Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ

Սեպտեմբեր 14,2002 00:00

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ Բոլոր մարդիկ եւ խմբերը գտնվում են ակտիվ փոխազդեցության մեջ՝ իրենց շահերն իրացնելու համար։ Այդ գործընթացն իրականանում է բնազդային գործոնների եւ հասարակական արժեքների համադրմամբ։ Կենսագործունեության ընթացքում մարդը բնականաբար հանդիպում է հուսահատություն, հուսախաբություն առաջացնող արգելքների։ Նման արգելքները պատճառ են դառնում ֆրուստրուացիայի առաջացման ու վարքի փոփոխման՝ նոր որակի գործունեություն հանդես բերելուն։ Ֆրուստրուացիան անձի դրդապատճառային վարքի արգելակման երեւույթն է, որն ի հայտ եկած արգելքի պատճառով առաջացնում է նպատակային, չիրականացված եռանդի (էներգիայի) կուտակում։ Որոշակի գրգռիչի ազդեցությամբ կուտակված եռանդը պարպվում է։ Պայմանավորված անձնային հատկանիշներով՝ այն ուղղորդվում է կամ դեպի ֆրուստրուատորի ոչնչացմանը, կամ էլ նրանով պայմանավորված սուբլիմատիվ վարք հանդես բերելուն, այսինքն կտավներ, երգեր, պոեմներ եւ այլարժեքներ արարելուն։ Ոչնչացնող վարքը կարող է ուղղված լինել ոչ միայն դեպի արտաքին միջավայրը, այլեւ դեպի ինքն իրեն (աուտոագրեսիա), որոշակի իրավիճակում դառնալ ինքնասպանության պատճառ։ Չանտեսելով Ն.Ա. Տիխի տեսակետը, որ կենդանիների կյանքն իրենից ներկայացնում է մարդկային հասարակության նախապատմությունը, կարելի է օգտվել համեմատական հոգեբանության տվյալներից` մարդկային ագրեսիան ավելի բազմակողմանի ուսումնասիրելու համար։ Սեղմորեն դիտարկենք միայն հետեւյալ օրինակը։ Թե՛ ակնոցավոր եւ թե՛ բոժոժավոր օձերն իրենց կենսատարածք ներխուժողի նկատմամբ դրսեւորում են նախազգուշական ագրեսիա՝ ընդունում են սպառնալից, իրական վտանգավորություն պարունակող կեցվածք։ Այն առանձնանում է մարմնի որոշակի դիրքով եւ ձայնային ազդանշաններով։ Նման վարքը, որպես մտադրություն, կարելի է մեկնաբանել հետեւյալ կերպ. «Քո հայտնվելը վտանգում է իմ (իմ ձագերի) կյանքը, եթե չհեռանաս, ապա քեզ կոչնչացնեմ»։ Նման վարք հանդես են բերում նաեւ թխսկան հավը, առյուծը, պրիմատները։ Կենդանիները միշտ չէ, որ դրսեւորում են ինքնանպատակ ոչնչացմանն ուղղված վարքագիծ։ Մարդկային ագրեսիայի առաջացման եւ զարգացման վերաբերյալ կան տարբեր տեսակետներ։ Կոնֆլիկտը, ագրեսիան, սուբլիմացիան եւ դրանց դրսեւորման առանձնահատկությունները՝ որպես ֆրուստրուացիայի արդյունք, ըստ պատճառահետեւանքային կապերի, խորությամբ վերլուծության է ենթարկում Ա.Նալչաջյանը։ Ըստ Կ. Լորենցի, ագրեսիան հարմարվողական, ինքնապաշտպանական վարք է, ինքնապաշտպանական մեխանիզմ։ Զ. Ֆրեյդի կարծիքով, մարդկային ագրեսիայի պատճառը մահվան բնազդի տեղափոխումն է սեփական անձից դեպի արտաքին օբյեկտներ։ Այն հատկապես ուժգին է դրսեւորվում, եթե տեւական ժամանակահատվածում շարունակաբար կուտակվում է վիճակային անբավարարվածությունը։ Ըստ Է. Արոնսոնի, մարդկային ագրեսիան ունի բնազդային բաղադրիչ, որը ենթակա է արտաքին գործոնների մոդիֆիկացնող ազդեցությանը։ Ըստ Ա. Բանդուրայի, մարդը սովորում է հանդես բերել ագրեսիվ վարք։ Ներազդվող անձն այն գնահատում եւ ընկալում է որպես սեփական վարքի մոդել, իսկ վարքի արդյունքն արժանանում է խրախուսանքի։ Խրախուսանքը էական է, եթե դրսեւորվում է էտալոնային միջավայրի կողմից, քանի որ երկրորդային կամ օտար միջավայրի գնահատականը ոչ միայն սկզբունքային չէ ագրեսորի համար, այլեւ կարող է վերածվել ագրեսիայի սաստկացման լրացուցիչ գրգռիչի։ (Չի բացառվում նաեւ այն, որ հետագայում ագրեսորը կվերագնահատի իր արարքի հետեւանքները, ըմբռնելով իր մեղքը հասցված վնասի համար)։ Վերը նշված բոլոր դեպքերում էլ ագրեսիան բնորոշվում է որպես հոգեվիճակի արդյունք, պարզապես տարբեր են սկզբնավորման ակունքները։ Ըստ առաջացման, ագրեսիան կարելի է դասդասել հետեւյալ ձեւով. ա/ բնածին ագրեսիա, ըստ բնազդային մեխանիզմների, բ/ ձեւավորված ագրեսիա, որպես սոցիալական ուսուցման հետեւանք։ Ֆրուստրուատորի նկատմամբ ագրեսիան կարող է դրսեւորվել նուրբ սքողված, միջնորդավորված ձեւերով։ Երբեմն անհատն իր ագրեսիան ուղղում է այնպիսի օբյեկտի կամ անձի դեմ, որոնք ֆրուստրուատորի հետ անմիջական առնչություն չունեն, բայց ավելի մատչելի են ագրեսիվ էներգիան պարպելու համար։ Ըստ Ա. Նալչաջյանի, ագրեսիայի վեկտորի այդպիսի տեղափոխումը իրական ֆրուստրուատորից մեկ այլ օբյեկտի վրա, կոչվում է տեղակալում, օգտագործվում է նաեւ «քավության նոխազ դարձնել» արտահայտությունը։ Օրինակ, երեխան չարանալով մոր վրա, կարող է փչացնել պայուսակը, ծեծել տիկնիկին կամ էլ սպառնալ, որ ինքն ինչ-որ մի բան կջարդի եւ այլն։ Այս դեպքում ագրեսիայի ինքնապաշտպանական մեխանիզմը հանդես է գալիս իռացիոնալիզացիայի հետ միահյուսված, մեկը մյուսին փոխարինելով։ Ներխմբային կոնֆլիկտների որոշ մասը ծագում է հենց ոմանց կողմից ագրեսիայի տեղակալման մեխանիզմի չարաշահման հետեւանքով։ Չմոռանանք, որ մարդկությունը եւս մի խումբ է, եւ այդ առումով խիստ կարեւոր է հասկանալ վարքագծի նմամ դրսեւորումների հոգեբանական մեխանիզմները։ Ագրեսիան հետազոտելը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կանխարգելել հանրորեն վտանգավոր եւ քրեորեն պատժելի արարքները։ Հասարակական տեղակալման երեւույթը դրսեւորվում է էտալոնային խմբի ներսում կուտակված չարությունն այլ օբյեկտների նկատմամբ արտածելու ձեւով։ Օրինակ, երբ, պայմանավորված հասարակական գիտակցության մակարդակով, էթնո կամ կրոնական փոքրամասնությունը սկսում է դիտվել որպես սոցիալական չարիքների պատճառ, այն սկսում է հալածվել։ Իսկ բարդ էթնոկառուցվածք ունեցող հասարակությունում մի էթնոխումբ իր ներսում կուտակված չարությունը կարող է արտածել օտար փոքրամասնության վրա, իսկ սա էլ չկարողանալով հակազդել իր անմիջական ֆրուստրուատորին, ճնշման է ենթարկում մեկ այլ խմբի։ «Քավության նոխազների» նման աստիճանակարգվածությունն առաջացնում է անհանգստություն, սոցիալական եւ պետաիրավական անվստահության մթնոլորտ։ Եթե ագրեսիան իրականացվում է ահաբեկման, վախեցնելու, ահ սերմանելու միջոցով, որպեսզի ուղղակի կամ անուղղակի ազդեցության ենթարկվողի մեջ առաջացվի վարքի ցանկալի փոփոխություն, ապա այն դիտարկվում Է որպես ահաբեկչական գործունեություն։ Այդ վարքաձեւը, որպես գործառնական ագրեսիայի տարատեսակ, ինքնանպատակ չէ, այլ, ըստ սոցիալական հոգեբանների՝ «սառն է, ինստրումենտալ»։ Այն հանդիսանում է ռազմավարական նպատակին հասնելու միջոց, գործիք եւ լիովին սոցիալական ուսուցման հետեւանք է։ Գործառնական ագրեսիվ վարքի ուսուցումը կարող է ընթանալ. ա/ չհամակարգված, ըստ պատահական օրինակների, որոնք համահունչ են տվյալ անհատի հոգեբանական նկարագրին, բ/ կարգավորված, ըստ կրոնամշակութային արժեքների, որոնց հիմքում ընկած է պաշտամունքային օբյեկտի, քարոզիչների եւ հեղինակավոր նախնիների օրինակելի վարքագիծը, գ/ գիտականորեն հիմնավորված եւ համակարգված, ինչը մասնավորապես ահաբեկչությունը վերածում է որպես հասարակական բարձր վտանգավորություն ունեցող երեւույթի։ Ահաբեկչությունը ՀՀ քր. օրենսգրքում ձեւակերպվում է որպես պետական172հասարակական գործչի, օտարերկրյա ներկայացուցչի սպանություն կամ էլ նրան մարմնական վնասվածք հասցնելը իշխանության թուլացման, քայքայման, պատերազմի միջազգային բարդ իրավիճակի հրահրման նպատակով։ Եթե մի քանի պետությունների շահերն են ոտնահարվում, ապա այդ դեպքում առկա է միջազգային ահաբեկչությունը։ Այս դեպքում ահաբեկիչը վերածվում է այլ պետության անկախության, ինքնուրույնության, նրա ներկայացուցիչների գործառնական անձեռնմխելիության խախտողի։ Ահաբեկչությունը, որպես քրեական երեւույթ, իրենից ներկայացնում է հոգեբնախոսական միասնություն։ Այն ունի իր ներքին՝ սուբյեկտիվ կողմը եւ արտաքին՝ օբյեկտիվ կողմը։ Սուբյեկտիվ կողմը հանդես է գալիս մեղքի, դիտավորության ձեւով, դրդապատճառ-նպատակ համակարգում, իսկ օբյեկտիվ կողմը մարդկային գիտակցական, կամային վարքագծի արտաքին դրսեւորումն է, որը նախատեսում է օրենքով պահպանվող հասարակական-քաղաքական համակարգի վտանգավոր փոփոխություն եւ իրականացնում է նման սպառնալիք։ Ահաբեկչական գործունեության օբյեկտիվ կողմի բնութագրերն են. ա/ ահաբեկչական ակցիայի իրականացում, բ/ ակցիայի հետեւանք, գ/ պատճառահետեւանքային կապի առկայություն, դ/ ակցիայի իրացման վայրը, ժամանակը, միջոցները, ձեւերը։ Ահաբեկչության հետեւանքները բազմաթիվ են՝ մարդու առողջության եւ կյանքի վտանգում, բարոյական, նյութական, քաղաքական վնասներ։ Վնասները կարող են լինել ոչ միայն ընդհանուր, այլեւ խիստ նպատակաուղղված։ Օրինակ՝ հասարակական172 պետական հարաբերությունների մասնակիցների դեմ՝ պաշտոնատար անձ, օդանավի անձնակազմ, միջազգային կառույցներ եւ այլն։ Հնարավոր է իրական ֆրուստրուատորի եւ տեղակալվող օբյեկտի միախառնում։ Օրինակ, ռազմական օբյեկտի դեմ ուղղված ակցիայի հետեւանքով տուժի նաեւ քաղաքացիական բնակչությունը։ Ահաբեկչության օբյեկտիվ կողմի հատկանիշների բացահայտումը կազմում է քրեական պատասխանատվության հիմքը։ Ահաբեկչությունը դիտավորությամբ կատարված հանցագործություն է, այսինքն այն իրականացնողը գիտակցում է իր գործողության վտանգավոր բնույթը հանրության համար, նախատեսում, պլանավորում է հետեւանքները եւ նպաստում է դրանց առաջացմանը։ Կառուցվածքային առումով այն բարդ հանցագործություն է, այսինքն այն իր հիմքում ունի մի քանի հանցավոր գործողություններ եւ մի քանի վնասակար հետեւանքներ։ Օրինակ՝ հանցախմբի ստեղծում, վարժեցում, զինում, սահմանների խախտում եւ այլն։ Ժամանակային առումով ահաբեկչությունը շարունակական հանցագործություն է, որովհետեւ կազմված է մի քանի անընդմեջ հանցավոր գործունեությամբ, օրինակ, զենք պահելը, փոխադրելը, ահաբեկելը եւ այլն։ Ահաբեկչի ներգործության ոլորտում հայտնված անձը կարող է հանդես բերել ագրեսիվ վարք իր կամ իր խմբի վրա բռնացողի նկատմամբ՝ որպես բնական ինքնապաշտպանական մեխանիզմ։ Այդ դեպքում տուժողն օգտվում է անհրաժեշտ պաշտպանության քրեաիրավական նորմից։ Այսինքն, նա առաջին իսկ հնարավորության դեպքում, առանց վախենալու քրեական պատասխանատվությունից, կարող է ակտիվորեն հակազդել ահաբեկչի գործողություններին՝ մինչեւ իսկ ոչնչացնելով նրան։ Տվյալ դեպքում բացակայում է տուժողի արարքի հանրային վտանգավորությունը, հետեւաբար եւ բացառվում է քրեական պատասխանատվությունը։ Անհրաժեշտ պաշտպանությունը գործում է այն ժամանակահատվածում, երբ իրականացվում է հանցանքը։ Եթե տուժողը հարձակվում է արդեն վնասազերծված ահաբեկչի վրա, ապա նա դրանով խախտում է հանցակազմի ուսումնասիրման գործընթացը։ Ահաբեկչությանն ակտիվորեն հակազդելիս տուժողը կարող է հայտնվել նաեւ ծայրահեղ պաշտպանության իրավիճակում։ Այդ իրավիճակը բնորոշվում է նրանով, որ անձի, պետության դեմ ուղղված վտանգը չեզոքացնելիս վնաս է պատճառվում, սակայն առկա վնասը կանխված վնասի նկատմամբ նվազ կարեւորություն է ունենում։ Այսինքն, եթե ահաբեկիչները առեւանգած ավտոմեքենայից կամ զավթած կառույցից գնդակոծում են շրջապատը, ապա այդ կրակային հենակետերի ոչնչացումով վնաս է հասցվում այլ սեփականատիրոջ, բայց եւ առկա է այն իրողությունը, որ կանխվել են ավելի մեծ վնասներ, օրինակ՝ փրկվել են մարդկային կյանքեր։ Ահաբեկչին վնասազերծելը անհրաժեշտ կամ ծայրահեղ պաշտպանության շրջանակներում կարող են արտահայտվել նրան կյանքից զրկելով, ազատությունը սահմանափակելով, նրա մարտական կամ զավթած գույքի ոչնչացումով եւ այլն։ Եթե ահաբեկչական փորձը կանխվում է տուժողների կամ իրավասու անձանց գործունեության շնորհիվ, ապա դա չի նշանակում, որ ոտնձգություն կատարողները կարող են արդարացվել։ Այդ դեպքում առկա է ոչ թե ինչ-որ գործոնի ազդեցությամբ հանցանքի կատարումից կամովին հրաժարվելը, այլ՝ հանցափորձը։ Ահաբեկչությունն, ունենալով ընդհանրություններ բանդիտիզմի եւ դիվերսիաների հետ, տարբերվում է նրանցից իր հասարակական ուղղվածությամբ եւ գործունեության մեխանիզմով։ Այն ոչ պետական, ոչ էլ կուսակցական կազմավորում է։ Նրան հատուկ է նախնական բռնացումով եւ հետագա պայմանականությունների միջոցով լեգիտիմ կառույցներին իրենց քաղաքական ուղղվածությունը փոխելու պարտադրանքի փորձը։ Օրինակ, պատանդ վերցնելուց հետո պարտադրվում է այնպիսի վարքագիծ, որը համապատասխան է իրենց գերնպատակին։ Որքան էլ ահաբեկչի նպատակը մարդասիրական լինի, պատանդ վերցնելով նա արդեն իսկ իրականացնում է ոչ մարդասիրական, հասարակայնորեն պարսավելի եւ քրեորեն պատժելի արարք։ Ահաբեկչի դիտավորությունը մոտավորապես հետեւյալ տեսքն ունի. «Եթե դու անես այն, ինչ ես եմ ուզում, ապա ես չեմ անի այն, ինչը դու չես ուզում»։ Տվյալ ասույթի առաջին մասը պարունակում է ֆրուստրուացիայից դուրս գալու ուղին, իսկ մյուս մասը՝ հավասարակշռում է ներքին անբավարարվածությանը ոչնչացման ձեւով հագուրդ տալու ձգտմանը։ Նման մտածելակերպը իրավական չէ, առկա է հանցավոր մտահղացում, պարունակում է հարկադրանք լեգիտիմ կառույցի նկատմամբ եւ որպես այդպիսին հակասահմանադրական է։ Ահաբեկիչն իրավական առումով չի նույնանում զինվորի, իսկ ահաբեկչությունը՝ պատերազմի կամ դիմադրության շարժման հետ։ Նա չի դիտվում նաեւ որպես կոմբադանտ, չի օգտվում ռազմագերուն վերաբերող միջազգային համապատասխան իրավունքների պաշտպանությունից, այլ ձերբակալվում է որպես հանցագործ։ Ձերբակալող պետությունը պարտավոր է ահաբեկչին կամ դատել, կամ հանձնել շահագրգիռ կողմին։ Ահաբեկչական կառույցը չի կարելի նույնացնել նաեւ կրոնաէթնիկական ինքնապաշտպանական ջոկատի հետ, քանի որ չունի հասարակական միացյալ ղեկավարություն։ Քանի որ հասարակության զարգացումը պայմանավորված է մարդկային գործոնով, իսկ ահաբեկչությունը պարզապես սոցիալականացված ագրեսիայի տարատեսակ է, ապա կարելի է ասել, որ այն հաջողությամբ կարելի է կանխարգելել ու վերացնել մարդկության անցնելիք ուղուց։ ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել