Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆԻԿՈՒՄԸ» ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ

Օգոստոս 16,2002 00:00

«ԱՐՄԵՆԻԿՈՒՄԸ» ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ «Արմենիկումի» շնորհիվ փրկված նոր անձանց հետ կապված նորություն չեմ կարող հայտնել»,- երեկ ողջ հայ ժողովրդին տխրեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը, որն իր արձակուրդն ընդհատել, ներկայացել էր կառավարության հերթական նիստին ու բրիֆինգին։ Պարոն Մկրտչյանը չնկատեց, որ իր այս հայտարարությամբ նա միաժամանակ հիասթափեցրեց միջազգային հանրության անբաժանելի մասը կազմող միլիոնավոր հիվանդներին ու նրանց հարազատներին։ Բայց նա մեղավոր չէ, որ հայտնի սուպերնախարարը աչքալուսանք տալիս շտապել է։ Չնայած «Արմենիկում» կենտրոնի բուռն գործունեությանը, Արարատ Մկրտչյանի մեկնաբանությամբ, այն ոչ պետական կառույց է եւ դրա օպտիմալացման կամ փակման որոշումը պետք է սեփականատերը կայացնի, ուստի «Արմենիկումի» հետագա բախտը չի քննարկվել կառավարության կառուցվածքային բարեփոխումների ենթատեքստում։ Ըստ Ա. Մկրտչյանի, վերջերս ՀՀ ԱԳՆ-ի եւ Հնդկաստանի ներկայացուցիչների միջեւ քննարկումների ժամանակ վերջիններս հետաքրքրություն են ցուցաբերել, սակայն դեռեւս գործնական քայլեր չեն արվել։ Հիշեցնենք, որ «Արմենիկում» կենտրոնն ընդգրկված է պետեկամուտների նախարարության կողմից հրապարակված վնասով աշխատող ձեռնարկությունների շարքում։ Իսկ «օպտիմալացվողների» ընդվզումը առողջապահության նախարարն անընդունելի է համարում։ Խոսքը Գյումրիի թիվ 1 եւ 2 հիվանդանոցների միավորմանն է վերաբերում, որոնց աշխատակիցների մի մասը (առաջին հիվանդանոցից) մայրաքաղաքում ասուլիս էր հրավիրել՝ հիմնավորելով միավորման անընդունելիությունը (տես 14.08.2002թ. «Առավոտը»)։ Նախարարը ճիշտ հակառակ տեսակետի է։ «Օպտիմալացման ծրագիրը կաբինետներում գրված մի բան չէ։ Տեղերում ուսումնասիրվել է, 6 ամիս այս ծրագիրը նախապատրաստական փուլ է անցել։ Նրանք (նկատի ունի բողոքողներին) իրենց պաշտոնն են կորցրել, դրա համար էլ հրահրում են բուժաշխատողներին։ Այնինչ, տեղաբաշխման հրամանները տրված են եւ մարդիկ աստիճանաբար անցնում են աշխատանքի»։ Նախարարի պարզաբանմամբ, «եթե չաշխատող, չծանրաբեռնված շարունակեն գործել, ապա անդառնալի հետեւանքներ կթողնեն հանրության վրա»։ Ըստ պրն Մկրտչյանի, դա թանկ կնստի առաջինը հանրության ու հարկատուների վրա։ Բայց ուշադրություն դարձնենք, որ, դժգոհների տվյալներով, հենց իրե՛նց հիվանդանոցն է ծանրաբեռնվածը, ուստի մյուս հիվանդանոցը պետք է իրենց միացվի, ոչ թե հակառակը, չհաշված (ուղղություններից ելնելով) անթույլատրելիությունը։ Արարատ Մկրտչյանը, թե՝ «ասելը մի բան է…»։ Կառավարության երեկվա որոշումներով պետական առողջապահական գործակալությունն ընդգրկվել է նախարարության կազմում, իսկ դատաբժշկական գիտափորձնական հիմնարկը հնարավորություն կունենա նաեւ վճարովի աշխատանք կատարել, այսպիսով թանկարժեք նյութատեխնիկական բազայի համար գումարներ հայթայթել։ Միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը հաղորդեց, որ փախստականներն այսուհետեւ կարող են սեփականաշնորհել օտարերկրյա կազմակերպությունների եւ պետությունների միջոցներով կառուցված քոթեջներն ու բնակարանները, որոնցում նրանք ապրում են արդեն 5 տարի։ Այդպիսիք առկա են հանրապետության շուրջ 28 բնակավայրերում։ Իսկ այս պայմանը հաստատվել է դեռեւս բնակելիների հատկացման տարիներին։ Պրն Եգանյանի տեղեկատվությամբ, այս պահին 12500 ընտանիք դեռեւս ապրում է ժամանակավոր կացարաններում։ Իրականում նրանց թիվը գրեթե կրկնակի է։ Վարչության պետը սրանց մեջ չի ընդգրկում մեր այն հայրենակիցներին, որոնք բռնագաղթել են Արցախի գրավյալ տարածքներից՝ շուրջ 11 հազար անձ։ Մինչ այժմ 3000 քոթեջ ու բնակարան է կառուցվել, որոնցից եւ ոչ մեկը հատկացված չէ մեր հիշյալ հայրենակիցներին։ «Առավոտի» հարցին պատասխանելով, Գ. Եգանյանն ասաց, որ միջազգային կազմակերպություններն իրենց ստանդարտներով «փախստական» խումբ ունեն ճանաչած։ Մեր հիշյալ հայրենակիցներին նրանք չեն ճանաչում որպես փախստական եւ այդպիսի ծրագրերում ընդգրկված չեն։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել