Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՆ ԹԱԹԼՅԱՆԻ «ՍԻՐՈ ԿԱՄՈՒՐՋԸ»

Նոյեմբեր 26,2002 00:00

ԺԱՆ ԹԱԹԼՅԱՆԻ «ՍԻՐՈ ԿԱՄՈՒՐՋԸ» Ժամանակին այս երգչին ճանաչում էր ամբողջ Սովետական Միությունը: Իր փառքի գագաթնակետին՝ 71թ., նա արտագաղթեց Ֆրանսիա: Փարիզ մեկնեց մեկ ճամպրուկով եւ կիթառով: Նրա մեկնելուց ընդամենը մի օր անց «քաղաքացիական հագուստով արվեստագետներ» ներկայացան «Մայակ» ռադիոկայան եւ խմբագիրների ներկայությամբ բռնագրավեցին ու ոչնչացրին Թաթլյանի բոլոր ձայնագրությունները: Նույն բախտին արժանացան հեռուստատեսային տեսաերիզները: Իշխանությունն աշխատեց ամեն ինչ անել, որպեսզի ժողովուրդը մոռանա սիրված երգչին: Անցավ մի ամբողջ դարաշրջան, եւ իր սերնդի կուռքը կրկին Սանկտ Պետերբուրգում է՝ այն մարդկանց շրջապատում, ում սրտերում երբեք չեն մարել նրա «Լապտերները»: – Դուք ամեն ինչ ունեիք՝ հաջողություն, բոլորի սերը: Ինչո՞ւ գնացիք Հայաստանից: – Երեւի այն պատճառով, որ պարզապես ազատ եմ ծնվել: Չէի հասկանում՝ ինչո՞ւ չեմ կարող արձակուրդս Ֆրանսիայում անցկացնել, հարազատներիս այցելել: Ինչո՞ւ չեմ կարող «Օլիմպիայում» երգել, որի տնօրենը դիմել էր մեր կառավարությանը, որպեսզի ինձ թույլ տան ելույթ ունենալ այդ հանրահայտ դահլիճում: Սովետական Միությունը ես համեմատում եմ ակվարիումի հետ, որի միջի ձկներին որոշակի չափով թթվածին են տալիս՝ ուրիշ ոչինչ չցանկանալու պայմանով: Բացի այդ՝ պարզապես ընտրություն չունեի: Չէի տեսնում ինձ համար ոչ մի ստեղծագործական հեռանկար: Դեռ երեսուն տարեկան չկայի, իսկ ինձ արդեն ճնշում էր այն զգացումը, որ աճելու տեղ այլեւս չունեմ։ Չէ՞ որ կոմերիտմիության եւ կոմկուսի մասին երգեր երբեք չեմ գրել եւ չեմ կատարել, իսկ սովետական իշխանության գլխավոր սկզբունքն էր. «Ով մեզ հետ չէ՝ նա մեր դեմ է»: Եվ ի՞նչ էր ինձ սպասում: Կամ հոգեբուժարան, կամ ճամբարներ, կամ ալկոհոլ: Իմաստուն հայրս (կյանքի ցանկացած դեպքի համար թեւավոր խոսքեր ուներ, որոնք ինձ էլ են շատ օգնել) ասում էր. «Որդիս, խորհուրդ եմ տալիս երկու դռնից հեռու մնալ՝ հիվանդանոցի եւ բանտի»: – Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ ձեր հայրը որոշել էր Սովետական Հայաստան տեղափոխվել: – Այն ժամանակ՝ պատերազմից հետո, բոլոր հայերը ձգտում էին իրենց նախնիների հայրենիքը: Հզոր էր կարոտը սեփական արմատների նկատմամբ: Եվ հայրս երազում էր լինել այնտեղ, որտեղ մայրենի լեզուն էր, հարազատ ազգը, մշակույթը, կենցաղը, սովորություններն ու ավանդները: Չափազանց թարմ էր Եղեռնի հիշողությունը: Չէ՞ որ ոչնչացված էր ազգության յոթանասուն տոկոսը: Եվ ի՞նչը մեզ պահեց: Հավատքը եւ ընտանիքի զգացումը: Մենք սիրում ենք ընտանիքը, սիրում ենք ավագ սերնդին, մեզ համար շատ կարեւոր է հարգանքը ծնողների նկատմամբ: Դա չի նշանակում, որ հայրը բռնապետ է: Ոչ, հայրն ու որդին կարող են լինել եղբայրներ, ընկերներ, սակայն հարգանքը երբեք չի անցնի: – Ֆրանսիայում կարողացա՞ք ընտելանալ: – Մեկնելուս հենց առաջին տարին այցելեցի Իսպանիա, չնայած այնտեղ ոչ մի գործ չունեի: Ուզում էի բարոյապես եւ հոգեբանորեն վերջապես ինձ ազատ մարդ զգալ: Ինձ ոչ մի տեղ օտար չեմ զգում: Որտեղ էլ բնակվեմ՝ լինի դա Պետերբուրգը, Փարիզը կամ Նյու Յորքը՝ ես իմ միկրոաշխարհն եմ ստեղծում, որի մեջ էլ ապրում եմ: Իմ միկրոաշխարհում ամենամտերիմ ընկերներս էին, եւ ուրիշ ոչնչի կարիք չունեի: Մենք ընդհանուր մշակույթի մարդիկ ենք, իսկ ազգությունը նշանակություն չունի՝ իմ կողքին են ֆրանսիացիներ, ռուսներ, հայեր, հույներ, հրեաներ: Անգլիացիները ասում են. «Ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում, ճիշտ մարդու հետ»: Եթե այս երեք հանգամանքները համընկնում են, ամեն ինչ կստացվի: Իմ անձնական փորձից եմ ասում: – Նկարագրեք ձեր այսօրվա միկրոաշխարհը: – Ֆրանսիացիները լավ խոսք ունեն. «Ես ապրում եմ մաքուր օդով, սիրով»: Դա իմ մասին է: Ապրում եմ սիրով դեպի կինը, երաժշտությունը, կենդանիները: Բնության մեջ ջուրն եմ սիրում՝ այն անց է կացնում էմոցիոնալ լարվածությունը եւ տխուր մտքերը: Սիրում եմ բանջարանոցում գործ անել, կիրառական արվեստն եմ սիրում: – Հիշո՞ւմ եք ձեր վերադարձը Սանկտ Պետերբուրգ: – Այդպիսին երբեք չի մոռացվում: Ինչպես նաեւ՝ մեկնելս: Երկար բացակայելուց հետո եկա Պետերբուրգ: Արդեն մութ էր: Եվ ես՝ կարոտի զգացումով լի, միանգամից գնացի սիրելի վայրերում զբոսնելու: – Էմիգրացիայից վերադառնալիս, արդյո՞ք պատկերացնում էիք, որ այդքան շատ մարդ է ձեզ հիշում: – Դա ֆենոմեն է, ուղղակի հրաշք: Ինձ այնպես ջերմ ընդունեցին, որ դրանից հետո երկար, շատ երկար ապրելու ցանկություն արթնացավ մեջս: Իսկ ընդհանրապես, երգելու եմ այնքան, որքան ինձ լսելու ցանկություն կլինի: – Դո՞ւր է գալիս ձեզ, որ աստղ եք: – Ես ոչ աստղ եմ, ոչ էլ՝ մոլորակ: Ես պարզապես երգիչ եւ կոմպոզիտոր եմ, բայց վստահ կարող եմ ասել, որ շատերն են մեծացել իմ երգերով: Հաճախ մարդիկ արտասվում են համերգներիս ժամանակ՝ նրանք չեն մոռացել ինձ, ինչի համար անչափ շնորհակալ եմ նրանց: Իսկ աստեղային հիվանդությամբ երբեք չեմ տառապել: Ես առաջին հերթին մարդ եմ, հետո՝ արվեստագետ: – Ինչպե՞ս ավարտեցիք հազարամյակը: – «Սիրո կամուրջը՝ Ֆրանսիա – Ռուսաստան» մենահամերգով: Դա 60-ականների ոճով կազմակերպված համերգ էր՝ լիրիկական-ռոմանտիկ երգերով եւ նոր ստեղծագործություններով՝ ռուսերեն, հայերեն, ֆրանսերեն լեզուներով: Զրուցեց ԱՐՄԵՆ ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել