Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրխանին» դեռ կմրցի

Նոյեմբեր 28,2002 00:00

«Շիրխանին» դեռ կմրցի «Մեր նպատակը որակն է»,- ասում է «Շիրխանի» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Հովիկ Հակոբյանը։ – Ե՞րբ է ստեղծվել խումբը եւ եղե՞լ են, արդյոք, աջակցողներ։ – «Շիրխանին» ստեղծվել է 1 ամիս առաջ։ Այն ոչ միայն ազգագրական երգի-պարի խումբ է, այլ ավանդական։ Կատարում ենք գուսանական, աշուղական երգեր, ազգագրական պարեր, ամեն ոճի, ինչ հնարավոր է ներկայացնել։ Խումբն իր հովանավորության տակ է վերցրել Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը՝ Գագիկ Ասլանյանի ղեկավարությամբ։ Փորձերը անցկացնում ենք «Պլաստիկ» գործարանում, շաբաթական երեք անգամ՝ 4-5 ժամով։ Մեր նպատակն է դառնալ առաջնակարգ խումբ։ Բնականաբար, ցանկություն կա ելույթ ունենալ մեծ բեմերում։ Չմոռանամ ասել, որ նոյեմբերի 16-ին մասնակցեցինք մարզահամերգային համալիրում կազմակերպված «Գալա» համերգին։ Սամվել Սյունեցու երգի հնչյունների տակ շատ սիրուն պար բեմադրեցինք։ Ժյուրիի կազմում էին Արտյուշա Կարապետյանը, Վանուշ Խանամիրյանը եւ շատ անվանի մասնագետներ, որոնք մեզ մեծ գնահատականների արժանացրին։ – Ինչո՞ւ ընտրեցիք «Շիրխանի» անունը եւ ի՞նչ ցանկություններ ունեք առաջիկայում։ – «Շիրխանին» ստեղծվեց հանրահայտ երգի հիման վրա։ Այն ստուգաբանվում է իբրեւ առյուծորդի։ Խումբը կազմված է ուսանողներից եւ փոքրերից։ Դեկտեմբերի 17-ին կմասնակցենք «Գիսաստղ» փառատոնին։ Դա ցանկություն է, իհարկե, առաջարկություն իրենց կողմից եղել է։ Ցանկություն կա նաեւ նոր տարվա կապակցությամբ նկարահանվել «Հորովել»-ով, սակայն չգիտենք, թե «Հորովելի» ղեկավարությունն ինչ կարծիք կհայտնի։ Եվ 2003-ի ապրիլից սկսվելու է «Պառնաս» փառատոնի շարունակությունը, ցանկություն ունենք այդտեղ էլ մասնակցել։ – Ինչպե՞ս եք ձեռք բերել բեմական հագուստը եւ նպատակահարմա՞ր է փորձերն անցկացնել գործարանի դահլիճում։ – Ես աշխատում եմ գուսան Շահենի դստեր՝ բոլորիս կողմից շատ սիրված Էլինար Շահենի հետ։ Նա աշխատում է երգերի վրա, ես՝ պարերի։ Մեծերի համար հագուստներ տրամադրել է Էլինար Շահենը, իսկ փոքրերինը՝ այս նեղ պայմաններում, ստեղծվել է ծնողների ջանքերով։ Շատ դժվար է ծնողների համար վարձ վճարելը, շորեր եւ կոշիկներ գնելը։ Մինչ խմբի ստեղծվելը, ես եւ Էլինար Շահենը աշխատել ենք «Սասուն» երգի-պարի ազգագրական խմբում, մոտ 5 տարի։ Հաջողություններ ենք ունեցել արտերկրում, Հայաստանի բոլոր շրջաններում, Ղարաբաղում, վերջերս ենք վերադարձել Ռոստովից՝ շատ լավ հաջողություններով։ Կարելի է ասել՝ «Սասունի» մեծամասնությունը ինձ հետ է հիմա։ Այնտեղ կոնֆլիկտներ եղան։ Բնական է, դրանք բոլոր բնագավառներում էլ լինում են։ Առայժմ մեր համույթի նպատակը միայն փորձերն են ու փորձերը, որպեսզի լավ պատրաստվածությամբ դուրս գանք բեմ։ Աշխատում ենք ոչ թե քանակի, այլ որակի վրա։ Գերադասում ենք թեկուզ մեկ համարով, բայց փայլուն ելույթ ունենալ, ոչ թե ուրիշ խմբերի նման՝ հարյուր։ Ունենք մեր երաժիշտները, որոնք պրոֆեսիոնալ չեն, բայց կարողանում են փորձերը նորմալ անցկացնել։ Շուտով կունենանք մեր հիմնական, պրոֆեսիոնալ երաժիշտները։ Իսկ ինչ վերաբերում է դահլիճին, ապա այն ե՛ւ գեղեցիկ է, ե՛ւ հարմար։ Մեզ խոստացել են կենտրոնում դահլիճ տրամադրել, ինչը շատ կարեւոր է։ Ձմռանը շուտ է մթնում, իսկ երեխաները տուն հասնելու խնդիր ունեն։ ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել