Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրանք, դրանց, նրանց»

Նոյեմբեր 20,2002 00:00

«Դրանք, դրանց, նրանց» Սոցիոլոգ Հրանուշ Խառատյանի կարծիքով, մեր բնակչության 70%-ը հենց այսպես է արտահայտվում «Երեւանում նստած իշխանությունների մասին» եւ սա է, մեծ հաշվով, մեր երկրից արտագաղթի մեծ ծավալների հիմքում։ «Մենք ո՞ւմ ենք պետք» հոգեբանությունը տարիների ընթացքում ձեւավորվելով հիմնականում օբյեկտիվ պատճառներից՝ այսօր մարդկանց ծայրահեղ վիճակի մեջ է դրել։ Ըստ տիկին Խառատյանի, բոլոր ընտրություններից հետո արտագաղթի պիկ ունենք։ Ընտրական շրջանում ընտանիքները 2-3 մասի են բաժանվում եւ տարբեր թեկնածուների համար են աշխատում։ Որեւէ թեկնածուի հաղթանակի դեպքում այդ ընտանիքը որոշակի հույսեր է փայփայում, սակայն երբ գործնականում համարյա ոչինչ չի լուծվում՝ սփոփանքը փնտրվում է Հայաստանից դուրս։ Հիմնականում անդրադառնալով գյուղաբնակների արտագաղթի խնդիրներին, կատարված հետազոտությունների հիման վրա, Հրանուշ Խառատյանն ընդգծեց Երեւան-մարզեր կապի նկատելի խզումը։ Իբրեւ դրա օբյեկտիվ ցուցանիշ, սոցիոլոգը բերեց այն փաստարկը, որ «վերջին երկու տարում Հայաստանում բուհեր ընդունվածների 80%-ը երեւանցիներ են»։ Բացի այդ, մարզերում «երեխայի կրթությունը վտանգված է, քանզի դպրոցներում անգամ ուսուցիչներ չկան»։ Այս երեւույթն առավել ցայտուն է եզդիական համայնքներում. ընդամենը 2-3 ուսուցիչներ են՝ տասը դասարանների համար։ «Ողջ Հայաստանը սկսում է մտածել, որ կյանքը կենտրոնացած է Երեւանում՝ դա լուրջ հոգեբանական գործոն է»,- գտնում է տիկին Խառատյանը։ Նաեւ՝ վերջին չորս տարիներին, ըստ սոցիոլոգի, առավել արմատավորվում է այն մտայնությունը, որ բոլոր, այսպես կոչված, «յուղոտ» պաշտոնները, նաեւ մարզերում, զբաղեցնում են երեւանցիները։ Սա առավելապես Շիրակի եւ Լոռու մարզերին է վերաբերում, իսկ «յուղոտ» պաշտոնները հարկային եւ մաքսային ոլորտներն են։ Ստացվում է, որ նաեւ «Հայաստանում բոլոր հնարավոր լծակները երեւանցիների ձեռքին են»։ Գյուղից արտագաղթը նաեւ տնտեսական հիմքեր ունի։ Այս ամենով հանդերձ, սեփականաշնորհումից հետո գյուղը, այնուամենայնիվ, պահպանել է ՀՆԱ-ի իր ծավալները՝ մինչեւ 2001 թվականը։ Կատարվել է մեկ այլ փոփոխություն՝ մոտ 200 հազար մարդով ավելացել է գյուղաշխատողների թիվը, ի հաշիվ արտադրական ձեռնարկությունների աշխատողների, քաղաքից գյուղ վերադարձածների եւ այլնի։ «ՀՀ զբաղվածության մասին օրենքը» գյուղացուն տալիս է զբաղվածի կարգավիճակ։ Դրանով իսկ, պաշտոնական գնահատականներով, գյուղում ունենք մոտ 700 հազար զբաղված մարդ։ Մինչդեռ, իրականում նրանց ուղիղ կեսը սպառող է։ Ըստ Հ. Խառատյանի, այսօր ակտիվորեն քննարկվում է գյուղացուն կենսաթոշակից զրկելու հարցը՝ կենսաթոշակային ֆոնդին մուծումներ չանելու ենթատեքստով։ «Մի գլուխ մատ են թափ տալիս գյուղացու վրա,- գտնում է Հ. Խառատյանը,- ոչ մի հավասարակշռություն՝ գյուղմթերքների շուկա, եւ այլն, չառաջարկելով»։ Խնդրի լուծումներին վերաբերող կոնկրետ առաջարկները, տիկին Խառատյանի տեղեկացմամբ, «ներկայացված են «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում», եթե այն ընդունվի…»։ Փաստորեն, միակ մխիթարանքը, ինչպես ասում են. «Մնանք նամակի սպասող»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930