Լրահոս
Օրվա լրահոսը

Կրքերը Պանկիսի կիրճի շուրջ շիկանում են

Սեպտեմբեր 20,2002 00:00

Կրքերը Պանկիսի կիրճի շուրջ շիկանում են Սեպտեմբերի 11-ին Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում վնասազերծել Պանկիսի կիրճում կուտակված չեչեն գրոհայինների խմբավորումները։ Շեւարդնաձեի համար նման շրջադարձը անակնկալ էր՝ նա վախեցած էր թվում եւ ապակողմնորոշված։ Սակայն շատ արագ օգնության (վրա հասավ) ձայն եկավ արեւմտյան կիսագնդից՝ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մի երկրորդական չինովնիկ հայտարարեց, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի որդեգրած մոտեցումը անընդունելի է համարում, քանզի այն սպառնում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Դե, Շեւարդնաձեն էլ միանգամից հանգստացավ եւ հերթական անգամ հայտարարեց, որ Վրաստանն ինքը կլուծի Պանկիսի կիրճի խնդիրը, չխաթարելով, իհարկե, վրաց եւ չեչեն ժողովուրդների բարեկամությունը։ Վրացիների «հակաահաբեկչական» գործողությունները իսկապես ակտիվացան եւ նրանք անգամ չեչեն գրոհային բռնեցին, որոնցից մեկը հաջորդ օրն իսկ բարեհաջող փախավ։ Ամբողջապես չկիսելով Ռուսաստանի մոտեցումը, փորձենք որոշ հարցեր ձեւակերպել ԱՄՆ-ի պետդեպարտամենտին. «Ինչու ԱՄՆ-ին թույլ է տրվում հակաահաբեկչական պայքարի պատրվակով զինուժ գործադրել այլ երկրներում (օրինակ՝ Աֆղանստանում կամ Իրաքում), իսկ Ռուսաստանին՝ ոչ։ Ի՞նչ է, նրանց տարածքային ամբողջականությունը չի՞ խախտվում»։ Չէ՞ որ այդ երեք երկրներում էլ իշխանությունը սատարում էր ահաբեկիչներին։ Սակայն Աֆղանստանի համար դա արդեն անցյալում է, իսկ Իրաքի դեպքում, ինչպես վկայում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, վերջնականապես ապացուցված չէ։ Վրաստանի դեպքում կարծես ամեն ինչ ակնհայտ է։ Իսկ ի՞նչ գործողություններ կձեռնարկեր ԱՄՆ-ն, եթե, ասենք, Մեքսիկայի տարածքից ԱՄՆ անընդհատ գրոհայինների խմբեր ներխուժեին։ Պատասխանը մեկն է՝ ԱՄՆ-ին ամեն ինչ թույլատրված է, իսկ մնացած երկրներին՝ այնքանով, որքանով ուզում է ԱՄՆ-ն։ Բայց անսպասելիորեն, պետդեպարտամենտի հայտարարությունից մի քանի օր հետո, ԱՄՆ-ի նախագահ Բուշը խնդրո առարկայի վերաբերյալ մի հայտարարություն արեց, որի տոնայնությունը միանգամայն այլ էր։ Բուշի կարծիքով, պետք է արմատախիլ անել Պանկիսի կիրճում գտնվող «Ալ քայիդի» բունը։ Եվ միաժամանակ դիմում է Ռուսաստանին, որպեսզի նա Վրաստանին եւս մի հնարավորություն տա՝ հարցը լուծելու սեփական ուժերով։ Ինչպես եւ ենթադրում էինք («Առավոտ», թիվ 164), Իրաքի պատերազմի նախօրեին ԱՄՆ-ն չի ուզում ընդհարվել Ռուսաստանի հետ Վրաստանի պատճառով։ Արդյունքում Էդուարդ Ամբրոսեւիչը հայտնվել է շատ դժվար իրավիճակում։ ԱՄՆ-ն փաստորեն ճանաչել է Ռուսաստանի իրավունքը՝ գործել չեչեն գրոհայինների դեմ Վրաստանի տարածքում՝ Վրաստանին ուղղակի որոշակի ժամանակ է տրված։ Շեւարդնաձեին այլ բան չի մնում, քան կատարելով «տերերի» ցուցումը, ոչնչացնել չեչեն գրոհայիններին (հակառակ դեպքում նա՝ որպես քաղաքական գործիչ, ամբողջապես խայտառակ կլինի)։ Ամբրոսեւիչն ասում է, որ այո՝ երկու շաբաթում կոչնչացնեն։ Սակայն կասկած է հարուցում, որ վրացական բանակը ունակ է ինչ-որ խնդիրներ լուծել, բացի «թատերական ներկայացումներ» կազմակերպելուց։ Մյուս կողմից էլ գլուխ են բարձրացնում Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անջատողականները, ներքին ընդդիմությունը եւ Աջարիայի ղեկավար Աբաշիձեն։ Բարդ է «աղվեսի» վիճակը, շատ բարդ։ Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ միակողմանի արտաքին քաղաքականություն ես վարում։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել