Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակ ընթացքով, բայց ոչ քաղաքից քաղաք

Օգոստոս 29,2002 00:00

Հակառակ ընթացքով, բայց ոչ քաղաքից քաղաք Հավանաբար բոլորը գիտեն, որ մեքենայից դատարկ շիշ, խնձորի կամ ծխախոտի մնացորդ դուրս շպրտել չի կարելի, սակայն շատ քչերն են հետեւում այդ եւ նման այլ սահմանափակումների, քանզի այդ քայլից իրենց անձը չի տուժում, քանի որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում հոդված չկա, թե դրա համար քաղաքացուն ինչ տուգանք է հասնում: Վարորդները չգիտեն, որ մեքենա վարելու ընթացքում չի կարելի խոսել բջջային հեռախոսով, եւ ընդհանրապես չգիտեն, որ լույս է տեսել «Ճանապարհային երթեւեկության կանոններ» պաշտոնական տեղեկագիրը: Այս մասին անհանգստացած է վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» միություն հ/կ-ն: Տեղեկագիրը լույս է տեսել օգոստոսի 1-ին՝ ընդամենը 600 տպաքանակով եւ գործում է օգոստոսի 11-ից: Վարորդների բախտը դեռեւս բերում է այնքանով, որ տեսուչներն էլ տեղյակ չեն այս ամենից ու համապատասխան պահանջներ չեն կարող ներկայացնել: Փոխարենը նրանք կարող են տեսուչից պահանջել կառավարության «Ոսկան Երեւանցի» տպարանի հրատարակած ոչ պաշտոնական տեղեկագրի կանոններին հետեւել: «Աքիլլեսի» կարծիքով, ոչ պաշտոնական տեղեկագիրը վերեւների պատվերն է, հարմարեցված է պետավտոտեսուչի շահերին եւ վերջիններս էլ հաճույքով կհետեւեն հենց այն դրույթներին, ինչը օրենքի ուժ չունի, իսկ վարորդն ընդհակառակը, լուրջ չի ընդունի «ոչ պաշտոնական» անվանումը: Եվ, իրոք, ոչ պաշտոնականը «իրավունք ունի» իր մեջ ներառել որոշակի կանոններ կամ դրույթներ, որ օրենքի տառին չեն համապատասխանում: Խնդիրն այն է, որ «ոչ պաշտոնական» տարբերակն անհամեմատ շատ՝ 50000 տպաքանակ ունի, իսկ հիմնարար եւ օրենքի ուժ ունեցող կանոնները մեր վարորդներին չեն բավարարում եւ գումարային առումով էլ հասու չեն, թեպետ «Աքիլլեսը» պատրաստ է ամեն երեքշաբթի անվճար տեղեկատվություն տրամադրել ցանկացած քաղաքացու, մանավանդ վարորդի, Բաղրամյան 33ա հասցեով: Կարեւոր է նշել, որ ՀՀ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգիրքը չի համապատասխանում ավտովարորդ-պետավտոտեսուչ հասարակական եւ իրավական ներկայիս հարաբերություններին, այսինքն՝ կանոնների փոփոխման հետ պետք է փոփոխության ենթարկվեն նաեւ տույժերն ու պատիժները: «Աքիլլեսն» ԱԺ է ներկայացրել նոր օրենսգրքի վերաբերյալ առաջարկներ, որոնք հավանության են արժանացել մասնագետների կողմից: Դրանցից նշենք մի քանիսը. վարորդական իրավունքի վկայականի առգրավումը հաճախ հակասում է քաղաքացու սահմանադրական իրավունքներին: Օրինակ. երբ ամեն անպատեհ առիթով վարորդին զրկում են հանրապետությունից դուրս գալու իրավունքից՝ վերցնելով նրա վկայականը ճանապարհի կեսին: Անհրաժեշտ է հստակեցնել տույժերի չափը, քանի որ «լողացող» տույժի դեպքում պետավտոտեսուչը բնականաբար կառաջնորդվի ավտոմեքենայի մակնիշով կամ վարորդի անձով: Կարեւոր է նաեւ ապահովել վարորդի կամ տեսուչի շահերը պաշտպանող ապացույցներ: Որպեսզի տեսուչի սխալ արձանագրության դեպքում վարորդն իր շահերը պաշտպանելիս կարողանա ապացույցներ բերել: Պատկերացրեք, ինչպե՞ս կարող է վարորդը պնդել, թե ինքը կարմիր լույսի տակով չի անցել, եթե ավտոտեսուչն արձանագրել է հակառակը, դատարանն էլ նման դեպքերում, որպես կանոն, տեսնում է միայն արձանագրությունը: Հո խեղճ վարորդը կանաչ լույսը գրպանը չի՞ դրել, որ ցույց տա: Այստեղ հարկավոր է մշակել լուրջ մեխանիզմներ: Միության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը հարկ է համարում նշել որոշ փոփոխություններ եւ նորամուծություններ՝ ընդգծելով երթեւեկության նոր կանոնների իմացության անհրաժեշտությունը: Օրինակ, հին կանոններում հստակ նշված չէր, թե վարորդը որ հատվածներում հետադարձ վարելու իրավունք ունի, եւ հնարավոր էր, որ մի «խամ վարորդ» հետադարձ ընթացքով քաղաքից քաղաք գնար: Ճիշտ այն անեկդոտի նման, երբ մի վարորդ ասում է, թե Երեւանից Ապարան 1 ժամում եմ գնում, Ապարանից Երեւան՝ 4, ու արդարանում… բա հե՞շտ է հետադարձ ընթացքով վարելը: Թիթիզ վարորդներին ուրախացնելով նշենք, որ նոր կանոններով նրանք կարող են կանգնել մայթերին, եթե առկա է համապատասխան նշանը: Ավտոճանապարհային նոր նշաններում գրառումները կատարվելու են հայերեն եւ անգլերեն, հանվելու է ռուսականը: Օրինակ, նախկին թԸԼ-ի փոխարեն՝ լինելու է ՃՊԾՊ (Ճանապարհապարեկային ծառայության պահակակետ): Երթուղային տաքսիները պետք է ունենան նշված կանգառներ, որպեսզի ամեն տեղ կանգնելով վթարային իրավիճակ չստեղծեն: «Վարորդները պետք է մեկընդմիշտ հիշեն՝ որքան իրենք լավ իմանան երթեւեկության կանոնները, այնքան վստահ կզգան ավտոտեսուչի մոտ»,- պնդում է «Աքիլլեսի» նախագահը՝ լավ իմանալով, որ տեսուչի մոտ վստահ զգալու համար այլ բաներ էլ են պետք: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել