Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ, հետո կգրենք»

Հուլիս 09,2002 00:00

«Լավ, հետո կգրենք» Տեղական իշխանության սնվելու աղբյուրը Բոլորը, բոլորս եւ ազգովի դժգոհ ենք ոռոգման ու խմելու ջրի վարձաչափերից։ Գյուղացին մեջքը չի կարողանում շտկել. մեկ հեկտարի համար գանձվող 80.000 դրամ ոռոգման վարձը անեկամտաբեր է դարձնում Արարատյան դաշտի անապատում՝ դիցուք, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում ցանկացած գյուղմթերքի արտադրություն։ Ընդունելով, որ «հող հերկելը» Աստծո առաջին անեծքն է, գյուղացին չի համակերպվում արեւի, անձրեւ ու քարի հետ կռիվ տալուց հետո անեկամուտ գոյության հետ։ Ակնալիճ գյուղում տարեսկզբից արդեն տնտեսություններին ուղարկված են 80.000 եւ ավելի «արժողությամբ չեկերը», եւ մարդիկ, ցանքսը սկսելուց առաջ, արդեն մտահոգ են. «Կկարողանա՞ն վարձերը փակել»։ Ո՞վ է մեղավոր։ Որքան է հաշվարկվում հողագործին շնչահեղձ անող պնդօղակը, ովքեր են հաշվարկողները։ Պատասխանը մեկն է՝ ՋՕՄ-ը՝ Ջուր օգտագործողների միությունը։ Ամեն համայնք ունի իր ՋՕՄ-ը, մեծ համայնքները՝ մինչեւ իսկ 2 ՋՕՄ։ Գյուղնախարարության նորմատիվներով, 1 հեկտարի ջրի վարձը, ամենակոպիտ հաշվարկներով, 30.000 դրամ է։ Միջնորդ այս օղակը՝ ՋՕՄ-ը, թանկացնում է ոռոգման ջուրը եւ նրանց հաշվարկներից ոչ միայն գյուղացին, համակարգիչն անգամ գլուխ չի հանի։ Պատճառաբանելով «կորչող» ջուրը (ո՞վ է հաշվողը, համարում են, որ ստացված ջրի 40%-ը կորչում է եւ վերջ) եւ ՋՕՄ-ի ծախսերը (աշխատավարձեր ու ներտնտեսային ցանցի մաքրում), ՋՕՄ-ի պետը «սահմանում» է 60-80.000 դրամ մեկ հեկտարի համար ոռոգման վարձ։ Ով գյուղացի է՝ գիտե. ներտնտեսային ցանցերը աղետալի վիճակում են. ո՞ւր են գնում այդ փողերը։ Եվ հետո, մեկ համայնքում 10-ից ավելի ՋՕՄ-ի աշխատող պահելը ո՞ւմ է ձեռնտու։ Խնդիր է նաեւ հավաքած փողը «տեղ հասցնելը»։ Ոլորտը կանոնակարգելու նպատակով կիրառվող՝ ոռոգման ջրի գրքույկներն էլ դրությունը չշտկեցին։ «Լավ, հետո կգրենք»,- ասում են ջրի մարդիկ, հետո էլ հիշում կամ չեն հիշում ֆիքսել (պատահել է անձամբ ինձ հետ)։ Իսկ եթե «մոռանո՞ւմ» են նշել, ո՞ւր է գնում այդ փողը։ Հակոբ Պարոնյանն ասում է. «Ատանկ բաները կտեսնվի՞ն»։ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել