Լրահոս
Օրվա լրահոսը

Վերեւները չեն կարող, ներքեւները չեն ուզում

Սեպտեմբեր 17,2002 00:00

Վերեւները չեն կարող, ներքեւները չեն ուզում «Տավուշ» հայրենակցական միության հերթական 8-րդ համագումարի 200-ից ավելի պատգամավորներ հավաքվել էին ասելու այն ամենը, ինչ կուտակված է իրենց սրտերում։ Եղան սուր հարցադրումներ, ելույթներ, ներկայացվեց շրջանի այսօրվա իրավիճակը։ Հարեւան ազերիների հետ 186 կիլոմետր երկարությամբ ընդհանուր սահման ունեցող նախկին Շամշադինի շրջանն ասես դուրս է հանրապետության տարածքից։ Ճանապարհները խիստ անբարեկարգ են, կոմունիկացիաներ չկան, եղած գործարաններից ոչ մեկը չի աշխատում։ Արտագաղթը ահագնացող չափերի է հասել։ Փաստում են, որ միայն Մովսես գյուղից Մոսկվայում բնակվող դպրոցահասակ երեխաները երկու անգամ ավելի են, քան գյուղի դպրոցում։ Տարեցտարի ավելանում է երկկոմպլեկտ դասարանների թիվը։ Երեք անգամ կրճատվել է ծնելիությունը, 6 անգամ՝ ամուսնությունների թիվը։ Սակավ է խմելու ջուրը, ոռոգման ջրի բացակայության պարագայում գյուղացին մշակում է հողը՝ «Աստծո երեսը» պահած, ամբողջ տարին «դառը դատում, դատարկ նստում»։ Համագումարում ելույթ ունեցողները միահամուռ նշեցին, որ վարչատարածքային այսօրվա գործող սխեման էլ ավելի է խոչընդոտում շրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը եւ պետք է շտապ միջոցներ ձեռնարկել շրջանի նախկին կարգավիճակը վերականգնելու համար։ Պետք է առանձնահատուկ կարգավիճակ սահմանել այնպիսի սահմանամերձ շրջանների համար, ինչպիսիք են Տավուշն ու Մեղրին։ Ի դեպ, Տավուշը միայն Շամշադինն է եւ հանիրավի է այդ անունով նաեւ Իջեւանն ու Նոյեմբերյանը կոչել։ Լավագույն դեպքում մարզը կարելի էր կոչել Ուտիքի, որի կազմում պատմականորեն գտնվել են նշված երկու շրջանները (Ա. Բ.)։ Ինչպես ճիշտ նկատեց նաեւ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, «վարչատարածքային բաժանման ժամանակ հենց այնպես իրար են կպցրել շրջանները, մինչդեռ գյուղեր կան, որ իսկի իրար աղջիկ չեն տալիս, էլ ոնց կարող են իրար հետ ապրել»։ Նույն կարծիքը կիսեց նաեւ դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Մելքումյանը, գտնելով, որ վարչատարածքային բաժանման դեպքում պետք է հաշվի առնվեն միասնական տրանսպորտային ցանցի առկայությունը, տվյալ տարածաշրջանի տնտեսության ճյուղերի մասնագիտացվածության ուղղությունները, ժողովրդի հոգեբանական առանձնահատկությունները եւ այլն։ Ինչպես նշեց Հայրենակցական միության փոխնախագահ Արտաշես Շահնազարյանը, հայոց պատմության ողջ ընթացքում, նկատի ունենալով Տավուշի ռազմավարական դիրքը, այն ուղղակի ենթարկվել է կենտրոնական իշխանությանը։ Ստացվում է, որ ռուսաց ցարն ու պարսից շահն ավելի շատ են մտածել մեր երկրի մասին, քան ներկայիս իշխանավորները։ Տավուշի մարզն ունի 62 համայնք եւ մարզպետը, ով էլ ուզում է լինի, եթե անգամ հավք դառնա, ի վիճակի չի լինի ամսվա մեջ գոնե մեկ անգամ լինել յուրաքանչյուրում։ Պրն Շահնազարյանի խոսքերով, մարզպետարան կոչված կառույցը վերածվել է սայլի 5-րդ անիվի, որտեղ գնալ-գալու ծախսը միայն Բերդից, տարեկան կազմում է 3 մլն դրամ։ Եթե հաշվի առնենք, որ նաեւ մարզպետարանից են նման միջոցներ ծախսվում Բերդի տարածք գործուղվելու համար, ապա ընդամենը հարկավոր է գումարը կրկնապատկել։ Ի դեպ, մարզպետարանի 73 աշխատողներից ոչ մեկը շամշադինցի չէ։ Որ վարչատարածքային նոր բաժանումը օրախնդիր է, դա ընդունում է նաեւ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, սակայն վերջինս գտնում է, որ այսօրվա շուկայական պայմաններում Շամշադինի շրջանը առանձին չի կարող գոյատեւել եւ մարզային կառույցի ձեւավորումը շրջանին կտա միայն 50-60 բյուջետային աշխատատեղ։ Ուստի նա առաջարկում է մարզի նոր կառույց՝ Ճամբարակ-Շամշադին տարածքների միավորմամբ՝ Բերդ կենտրոնով։ Ըստ պրն Մելիքյանի, մարզի մեծացումը անհրաժեշտ է նաեւ այն առումով, որ համաշխարհային կազմակերպությունները չեն ուզում գործ բռնել փոքր վարչական միավորների հետ։ Ինչեւէ, եկել է այն պահը, երբ «վերեւները չեն կարող, իսկ ներքեւինները չեն ուզում» հանդուրժել վզներին փաթաթած կառավարման ներկայիս մոդելը։ Եվ, վերջապես, ոչ մի երկրում բնակչության թվով վարչատարածքային բաժանում չի կատարվում։ Այլապես, առաջնորդվելով այս սկզբունքով, արտագաղթի պատճառով շուտով թերեւս ամբողջ հանրապետությո՞ւնը կդառնա մեկ վարչական միավոր։ Տավուշցին միշտ էլ լավատես է, ուստի հույսը չի կորցրել, որ կառավարությունը կգտնի լավագույն տարբերակը։ Դրա համար քիչ աշխատանք չունի անելու «Տավուշ» հայրենակցական միությունը, նրա նորընտիր խորհուրդն ու նախագահը՝ ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն, կառավարության անդամ, բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Դերենիկ Դումանյանը։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել