Լրահոս
Օրվա լրահոսը

SEE YOU

Հուլիս 20,2002 00:00

SEE YOU Թարգմանաբար՝ հուսանք, կտեսնվենք: Տրանզիտային չվերթերով Մոսկվա ժամանող հայաստանցիների համար անգլերեն այս արտահայտությունը գրեթե փոխարինում է ողջույնին: Մի քանի ժամվա ընթացքում առիթ է ներկայանում SEE YOU կրկնելու երեւի թե տասնյակ անգամ՝ Շերեմետեւոյում եւ «Նովոթելում»: ACCOR-ը՝ հայաստանցիներին «Նովոթելը» ֆրանսիական ACCOR ընկերությանը պատկանող հյուրանոց է: Այս ընկերությունն աշխարհի 90 երկրներում ունի ընդհանուր թվով 3.500 հյուրանոցներ՝ բարձրակարգերից մինչեւ էժանագիններ: «Սոֆիթել», «Մերկուրի», «Նովոթել» եւ այլն՝ ընկերության հյուրանոցային դասերի անվանումներն են: Շերեմետեւո-2 օդանավակայանից մի քանի րոպե քայլքի հեռավորությամբ կառուցվել է հերթական «Նովոթել»: Այն շքեղ չէ, բայց ժամանակակից է, հարմարավետ ու գրավիչ. 6 ժամ հյուրընկալության արժեքը 99-130 դոլար է /կախված ժամերից/: Գուցե՝ որովհետեւ հյուրանոցը նորակառույց է եւ առայժմ հյուրընկալվողները փոքրաթիվ են, գուցե՝ որովհետեւ «Աերոֆլոտի» հետ պայմանավորվածություն է գործում, նրանց, ում հանդեպ «Աերոֆլոտը» պարտավորություն է կրում գիշերավայրով ապահովելու՝ առաջարկվում է 4-աստղանի «Նովոթելը»: Ընդսմին՝ անվճար եւ ծառայությունների ողջ համալիրով՝ Մոսկվայի կենտրոն մեկնող ու վերադարձող ավտոբուսներ, բավականաչափ տանելի ֆրանսիական խոհանոց, քաղաքային հեռախոսակապ եւ այլն: Արդյունքում՝ հայաստանցիների համար «Աերոֆլոտի» ուղետոմս գնելը /ինքնաբերաբար, տրանզիտային չվերթից ուշանալը/ վերածվում է ոչ այնքան արկածի, որքան ժամանցի: Մանավանդ, եթե վերջնահաշվով մեկնում ես զբոսնելու: Իսկ Հայաստանից արտերկիր մեկնում են գերազանցապես զբոսնելու: Մի ավելորդ անգամ դրանում համոզվելու առիթ ունեցա, երբ Երեւանից ժամանած եւ տրանզիտային չվերթերից ուշացած հայաստանցիների խումբը տեղավորվեց «Նովոթելում». մեկը մեկնում էր Հռոմ, մյուսը՝ Բեռլին, երրորդը՝ Պրահա, չորրորդը՝ Հոլանդիա, հինգերորդը…8230 Մեկ շաբաթ անց, երբ վերադառնում էինք Երեւան, արդեն SEE YOU ողջունելիս անհնար էր չժպտալ. համարյա ամբողջ խումբը վերադառնում էր: Հասկանալիորեն, գործնական պատրվակներով զբոսաշրջությունից՝ դասընթաց, սեմինար, հանդիպում… Դժվար է ասել, թե դեռ որքան Երեւան-Մոսկվա չվերթերը չվացուցակից կուշանան, բայց քանի դեռ վերջաբանը «Նովոթելում» իջեւանելն է եւ բիզնես-կլասով ուղեւորությունը շարունակելը, հայաստանցիները, չնայած դժգոհության աղմուկին, առանձնապես տուժող կողմ չեն: Երբ շփոթում ես Deutchը եւ Gerrman-ը Իհարկե, ես ինձ եվրոպական ժողովուրդների գիտակ չեմ համարել, բայց որքան գիտեի՝ ինչպես Անգլիան Բրիտանիան է, այնպես էլ Deutch-ը գերմաներենն է կամ Deutchland-ը՝ Գերմանիան: Պարզվեց՝ սխալվում եմ: Հոլանդացիները Deutch են կոչում այն լեզուն, որով խոսում են իրենք, իսկ գերմաներենը Gerrman է եւ ուրիշ ոչինչ: Երբ մեր սեմինարին մասնակցող հոլանդացիներից հետաքրքրվում էին, թե Deutch-ով ինչպես է «շնորհակալություն»-ը, Dance-ի նման ինչ-որ բառ ասվեց: «Դե, դա նման է գերմաներեն Dance-ին»,- նկատեցին կողքից: Շվեյցարացի լրագրողը, որը, երեւում է, քաջ գիտեր եվրոպացիների ազգային փոխատելությունները, ծիծաղելով զգուշացրեց. «Հոլանդիայում չի կարելի ասել, թե գերմանական ինչ-ինչի հետ ընդհանրություն կա, այլապես կարող են պատուհանից դուրս նետել»: Ծիծաղեցինք՝ անհնար է, որ Հոլանդիայում որեւէ մեկի դեմ, ինչ պատճառով էլ լինի, բռնություն գործադրվի: Բայց որքան էլ ջանում ես Deutch- Gerrman-ը, եւ ածանցյալ մյուս հասկացությունները չշփոթել, միեւնույն է, սովորության ուժը դժվար է հաղթահարել: Արդյունքում՝ արժանանում ես հոլանդացիների ներողամիտ ժպիտին, որն ավելի շատ բարեհոգի կշտամբանքի է նմանվում: Ինչ վերաբերում է Հոլանդիայում զբոսաշրջության գործնական պատրվակին՝ EJC-ում (Europian Jouralistic Centre) կազմակերպված «Լրագրողական հետաքննություն» սեմինարին, այն որոշակիորեն հետաքրքիր էր՝ շնորհիվ ԱՄՆ-ից հրավիրված դասախոսի: Պրն Ռամիրեզը մի քանի տասնամյակ աշխատել էր լրագրության ասպարեզում, ԱՄՆ-ում Հետաքննող լրագրողների ասոցիացիա էր ղեկավարում, այդուհանդերձ, այն կարծիքին էր, որ «լրագրողական հետաքննություն» ասվածը տաֆտոլոգիա է. ցանկացած լրագրություն հետաքննություն է ինքնին: Ընթացող քննարկումներին փոքր-ինչ էքստրավագանտ երանգ էր հաղորդում Ֆիլիպիններից ժամանած երիտասարդը, որը նույնիսկ ռեպլիկը սկսում էր Ladies & Gentlemen-ով: Իսկ Սլովենիայի Հանրային հեռուստատեսության աշխատակիցը լացացնելու չափ ծանոթ ոճով պատմեց, որ իրենց երկրում չգիտեն՝ ինչ է լրագրողական հետաքննություն, եւ հույս ունի դա Արեւմուտքից սովորել: Ակներեւաբար Արեւմուտքին ուսուցիչ կարգելու հակումը թուլություն է ողջ նախկին սոցճամբարում: Մինչդեռ վաղուց ասված է՝ «Չափազանց քիչ են հասկանում նրանք, ովքեր հասկանում են միայն այն, ինչ հնարավոր է բացատրել»: Ժուռնալիստիկայում, ինչպես կյանքում, բացատրելի իրողությունները քիչ են: Արեւմուտքում դա վաղուց են գիտակցել եւ մյուսներին հնարավորություն են ընձեռում սեփական կենսափորձով այդ համոզմանը գալու: The famous guy Կարլ Մարքս Մաասթրիխտը, ուր գտնվում է EJC-ն, միջնադարյան Եվրոպայի ճարտարապետական շունչը պահպանած քաղաք է: Կան եւ ռոմանական, գոթական շրջանի կառույցներ, բայց տիպականը աղյուսաշեն, եռահարկ, քանդակազարդ շինություններն են, այսպես կոչված՝ «վաֆլե տնակները», ինչպես բելգիական Անտվերպենում կամ Բրյուգեում: Իմիջիայլոց, Մաասթրիխտից Բելգիա կամ Գերմանիա՝ 15 րոպեի ճանապարհ է: Իսկ Մաասթրիխտում տեսարժան վայրերը կարելի է գրեթե ամբողջովին դիտել 3-4-ժամյա զբոսանքի ընթացքում: «Վաֆլե» տնակներից մեկի մոտ էքսկուրսավարը՝ ցույց տալով պատի փոքրիկ դիմաքանդակ, ասաց. «The famous guy Կարլ Մարքս»: Բնականաբար նախկին սոցերկրներում Կարլ Մարքսը դեռ հայտնի անուն է, եւ ռումինների, սլովենացիների ու հայաստանցիների հետաքրքրությանը հագուրդ տալու համար էքսկուրսավարը բացատրեց՝ Մարքսի քույրն ապրել է Մաասթրիխտում, բավականաչափ ունեւոր է եղել, եւ համարյա ամեն անգամ, երբ դրամի կարիք է ծագել, Մարքսը եկել է քրոջից խնդրելու: Իսկ դրամի կարիք հաճախ է եղել: Ինքնաբերաբար, Մարքսն էլ ավելի շատ ժամանակ է անցկացրել Մաասթրիխտում, քան այլուր: Ահա թե ինչու Մաասթրիխտում Մարքսին իրենց համաքաղաքացին են համարում եւ դիմաքանդակն էլ փորագրված է այն տան պատին, ուր ապրում էր Մարքսի քույրը եւ որտեղ այնքան հաճախ իջեւանել է կոմունիզմի կնքահայրը: Ավելի մեծ նորությունը, որին տեղեկացա Մաասթրիխտում, Սուրբ Սերվատուսի /Սուրբ Սերվատուսի տաճարը Մաասթրիխտի գլխավոր սրբավայրն է/ ազգությամբ հայ լինելու հանգամանքն էր: Քրիստոնեության հայազգի այդ քարոզիչը Հոլանդիա է ոտք դրել 384 թ. եւ, ինչպես անգլիալեզու ուղեցույցում էր գրված, սուրբ Սերվատուսի մարմնից մասունքներ ամփոփող սկիհը, որ սուրբի ոսկեձույլ դիմաքանդակն է, տաճարի համար նույնպիսի հպարտություն է եւ հարստություն, ինչպես «Մոնա Լիզան»՝ Լուվրի համար: Սրճարանների, հյուրանոցների ու անշուք բուտիկների, իսկ ընդհանուր առմամբ՝ սիրալիրության, անդորրի ու ժամանցի այդ քաղաքում, միակ արտասովոր երեւույթը, որից դեռ տպավորված եմ, էլեկտրոնային ղեկավարմամբ ապակե դռներն էին՝ հազարամյա եկեղեցում: Գլխապտույտ առաջացնելու չափ արտասովոր էր: Եվ վերջին հաճելի նոտան Մաասթրիխտում՝ հրաժեշտների ժամանակ դարձյալ ասվում էր SEE YOU, բայց այս անգամ արդեն ոչ ակամա: Այլ հուսալով եւ նույնիսկ հավատալով նոր հանդիպման: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել