Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինաշինությունը՝ գործողության մեջ

Օգոստոս 16,2002 00:00

Ապօրինաշինությունը՝ գործողության մեջ Արդեն մի քանի տարի է՝ Վանաձորում հաջողությամբ շարունակվում եւ առավել կատարելագործվում է ճարտարապետական ձեւախեղումների, ապօրինաշինությունների բուռն գործընթացը։ Իբրեւ «գործարարություն» կամ «տնտեսական բարեփոխումներ» ներկայացվող այդ գործընթացից այն տպավորությունն է ստեղծվում, թե որոշ «գործարարներ» փողի շատությունից չգիտեն, թե ինչ անեն եւ պարզապես տառապում են որեւէ տարածք գրավելու, քարուքանդ անելու մարմաջով։ Իսկ նրանք, ովքեր էլ դրա համար համապատասխան թույլտվություն են տալիս, համապատասխանաբար տառապում են յուրաքանչյուր քառակուսի մետրից «փող քամելու» հիվանդությամբ։ «Արցախ» պուրակը, օրինակ, դեռեւս 1 տարի առաջ հերթական ասպատակության ենթարկվեց եւ այդպես էլ անհասկանալի մնաց, թե այդտեղ ի՞նչ նպատակով եւ ի՞նչ է փորվում, ի՞նչ հենասյուներ են բարձրացել եւ առայսօր մնացել եւ էլի որքա՞ն պետք է այս տարածքը կտրատվի՝ իբր թե «հանգստի գոտի» դարձնելու նպատակով։ Ընդհանրապես, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում այն, որ ժողովրդի համար մի տեսակ սրբություն համարվող այս վայրը, որտեղից սկիզբ էր առել արցախյան շարժումը, որտեղ ժողովրդին համախմբվելու կոչերով ելույթներ են ունեցել ՀՀ նախկին ու ներկա նախագահները, «Միասնություն» դաշինքի ղեկավարները եւ այլ քաղաքական գործիչներ, կարելի էր վարձակալության տալ։ Երկրաշարժի հետեւանքով տեղադրված տնակ-կացարանների հավաքմանը զուգընթաց, տեղադրվում են տնակ-կրպակներ՝ փողոցների զանազան հատվածներում, մայթերին, շենքերի հարեւանությամբ եւ ընդհանրապես՝ ում խելքին որտեղ փչի։ Դա, սակայն, համեմատաբար «մեղմ» ապօրինաշինություն է (որը հաճախ թույլտվությամբ օրինականացվում է), եթե հաշվի առնենք, որ բնակելի շենքերի առջեւ տեղադրվում են քաղաքի ճարտարապետական դիմագիծը խաթարող քարաշեն, միահարկ կառույցներ (թիվ 1 դպրոցի հանդիպակաց մայթ՝ Վարդանանց փողոցում, «Արցախ» պուրակ՝ «Հանդիպում» սրճարանի հարեւանությամբ եւ այլուր)։ Այս շինությունները սկսեցին կառուցվել ամիսներ առաջ։ Մի առանձին վերլուծության անհրաժեշտություն է զգացվում, թե քանի՞ տնակներ են փոխարինվել ավտոտնակներով, խաղահրապարակների հաշվին տարածք փախցնելով։ Միգուցե տեղական իշխանության համապատասխան մարմինները եկել են այն եզրակացության, որ երեխաներն այլեւս մեր ապագան չեն, վաղ թե ուշ արտագաղթելու են, ուրեմն ի՞նչ կարիք կա նրանց ներկայի մասին մտածելու։ Իսկ երեխաները նման բակերում ֆուտբոլ խաղալիս միանգամայն տեղին են վարվում եւ օգտագործում ավտոտնակների պատերը՝ որպես դարպաս։ Ընդհանրապես, հայտնի չէ, թե քաղաքի ճարտարապետական դիմագիծը դասական ո՞ր տիպին է պատկանում։ Այս համատեքստում նշենք, որ քաղաքում լայն տարածում է գտել «հավաբնային» տիպի «օբյեկտներում» (որտեղ հազիվ 2-3 մարդ կարող է տեղավորվել) կատարվող առեւտուրը, այն դեպքում, երբ կարելի էր այս ու այն շենքերի միջեւ «խցկված» տնակ-օբյեկտների փոխարեն օգտագործել շենքային այն տարածքները, որտեղ մինչերկրաշարժյան տարիներին պետական հիմնարկներ եւ խանութներ էին՝ ներկայումս լուծարված։ Դրանց մի մասի տարածքները բարձիթողի վիճակում են կամ վերածվել են աղբանոցների։ Ապօրինաշինության օրինակ է նաեւ այն, որ բնակելի շենքերին մոտ տարածության վրա, ավտոբուսային կանգառների հարեւանությամբ տեղադրվում են բենզալցման կայաններ՝ մարդկանց առողջությունը վտանգի ենթարկելով։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել