Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ-4

Նոյեմբեր 08,2002 00:00

ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ-4 Կեղծված փաստաթղթեր Իտալիայի քաղաքացի Մարկո Լիոնելլոյի ներկայացուցիչ, փաստաբան Իվետա Բադալյանը իրավապահ մարմիններին է դիմել՝ հայտնելով. «Գործի նյութերի եւ Մ.Լիոնելլոյի կողմից ինձ հանձնված փաստաթղթերի ուսումնասիրությունից եկել եմ այն կարծիքին, որ քաղաքացիներ Թելման, Հասմիկ եւ Սիլվա Հովհաննիսյանների գործողություններում առկա է ՀՀ Քրօրի 89 հ. 4-րդ մասով նախատեսված հանցակազմ»: Փաստաբանը գտնում է, որ Հովհաննիսյաններին պետք է ենթարկել քրեական պատասխանատվության: Փաստաբանի ունեցած եւ Իտալիայից մեզ ուղարկված փաստաթղթերը թույլ են տալիս հիմնավոր եզրահանգումներ անել: Դրանք կեղծված փաստաթղթեր են, Հասմիկ Հովհաննիսյանի ձեռագրով գրված նամակներ, որոնք թույլ են տալիս լուծել այս գլուխկոտրուկը եւ բացահայտել «իտալացուն քցելու» գործում ապօրինությունների շղթան: Սա դասական օրինակ է, որտեղ առկա է պետական տարբեր մարմինների մասնակցությունն անօրինական գործողություններին՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, հովանավորչություն, փաստաթղթերի կեղծում, ստվերային տնտեսություն, փաստաբանի գործարք, դատավորների կողմնակալ վճիռներ: Ներկայացնենք փաստաթղթերի կեղծման երեք փաստ. 1.«Դրուժբա նարոդով» կոոպերատիվի նույն ամսաթվով հիմնադիր ժողովի երկու տարբեր արձանագրություններ: Կոոպերատիվի նախագահը Հ.Հովհաննիսյանն է: 2.«Հովթել» առեւտրա-արտադրական կոոպերատիվի 5.01.2000 թվականին կայացած ժողովի արձանագրությունից քաղվածք: Ժողովում որոշվել է «Դրուժբա նարոդով» կոոպերատիվը վերանվանել «Հովթել»: Քաղվածքի մեջ նշված է, որ ժողովին մասնակցում էր նաեւ Մ. Լիոնելլոն: Իտալիայի քաղաքացի Մ. Լիոնելլոն Հայաստանում եղել է ընդամենը մեկ անգամ՝ 1997 թվականին: 3. Արդարադատության նախարարությունում գրանցված (վկայական թիվ 01Ա-002341) «Հովթել» կոոպերատիվի կանոնադրության վերջին էջում բաժնետեր Մ. Լիոնելլոյի ստորագրությունը նույնպես կեղծված է: Ապացույցները չեն հետազոտվել ՀՀ տնտեսական դատարանի 09.07.02 վճռով Մ. Լիոնելլոյից հօգուտ Թելման Հովհաննիսյանի պետք է բռնագանձվի 11 մլն 908 հազար 330 դրամ գումար եւ վճարվի 174 հազար 800 դրամ պետտուրք: Դատարանը հաշվի չի առել պատասխանող կողմի՝ Մ. Լիոնելլոյի այն ժամանակվա ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանի առարկությունները եւ բացատրությունները: Ավելին, դատարանը հարկ չի համարել հետազոտել գործում եղած ապացույցները, մասնավորապես, Մ. Լիոնելլոյի կնոջը՝ Ա. Ֆիլիպյանին Հ. Հովհաննիսյանի ուղարկած նամակները: Այդ նամակները հաստատում են, որ թե Վարդանանց 4 հասցեում գտնվող խանութը, թե նրա վերանորոգումը եւ թե այդտեղ գտնվող իրերը գնվել են Մ. Լիոնելլոյի փողերով: Հենց ինքը՝ Հասմիկ Հովհաննիսյանը կատարված ծախսերի վերաբերյալ իր ձեռագրով հաշվետվություններ է ուղարկել Մ. Լիոնելլոյի կնոջը: Ահա մի հատված Հասմիկի՝ Արմինեին գրած նամակից. «1996 թ. վաճառվել է 2695 դոլարի ապրանք, որ օգտագործել եմ խանութի վերանորոգման մեջ: Վերանորոգման ծախսը կազմել է 16 հազար դոլար: Մարքոն ինձ տվել է 43 հազար դոլար, որից 35 հազար 400 դոլարով խանութն ենք առել, մնաց 7 հազար 664 դոլար, որից 1000 դոլարը տվել եմ մաքսատանը, երբ ամռանը ստացա առաջին ապրանքը, 265 դոլարը տվել եմ աշխատավարձ, լույսի փողը, մնաց 6395 դոլար…»: «Թե խանութի գինը ինչքան է գրվել առք ու վաճառքի պայմանագրի մեջ, այնքան էլ էական չէ, Հասմիկը մնացած գումարը կամ յուրացրել է, կամ էլ ուղղակի գնորդի հետ պայմանավորվել է: Եթե տնտեսական դատարանն այս նամակները գնահատման առարկա է դարձրել եւ կայացրել նման վճիռ, նշանակում է նա շահագրգռված էր: Դատարանն ամեն ինչ մի կողմ է թողել եւ կայացրել անհիմն վճիռ»,- ասում է փաստաբան Իվետա Բադալյանը: ԴԱՀԿ-ն ավարտեց «քցելը» ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Կնյազյանը կայացրել է կատարողական վարույթ հարուցելու որոշում եւ հայերենով գրություն է ուղարկել Իտալիա՝ Մարկո Լիոնելլոյին, կատարողական թերթի պահանջը կատարելու մասին: Գրության մեջ նշվել է, որ հակառակ դեպքում բռնագանձումը կտարածվի Մ. Լիոնելլոյին պատկանող Վարդանանց 4 հասցեում գտնվող խանութի վրա: Առանց Մ. Լիոնելլոյից պատասխան ստանալու, առանց ճշտելու նրա կողմից գրությունը ստանալու հանգամանքը՝ նշանակվել է խանութը գնահատելու փորձաքննություն: ԴԱՀԿ ծառայությանը օրենքով գույքը գնահատելու իրավունք է վերապահված կատարողական թերթիկի կատարման օրը գործող շուկայական գներով, իսկ եթե կողմերն առարկում են, տարաձայնություններ ունեն, ուղարկվում է մասնագիտական գնահատման: «Դատական ակտերի հարկադիր կատարման» մասին օրենքի 53 հոդվածի համաձայն, գույքի արժեքը որոշելու համար հարկադիր կատարողը իրավունք ունի նշանակել փորձագետ: Առաջին՝ եթե առանձին առարկաների գնահատումը դժվարություն է ներկայացնում, երկրորդ՝ եթե պարտապանը կամ պահանջատերը առարկում է հարկադիր կատարողի կողմից կատարված գնահատման դեմ: «Հարկադիր կատարողը գնահատելու ժամանակ կադաստրի մարմնից պետք է վերցնի շինության կադաստրային արժեքը եւ իմանա դրա գնման արժեքը: Այս ամենն իմանալով հանդերձ՝ հարկադիրը ուղարկել է մասնագիտական գնահատման: Հարկադիր կատարողը, երբ ուղարկում էր գնահատման այդ որոշումը, այն պարտադիր պետք է ուղարկեր նաեւ կողմերին, որոնք իրավունք ունեն հարցեր առաջադրել: Սա արդեն Քաղաքացիական դատավարության օրենսգրքով է սահմանված, որ ցանկացած փորձագիտական որոշման դեպքում կողմերը՝ պարտապանը եւ պահանջատերը, իրավունք ունեն հարցեր առաջադրել փորձագետին կամ ներկայացնել իրենց առաջարկությունները, ինչպես նաեւ՝ մասնակցել փորձագետի գնահատմանը: Թե ինչ մեթոդոլոգիա է կիրառել փորձագետը, անհայտ է, որովհետեւ կար դատարանի հաստատած վերանորոգման գինը (20 հազար դոլար), իսկ քաղաքի կենտրոնում 160 քմ խանութը գնահատվել է 20 հազար 500 դոլար: Սա անհեթեթություն է: Կամ փորձագետն իրավասու մասնագետ չի եղել, կամ էլ կեղծիք է արել: Երեւանի կենտրոնում նման տարածքի մեկ քմ-ի մեկնարկային գինը 600 դոլար է: Փորձագետն առաջին հերթին պետք է հաշվի առներ շինության կադաստրային արժեքը, հողի արժեքը, ուսումնասիրեր, թե նման կարգի տարածքն ինչ պահանջարկ ունի շուկայում, ուսումնասիրեր հայտարարություններ, առաջարկներ»,- շարունակում է փաստաբան Ի. Բադալյանը: Այնքան էլ զարմանալի չէ, որ ԴԱՀԿ ծառայությունն աշխատում է նման կարգի մասնագետների հետ, սա իրենց «գրպանային» մասնագետներն են, որոնց պատվիրում են, թե ինչքան պետք է գնահատվի այս կամ այն շինությունը, որովհետեւ նախապես գիտեն, թե ովքեր են լինելու գնորդները: Ի դեպ, խանութը գնահատել է արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի առաջատար մասնագետ Ժ. Ծատուրյանը։ Արդարադատության նախարարությունում է աշխատում նաեւ Հասմիկ Հովհաննիսյանի եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանը։ Նա քրեակատարողական վարչության պետն է։ «Եթե նույնիսկ ընդունենք, որ տնտեսական դատարանը կայացրել է արդար վճիռ, ապա ԴԱՀԿ ծառայության շնորհիվ նվազագույնը 50 հազարանոց խանութը 20 հազարով խլել են Մ. Լիոնելլոյից: 30 հազար դոլար նրա ձեռքից խլեցին ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների եւ փորձագետի սխալ գործողությունների հետեւանքով»,- ասում է Ի. Բադալյանը: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել