Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն մամուլին՝ 50 միլիոն

Նոյեմբեր 07,2002 00:00

Միայն մամուլին՝ 50 միլիոն Նոյեմբերի 5-ը ԱՄՆ-ում ընտրությունների օր էր: Ընդ որում, ընտրություններ էին ոչ միայն նահանգապետի, այլեւ միանգամից մի քանի այլ՝ փոխնահանգապետի, քարտուղարի, գանձապետի, գլխավոր դատախազի, դատավորների եւ 30-ից ավելի նահանգային նշանակության այլ պաշտոնների համար: ԱՄՆ քաղաքացիները հնարավորություն ունեին ընտրելու անգամ տվյալ նահանգի կամ ամբողջ պետության համար այն կարեւոր խնդիրները, որոնց լուծմանը առաջիկայում պետք է ուղղվեն պետական կամ նահանգային բյուջեի միջոցները: Այցելելով Կալիֆոռնիա նահանգի փոքրիկ քաղաքներից մեկի ընտրատարածք, համոզվեցի, որ, չնայած ընտրության նման բազմազանությանը, ընտրողները ընտրախցիկում անցկացնում էին մեկ-երկու րոպեից ոչ ավելի: Ընտրողները ընտրատարածք գնում են հիմնականում արդեն իմանալով, թե ում են ընտրելու: Ոչ շատ մեծ սենյակում մեկ տասնյակից ավելի ընտրախցիկ է տեղադրված, որոնք, ի տարբերություն մերի, ավելի «բաց ու թափանցիկ» են. խցիկները մեկուսացնող վարագույրներ չկան, բայց ընտրության գաղտնիությունը լրիվ ապահովված է: Բացի ընտրողներից ու կազմակերպիչներից, ընտրատարածքներում ուրիշ ոչ ոք չկա. ամերիկյան ընտրատարածքներում քաղաքական կուսակցությունների լիազոր ներկայացուցիչների կամ դիտորդների չես հանդիպի: Հավանաբար վստահ են, որ ընտրակեղծիքներ թույլ չեն տրվում: Գործընթացն այնքան պարզեցված ու մեքենայացված է, որ հենց ընտրությունների օրվա ավարտին կամ ամենաուշը հաջորդ օրվա առավոտյան սովորաբար պարզ են լինում արդյունքները: Ընտրությունները սկսվում են առավոտյան ժամը 7-ին, եւ երեկոյան ժամը 8-ին ընտրատարածքներն արդեն փակվում են: Ու թեպետ ամերիկյան ընտրություններն աչքի չեն ընկնում ընտրողների մեծ ակտիվությամբ, մարդիկ բավական լուրջ են վերաբերվում դրանց ու մեկ տուփ օճառով կամ 1 կգ բրնձով իրենց ձայնը չեն վաճառում։ Ընտրատարածքներում շատ հանգիստ է լինում ու կրքեր չեն բորբոքվում։ Երբեք չես հանդիպի ոստիկանական հսկող մեքենաների կամ ընտրատարածքի շրջակայքում թեկնածուների գովքն անող «գողական տղերքի»։ Բայց կրքեր, ամեն դեպքում, բորբոքվում են. թեկնածուներն ամեն ինչ անում են իրար վարկաբեկելու համար։ Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնի համար մրցակցող հիմնական թեկնածուները՝ ներկայիս նահանգապետ, դեմոկրատ Գրեյ Դեւիսը եւ միլիոնատեր բիզնեսմեն, հանրապետական Բիլ Սեյմոնը իրար հասցեի ինչ ասես չասացին՝ չխնայելով որակումներն ու կոպիտ գնահատականները։ Ընդհանրապես, նրանց ողջ քարոզարշավը ուղղված էր միմիայն իրար քննադատելուն։ Հեռուստատեսությամբ անընդհատ տրվող գովազդային հոլովակներում ոչինչ չէր ասվում թեկնածուների ծրագրերի կամ խոստումների մասին։ Ընտրություններին նախորդող մի քանի ամսվա ընթացքում այս թեկնածուներն այնքան կեղտ թափեցին իրար հասցեի, որ մտածում ես, թե այսքանից հետո ժողովուրդը նրանցից ոչ մեկին էլ չի ընտրի։ Սակայն մարդիկ հիմնականում ընտրում են ոչ այնքան տվյալ թեկնածուին, որքան նրա ետեւում կանգնած կուսակցությանը։ Ինչեւէ, տեղական հեռուստատեսություններից մեկի հաղորդմամբ, ներկայիս նահանգապետ Գ. Դեւիսը մոտ 50 մլն դոլար է ծախսել միայն մամուլում իր քարոզարշավը կազմակերպելու համար։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՄՆ, Լոս Անջելես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել