՀԵՏՔԵՐԸ

Հունիս 20,2002 00:00

ՋՈՒՐԸ ԼՎԱՆՈՒՄ Է «ԵՎՐՈՐԵՄՈՆՏԻ» ՀԵՏՔԵՐԸ ԱԱ մարմինները շուրջ մեկ ամիս է՝ ուսումնասիրում են Լոռու մարզպետարանի ենթակայության «Ալավերդու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի ֆինանսական վիճակը, որտեղ կատարվող մեծ հափշտակությունների մասին Ալավերդում վաղուց են խոսում։ Իսկ այդ ստուգումների նկատմամբ մարդիկ թերահավատ են, քանզի տարածաշրջանում բացահայտվող շատ հափշտակություններ դատարանում պարտակվում են, հափշտակողներն էլ իրենց տեղերում աշխատում եւ նոր ոգեւորությամբ են թալանում։ Ակնհայտ է, որ այստեղ իրավապահներին արգելված է մոտենալ «օձի գլխին», որի արդյունքում նա կանխում է հափշտակությունների բացահայտումները՝ իր շուրջը հզորության եւ անպարտելիության պատրանք ստեղծելով։ Իսկ ինչպես ԱԱ աշխատակիցների, այնպես էլ մյուսների բացահայտումների նոր փորձերը դրա արդյունքում արժանանում են հասարակության հեգնանքին։ Ալավերդում, ինչպես այլուր, բժիշկների եւ մյուս բուժաշխատողների աշխատավարձի խնդիրները չեն լուծվում, պատճառներն էլ չեն քննարկվում, մինչդեռ առողջապահական հիմնարկները այստեղ փակման շեմին են։ Ստեղծված իրավիճակում բարեփոխումների ռազմավարություն մշակելու եւ դրանք իրականացնելու համար գործիմաց, պետական ծառայողի հեղինակությունը արժեւորող կադրերի փոխարեն, Լոռու մարզպետարանը նախընտրում է նշանակել եւ հովանավորել թալանելու հմտություններ ունեցող մարդկանց, որի արդյունքում հիմնարկների «գրդոնչի» ղեկավարները աշխատողներին պարտադրում են տարիներով աշխատավարձ չստանալու դեպքում չընդվզելու, բոլոր տեսակի ընտրություններին վերեւների հրահանգով ձայնը տալու, իսկ աշխատավայրում կատարվող թալանի ու անօրինականությունների մասին չբարձրաձայնելու նվաստացուցիչ պայմանները։ Եվ քանի որ նրանք հիմնականում որոշում են նաեւ աշխատավարձի չափը, իրավունքներից զրկված եւ անպաշտպան աշխատողները ենթարկվում են ճորտացման, չհասկանալով, որ այդ կերպ այլասերում են իշխանությանը։ Այս մոտեցումներով է ղեկավարվել նաեւ Ալավերդու պոլիկլինիկան, որի տնօրինուհի Սվետլանա Քառյանը ոչ պատահականորեն իր պաշտոնի շրջանակներից առավել արտոնյալ կարգավիճակում է հայտնվել։ Նա նշանակվել է նաեւ քաղաքի Հունական հիվանդանոցի տնօրեն, նաեւ պոլիկլինիկայի նեւրոպաթոլոգ, հոգեբույժ, նարկոլոգ, «փսիխո» հանձնաժողովի նախագահ։ Լոռու մարզպետի կողմից էլ նշանակվել է զինվորական հանձնաժողովի նախագահ։ Եվ բոլորը՝ աշխատավարձով։ «Անփոխարինելի» Սվետլանա Եղիշովնան իր ղեկավարած պոլիկլինիկայի 20 ամիս աշխատավարձ չստացած 80 աշխատողներից յուրացրել է 580 հազար դրամ աշխատավարձի գումար։ Գնորդ ձեւակերպված քարտուղարուհի Լ. Վարդանյանի միջոցով Ս. Քառյանը յուրացրել է նաեւ հիվանդներից մինչեւ 2002թ. գանձված 2 մլն դրամ վճարները. 1,5 մլն դրամը՝ տնտեսական ծախսեր կեղծ ձեւակերպմամբ, կես միլիոն դրամն էլ առանց ձեւակերպումների։ Նրա մասնակցությամբ 1999թ. սկսած եւ դեռեւս չավարտված պոլիկլինիկայի շենքի վերանորոգման համար պետբյուջեից հատկացված 102 մլն դրամից 50 մլն դրամ է հափշտակվել՝ 26 մլն դրամը շենքի տանիքի վերանորոգում եւ 24 մլն դրամը նկուղային հարկի «եվրորեմոնտ» ձեւակերպմամբ։ Իրողությունը, սակայն, 4-րդ հարկում տեղավորված մանկական պոլիկլինիկային 2000թ. պետբյուջեից վերանորոգման նպատակներով տրված 400 հազար դրամ գումարներից՝ նրա վերանորոգված ծածկի հատվածն է ու իբր թե ջրհեղեղից «եվրորեմոնտի» հետքերը կորցրած նկուղային հարկը։ Ալավերդում մարդկային կորստի առաջին ցավը շատ ընտանիքներում թաղման ծախսեր չունենալու անճարությունից է սկսվում։ Իսկ տնօրինուհին պետպատվերով անվճար մահվան տեղեկանքները վաճառում է 1000-3000 դրամով։ Ի դեպ, 3 հազար դրամ է պահանջում նաեւ Հայրենական պատերազմի հաշմանդամ հանգուցյալների հարազատներից, քանի որ նրանց կենսաթոշակը բարձր է։ «Փսիխո» տեղեկանքների համար սահմանված 2900 դրամ վճարների փոխարեն Ս. Քառյանը քաղաքացիներից պահանջում է 10-12 հազար դրամ եւ քանի որ 2900 դրամները չի մուտքագրել գանձարան, գրպանել է, իսկ տեղեկանքների մեծ մասն էլ տվել է առանց հանձնաժողովի, վերացրել է «փսիխո» հանձնաժողովի նյութերը։ Առանց վերջինիս գիտության «փսիխո» տեղեկանքներ է տվել 14 անձի, որոնք գտնվում են հանրապետությունից դուրս կամ ծառայում են բանակում, հարազատների ներկայացրած լուսանկարով եւ 50 դոլարով։ Խորհելու տեղիք է տալիս նաեւ Ս. Քառյանի ղեկավարած զինվորական հանձնաժողովի վիճակը։ Այս տարվա գարնանը հանրապետական զինվորական հավաքակայանից հետ են ուղարկվել 29 զինակոչիկի փաստաթղթեր՝ ոչ որակյալ բժշկական քննության պատճառով։ Ո՞վ գիտե, նրանց փոխարեն երկրի պաշտպանունակ քանի զինվոր է ազատվել եւ ինչ գումարներով։ Ալավերդում սոցիալական անապահով 18 խմբերին հասանելիք անվճար դեղորայքը երբեւէ չի հասնում հասցեատերերին։ Փոխարենը, տպավորություն ստեղծելու համար, նա «բռերով» մարդկանց ժամկետանց ասպիրին եւ այլ հաբեր է բաժանում։ Տնօրինուհի Ս. Քառյանը նաեւ անարգել օգտագործել եւ նույնիսկ հարեւաններին վաճառել է պոլիկլինիկայի էլեկտրաէներգիան, հիմնարկի հեռախոսավճարների 90%-ը խոսել է Ամերիկա եւ 10%-ը՝ Ռուսաստանի Չեյլաբինսկ քաղաք, դրանցից օրերս վերականգնել է 35 հազար դրամը։ Նա ոչ անշահախնդիր փակել է Ալավերդի քաղաքի եւ Թումանյանի տարածաշրջանի միակ՝ 30 համայնքների բնակչությանը սպասարկող քիթ-կոկորդի կաբինետը, երբ պետպատվերով եղել են համապատասխան հաստիքներ. բժշկին՝ 10 հազար, իսկ բուժքրոջը՝ 5 հազար դրամ աշխատավարձով։ Ասում են՝ դրանք էլ աշխատավարձի ցուցակներով մտել են տնօրինուհու գրպանը, իսկ այս պրոֆիլով հիվանդները այստեղ վճարովի բուժում են ստանում միակ մասնագետ բժշկի կամ բուժքրոջ տներում։ Զավեշտական է այն, որ այսքանով հանդերձ, Ս. Քառյանի կողմից տարիներ շարունակ առանձին բուժքույրերի համար սահմանվել է ամսական 150 դրամ աշխատավարձ, իսկ բժիշկների համար՝ 370 դրամ, որոնք էլ 20 ամիս չի վճարել։ Մեկնաբանությունները այս ամենից հետո ավելորդ են, իսկ բարեփոխումների կամ աշխատավարձերի հույսեր փայփայելը՝ անիմաստ։ Միայն ասենք, որ այս ամենին ականատես ալավերդցիները միանշանակ գտնում են, որ Ս. Քառյանի ու նրա նմանների դեմ խաղ չկա, քանի Լոռու մարզպետ է Հ. Քոչինյանը. վերջինիս հետ էլ խաղ չկա, քանի նախագահ է Ռ. Քոչարյանը։ Իսկ ստրկամտության կամ հանդուրժողականության համար դեռ մեղավորներ չեն որոնվում։ Լ. ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ ՀԺԿ Թումանյանի տարածքային կազմակերպության խորհրդի քարտուղար, ՀԺԿ քաղխորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել