Լրահոս
Օրվա լրահոսը

Սադրանքի ոճը նույնն է

Հունվար 17,2003 00:00

Սադրանքի ոճը նույնն է Բաց նամակ «Առավոտ» օրաթերթին Ցավով ծանոթացանք ձեր թերթի հունվարի 9-ի համարում տեղ գտած այն ակնարկին, որ Ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտեի նախագահի օգնական Ալբերտ Մխիթարյանի ձերբակալության հիմքը կարող էր հանդիսանալ նրա կապը «Դրո» կառույցի հետ։ Գուցեեւ այդ ենթատեքստային վրիպակը մնար որպես այդպիսին, չառաջացնելով նույնիսկ հերքման անհրաժեշտություն, եթե այն ակամա չդառնար իշխանական քարոզչության անթաքույց ստորության փաստացի արդարացում։ Մի անգամ եւս ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ յուրայինի սպանությունը որպես պատրվակ օգտագործած Հայաստանի բարձրագույն իշխանությունները ճնշամիջոցների գլխավոր թիրախ դարձրին «Սոցիալիստական Հայաստան» քաղաքական միավորումը եւ Արցախյան ազատամարտի կամավորական ջոկատների մասնակիցներին, հատկապես նրանց, ովքեր վերջին տարիներին աչքի են ընկել իրենց անզիջում դիրքորոշմամբ՝ նախեւառաջ՝ ազատագրված տարածքների շուրջ ընթացող առեւտրի հարցում, իսկ այնուհետեւ՝ Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ։ Մենք դժվարանում ենք որակել, թե ի՞նչը՝ կարճատես միամտությո՞ւնը, մարտնչող կոմպլեմենտարի՞զմը կամ թուլամորթ քծնա՞նքը, մղեց մեր որոշ բարձրաստիճան պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների՝ փորձել հեռուստաէկրաններից ձեւավորել ու ժողովրդի գիտակցության մեջ սերմանել հենց նման «թշնամու կերպարը»՝ Արցախյան ազատամարտի կամավորականի։ Գիտակցո՞ւմ էին, արդյոք, հայ մտավորականության ներկայացուցիչները, թե ինչ հետեւանքներով է հղի մեր ժողովրդի եւ հասարակության համար կամավորականին որպես ահաբեկիչ ներկայացնելը։ Գիտակցո՞ւմ էին, արդյոք, նրանք այն անթույլատրելի իրողությունը, երբ զինված մարդիկ ներխուժում են անմեղ, որպես կանոն, շարքային մարդկանց տները եւ, ոչինչ չհայտարարելով կամ կեղծ պատճառաբանությամբ, տակնուվրա անում՝ իրենց հետ ուժով տանում տան տղամարդուն։ Եվ այդ ամենը՝ Նոր տարվա նախօրյակին։ Հասկանո՞ւմ էին այդ իշխանամետ մտավորականները, որ հովանավորելով այս տիպի քայլերը, իրենք խաղալիք էին դառնում այն պրոֆեսիոնալ սադրիչների եւ քաղաքական գործիչների ձեռքերում, որոնք սանձազերծել էին այս պատժամիջոցների կամպանիան։ Մենք հուսով ենք, որ անձինք, որոնք մեկ անգամ չէ, որ համանման գործողությունները որակել են որպես թրքաբարո արարքներ, իրենց մեջ ուժ կգտնեն սահմանազատվել քաղաքական ախտի այդ դրսեւորումներից։ Իսկ «Դրո»-ն եղել է, «Առավոտի» լրագրողները միանգամայն իրավացի են։ Ի՞նչ սադրանք Հայաստանում՝ առանց «Դրո»-ի։ Մենք ի նկատի չունենք «Դրո» կառույցի այն շարքայիններին, որոնք մինչեւ այսօր կրում են պատիժը՝ ոչ այնքան իրենց, որքան «չհայտնաբերված» ղեկավարների համար։ Մենք ի նկատի ունենք հենց այդ «չբացահայտված»-ներին, որոնց բազում անգամ տեսանք կազմակերպված կեղտոտ գործընթացի հանգուցակետերում, եւ այդ փաստը բացատրում է, թե ինչու մինչեւ այսօր «31»-ի եւ «Դրո»-ի գործերը մնում են ղեկավարների մասով չբացահայտված։ Դա է, որ թույլ է տալիս գործող բարձրաստիճան իշխանավորներին այդ ղեկավարներին օգտագործել հերթական սադրանքը կազմակերպելիս։ «Սոցիալիստական Հայաստան» միավորման լրատվության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել