Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՋԱՐՅԱՆԻ ԱՍԱԾԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔ ՉԻ՞

Հուլիս 16,2002 00:00

ՆԱՋԱՐՅԱՆԻ ԱՍԱԾԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔ ՉԻ՞ 2046-ին կհասնենք «Եվրոպա եւ Ամերիկա» Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած սեմինարը այն եզակիներից էր, որտեղ Հայաստանում տնտեսության ազատականացումը ռեալ գնահատելու կոչ, համենայնդեպս՝ վերնագրով արվում էր՝ «Տնտեսական վերափոխումների փորձը եւ հեռանկարները»։ Վերափոխո՞ւմ, թե՞ բարեփոխում հարցադրումն արվեց ի սկզբանե։ «Հայաստանի տնտեսության վերափոխումների նպատակները» թեմայով զեկույցում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնտեսագետ Գոհար Մինասյանը Հայաստանի տնտեսության անցումային շրջանից ներկայացրեց այն, ինչ հիմնականում հայտնի է. անցումային ցանկացած շրջանի բնորոշ երեւույթներին Հայաստանի դեպքում գումարվել են նաեւ պատերազմը, երկրաշարժի հետեւանքները եւ այլն։ Զեկուցման մեջ մի արտահայտություն հուշեց, որ այն կարող է թարգմանված լինել այլ իրականությունից՝ համեմված հայաստանյան երեւույթներով։ Համենայնդեպս, մինչ այդ Հայաստանի համար չէր կիրառվել «կենտրոնական կառավարություն» արտահայտությունը։ Գ. Մինասյանը, Հայաստանում տնտեսական աճի առկայություն նշելով, թվարկեց նաեւ այդ աճի արդյունքների հավասարաչափ եւ արդարացի բաշխման, հետեւաբար եւ բնակչության բարեկեցության ավելացման խոչընդոտները՝ կոռուպցիա, անարդյունավետ կառավարում եւ ինստիտուտների շեղում միջազգային չափանիշներից։ «Եթե բարեկեցությունը չի ավելանում, ինչի՞ է պետք այդ տնտեսական աճը»,- տեղից նետեց տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը։ Վերջինս հետո թվեր էլ ներկայացրեց՝ ապացուցելու, որ այդ, այսպես կոչված, աճը ուղղակի չկա, ավելի շուտ հակառակն է։ Գ. Մինասյանի բերած բազմաթիվ թվերից եւ փաստերից, որոնց մեծ մասը բարձրախոսի բացակայության եւ ոչ ամենեւին, ինչպես ինքն էր կարծում, զեկուցողի «ձայնային տվյալների պակասի պատճառով» լսելի չէր, հատկապես ուշագրավ էր համեմատությունը Բալթյան երկրների հետ։ Այնտեղ տնտեսության անկումը ուղեկցվել է գործազրկության աճով եւ հակառակը՝ տնտեսական աճին համապատասխան նվազել է գործազրկությունը։ Մեզ մոտ գործազրկությունը ինչպես կար անկման ժամանակ, այնպես էլ «աճի» ժամանակ՝ (շնորհակալություն, որ գոնե «բում» բառը չի օգտագործում) բարձր է ու բարձր։ Բայց, ախր, մեզ մոտ «տնտեսական աճ» արձանագրվեց ճիշտ այն պահին, երբ հանրապետության նախագահը մկրատը ձեռքին բացեց 44 հազար ութ (44.008) աշխատատեղ։ «Դրանց վերաբերյալ վիճակագրական տվյալներ չկան»,- ասաց ԱՄՀ Հայաստանյան ներկայացուցչության տնտեսագետը։ Ճշտեցինք, որ խոսքը ԱՄՀ-ի կազմած վիճակագրական տվյալների մասին չէ, որովհետեւ նրանք չեն անում այդպիսի բաներ, այլ՝ պաշտոնական վիճակագրության։ Իսկ այդ աշխատատեղերի գոյություն ունեցող ցուցա՞կը։ «ԱՄՀ-ն թվերը կասկածի տակ չի դնում»,- եղավ պատասխանը։ Իսկ Բալթյան պետությունների վերոնշյալ երեւույթը մեզ մոտ չկրկնվեց, որովհետեւ, ըստ Գ. Մինասյանի, աճը տեղի է ունեցել տնտեսության այն ճյուղերում, որտեղ զբաղվածությունը մեծ չէ։ Այդպես էլ չհասկացանք, մեր նախագահի ասածին այդ ԱՄՀ-ն հավատո՞ւմ է, թե՞ ոչ։ Փոխարենը հստակ ասվեց, որ Հայաստանի տնտեսության անցումային շրջանի համար կիրառելի միակ ճիշտ բառը «բարեփոխումն» է։ Ինչին, կարելի է ասել, համաձայն չէր անգամ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը. «Մենք չենք ունեցել ագրարային բարեփոխումներ, մանավանդ սեփականաշնորհման սկզբում։ Դրանք ավելի շուտ հողային հարաբերությունների փոփոխություններ են եղել, որոնք լավ արդյունք են տալիս ագրարային երկրներում»։ Վերոնշյալ 44 հազար աշխատատեղի հետ կապված՝ «Սեդ Մարսեդ» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Ջրբաշյանն ասաց, որ սխալ է գերակա նպատակ ընտրել զբաղվածության ավելացումը։ «Քանի որ զբաղվածություն ապահովելը եւ շահույթ ստանալը տարբեր բաներ են»։ Ըստ վերջինիս տվյալների, կրթության, առողջապահության վրա ծախսերն ամենաշատը Հայաստանում են անկում ապրել։ Հետեւաբար այս հայտարարվող աճը չի կարող կայուն աճ ապահովել։ Եվրոպայի եւ Ամերիկայի մակարդակին կհասնենք 2046թ.։ Ընդ որում, նկատի ունենանք, որ նրանք տեղում չեն նստելու՝ մեզ սպասեն։ Որպես տնտեսության վերափոխումների արդյունավետ փորձի օրինակ, նշվում է Չինաստանը, որի լրջագույն դերակատարությունը տարածաշրջանում, ըստ պրն Ջրբաշյանի, պետք է ընկալվի։ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գոհար Գյուլումյանը հայտնեց, որ ՀԲ-ի պատրաստած զեկույցը՝ Հայաստանում տնտեսական աճի արդյունքների արդար բաշխման խոչընդոտների մասին, իշխանությունների կողմից լավ չի ընդունվել։ Այսինքն առաջիկայում էլ հույս չունենանք, որ տնտեսական աճը «կհոսի» սոցիալական բարեկեցության «հունով»։ Այսինքն, այդ խոչընդոտների օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բնույթը հայտնաբերելիս եւ թվարկելիս զանազան սեմինարների միշտ պետք է նկատի ունենալ՝ իշխանությունները իրենց ախորժակը չեն չափավորելու։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել