Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմությունն իրոք կրկնվում է»․ Տեր Ղևոնդ քահանա Աճամեան

Ապրիլ 30,2024 18:20

«Ոչ, պայքարն ավարտված չէ»։ Այսպես պատասխանեց Տեր Ղևոնդ քահանա Աճամեանն Aravot.am–ի հարցին՝ 2021-ին նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո ԱՄՆ-ում Ցեղասպանության ճանաչման համար պայքարն ավարտվա՞ծ է, թե՞ պայքարի լրացուցիչ հարցեր դեռ կան։

Ըստ Տեխասի Դալլաս քաղաքի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու առաջնորդի՝ հիմա պետք է աշխատել, որպեսզի ԱՄՆ բնակչությունը պատշաճ գիտելիք ունենա առաջին ցեղասպանության՝ Մեծ եղեռնի մասին։

«Բոլորը գիտեն Հոլոքոստի մասին, լսել են Ռուանդայում, Կամբոջայում, Ուկրաինայում (նկատի ունի 1932-1933 թթ․ Հոլդոմորը–Ա․Ա․) ցեղասպանությունների մասին, բայց առաջին ցեղասպանությունը, որի անպատժելիությունից ոգեշնչվել են հետագա ցեղասպաններ, միշտ մոռացվում է», – շեշտում է Տեր Ղևոնդն ու ավելացնում․ «Եթե առաջին ցեղասպանության մասին չսովորեն, ցեղասպանություններ նորից կլինեն։ Սա է ամբողջ խնդիրը»։

 

Երբ պատմությունից դասեր չենք քաղում, այն կրկնվում է

Հայաստանյայց եկեղեցու հովիվը մտահոգություն է հայտնում, որ եթե ազգային մակարդակում պատմություն չսովորենք, չճանաչենք և դրանից դասեր չքաղենք, այն կկրկնվի։ «Ու կարելի է ասել, որ պատմությունն իրոք կրկնվում է, որովհետև ավելի քան 100 տարի անց հայերը կրկին ցեղասպանության բախվեցին Արցախում, այժմ այդ վտանգը կա Տավուշում», – ընդգծում է նա։

 

Այլ ազգերի մասին էլ պետք է մտածենք

Մեջբերելով Տեր Վազգեն քահանա Մովսեսյանի՝ «հայերը պետք է ամենաաղմկոտ մարդիկ լինեն ցեղասպանությունների կանխման գործում» միտքը, Տեր Ղևոնդը նաև նշում է՝ որպես ցեղասպանություն առաջինն անցած ժողովուրդ՝ հայերը պետք է սատար կանգնեն այսօր ցեղասպանության մատնվող ժողովուրդներին։

«Ցավոք, մենք միայն մեր ցեղասպանության մասին ենք խոսում, բայց ճիշտ կլինի բախտակից մյուս ժողովուրդների մասին ևս մտածել», – կարծում է Տեր Ղևոնդը։

 

Հայրենիքը ժողովուրդն է

«Մենք պետք է աջակցենք Հայրենիքին», – արձագանքելով մեր երկրում առկա իրողությունների մասին հարցին պնդեց Դալլասի հայկական եկեղեցու հովիվը։ «Հայրենիքը ոչ թե կառավարությունն է, այլ ժողովուրդը։ Մենք պետք է այնպիսի վիճակի հասնենք, որ մարդիկ մնան Հայաստանում, որովհետև եթե Հայաստանը դատարկվի, այն կվերջանա»։

 

Եզրափակելով՝ Տեր Ղևոնդ քահանա Աճամեանը հայ ժողովրդին կոչ արեց օգնել Հայրենիքին հնարավոր բոլոր միջոցներով և զինվել համբերությամբ։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930