Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՑ ԼՌԵԼՈՒ ՊԱՏՃԱՌԸ

Սեպտեմբեր 03,2002 00:00

ՆՐԱՆՑ ԼՌԵԼՈՒ ՊԱՏՃԱՌԸ Ձեր թերթի ս.թ. փետրվարի 28-ի համարում տպագրվել էր մեր՝ «Կրեդիտ-Սերվիս» բանկի ավանդատուների բաց նամակը՝ ուղղված ՀՀ նախագահին։ Գոհունակությամբ նշում ենք, որ հրապարակումից հետո բավականին դրական տեղաշարժեր են եղել։ Մարտի կեսից սկսվեց մինչեւ 1000 դոլար ավանդների մարումը։ Մեզ ընդունեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ա. Թումանյանը, Կենտրոնական բանկի խորհրդի կողմից մեզ պարբերաբար տեղեկություն է տրվում ժամանակավոր ադմինիստրացիայի կատարած աշխատանքների մասին։ Դեռեւս մարտին մեր կոչին արձագանքեց նաեւ Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության եւ նույնանուն կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը խոստացավ հասարակական լսումներ կազմակերպել բանկային համակարգում տիրող իրավիճակի մասին։ Ապրիլին այդ լսումները կայացան՝ բայց ԿԲ-ի շենքում, որտեղ մուտքն առանց հատուկ անցաթղթի անհնար է, այնպես որ, լսումների վերաբերյալ տեղեկություն մենք միայն հեռուստաէկրանից ստացանք։ Ըստ այդմ, ԿԲ նախագահ պրն Տ. Սարգսյանը հայտարարել էր, որ «Կրեդիտ-Սերվիս» բանկի ավանդատուների պարտքը 50%-ով մարվել է։ Այդ 50%-ը այնքան էր դուր եկել պրն Բաղդասարյանին, որ նա ԱԺ հերթական նիստում նույնությամբ կրկնեց սույն տեղեկությունը, միաժամանակ հավաստելով, որ իրենց խմբակցությունը հետամուտ է լինելու մնացած 50%-ի խնդրի լուծմանը։ Իրականում պրն Տ. Սարգսյանի հայտարարությունը վերաբերում էր ավանդատուների թվաքանակին, որում մինչեւ 1000 դոլար ունեցողների քանակը 50-ից էլ շատ է, թեկուզեւ ավանդների հանրագումարը բանկի ավանդային պարտավորությունների 7-8%-ն է կազմում։ Ինչեւէ, խոսքն ասվել էր, գոհ էր ԿԲ նախագահը, քանի որ ընդամենը 2,5-3 ամիս առողջացման ծրագրում գտնվող բանկի համար 50%-ը հոյակապ ցուցանիշ է։ Գոհ էր նաեւ Ա. Բաղդասարյանը, «Օրինաց երկիրը» առաջինն էր հասարակական հնչեղություն տվել հարցին։ Իսկ մե՞նք՝ ավանդատունե՞րս։ Մենք այդպես էլ չէինք հասկանա, թե ինչը խանգարեց իրավագիտության դոկտոր Ա. Բաղդասարյանին ճշտել, թե ի՞նչ 50%-ի մասին է խոսքը եւ այդ երբվանի՞ց է ավանդատուների թվաքանակը դասվել բանկի գործունեությունը գնահատող նորմատիվների շարքին (օգտվելով առիթից տեղեկացնենք պարոնայք Ա. Բաղդասարյանին եւ Տ. Սարգսյանին, որ նույնիսկ թվաքանակի առումով էլ ոչ մի 50%-ի մասին խոսք լինել չի կարող, քանի որ ժամանակավոր ադմինիստրացիան առայսօր վճարում է ավանդների միայն մայր գումարները, մինչդեռ նույն ԿԲ-ի 12.02.02-ի N 13-1-15/0008 պարզաբանման համաձայն, ավանդների հանրագումարի մեջ պետք է ներառված լինեն մինչեւ մորատորիումի սկիզբը, այն է՝ դեկտեմբերի 25-ը հաշվարկված տոկոսներն ու տույժերը), եթե հետագայում չպարզվեր, որ «Կրեդիտ-Սերվիսի» կողմից, ի թիվս ուրիշների, հայց է ներկայացվել դատարան՝ ԱԺ նույն «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Ստեփան Բարսեղյանի դեմ, որը 20000 դոլար վարկ է վերցրել բանկից ու չի վերադարձրել։ Հայցը բավարարվել է, կատարվել է պատգամավորի անձնական գույքի վերգիր։ Ահա այստեղից սկսվում է ամենազավեշտականը։ Վարդենիսի դատական ակտերի հարկադիր կատարման տեսուչի կազմած ցուցակի համաձայն, Ս. Բարսեղյանի՝ վերգիրի ենթակա գույքը գնահատվել է ընդհանուր առմամբ մոտ 4 հազար դոլար։ Մեր տեղեկություններով, առաջին աճուրդը չի կայացել գնորդների բացակայության պատճառով։ Կկայանա երկրորդը՝ արդեն 10% զեղչով։ Կարծում ենք, երկրորդն էլ չի կայանա նույն պատճառով. Վարդենիսը փոքր քաղաք է եւ դժվար թե գտնվի մեկը, ով աչք ունենա իր մեծահամբավ համաքաղաքացու անձնական գույքի վրա։ Բայց ուզում ենք հարցնել ԱԺ ղեկավարությանը, պատգամավորներին, կարո՞ղ է արդյոք նման խնդիրներ ունեցող պատգամավորը օբյեկտիվ վերաբերմունք հանդես բերել խորհրդարանում քննարկվող, հատկապես բանկային գործունեությանը վերաբերող օրինագծերի նկատմամբ։ Այս ամենի ֆոնի վրա մեզ խորապես անհանգստացնում է հանրապետական դատախազությունում «Կրեդիտ-Սերվիս» բանկի նախկին ղեկավարների ու պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործի ճակատագիրը։ Արդեն 3 ամսից ավելի է, ինչ ընթանում է նախաքննությունը եւ այդ ընթացքում, մեր տեղեկություններով, քրգործում ներգրավված անձանցից եւ ոչ մեկը ոչ մի լումա բանկ չի վերադարձրել։ Մեզ մոտ ստեղծվում է այն տպավորությունը, որ այդ մարդիկ զբաղված են ոչ թե հափշտակված գումարները վերադարձնելու հարցով, այլ այդ գումարների յուրացմանը օրինական տեսք տալու գործով։ «Կրեդիտ-Սերվիս» բանկի ավանդատուներ (14 ստորագրություն)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել