Լրահոս
Օրվա լրահոսը

Թումոն իր 15-ամյակի գալա երեկոյի ընթացքում հավաքել է 17 մլն դոլար Թումո Հայաստան նախաձեռնության համար

Սեպտեմբեր 23,2026 17:18 Share

Սեպտեմբերի 23, Երևան – Սեպտեմբերի 20-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն անցկացրեց իր առաջին գալա երեկոն՝ նշելով գործունեության ու ազդեցության 15-ամյակը։ Երեկոյի ընթացքում հավաքագրվեց ավելի քան 17 միլիոն ԱՄՆ դոլար, որը կուղղվի Հայաստանում Թումոյի ընդլայնմանը։

Լոս Անջելեսի Վիբիանայի պատմական շենքում տեղի ունեցած երեկոյի պատվավոր հյուրերն էին Վահե Կուզոյանը («ServiceTitan»-ի համահիմնադիր և նախագահ), Ռև Լեբարեդեանը («NVIDIA-ի Physical AI Simulation»-ի փոխնախագահ) և Արա Մահտեսյանը («ServiceTitan»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն)։ Հատուկ ելույթով բեմ բարձրացավ «System of a Down» խմբից Սերժ Թանկյանը։

Հյուրերի շարքում էին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանը, Արման Ծառուկյանը, Մայքլ Գյուրջյանը, Քեթրին Սարաֆյանը, Սօնա Մովսէսեանը, Մերի Բասմաջյանը, Դեյվ Ֆարինան և այլք։ Այս հիշարժան գալա երեկոն վարեց «Nasdaq Listings»-ի հաղորդավար Քրիսթինա Այանեանը։

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ բարեգործական աճուրդ, որը ներառում էր «UFC»-ի մարտիկ Արման Ծառուկյանի հետ անհատական մարզում և ճաշ, աշխարհահռչակ թենիսիստ Անդրե Աղասիի հետ թենիսի և գրոսմաստեր Լևոն Արոնյանի հետ շախմատի անհատական դասեր։

Գալա երեկոյի ընթացքում վաճառվեց եզակի «Արարատ» կոնյակ, որն ստեղծվել է 1991 թվականի հնության սպիրտերից և նվիրված է Հայաստանի անկախության 35-ամյակին։ Այն ռազմավարական համագործակցության շրջանակում Թումոյին է նվիրաբերել Երևանի կոնյակի գործարանը։

Թումոյի 15-ամյակի գալա երեկոն նպատակ ուներ վերահաստատելու Թումոյի առաքելությունը՝ աշխարհի պատանիներին տրամադրել կյանքեր վերափոխող կրթական փորձառություններ, ինչպես նաև հետադարձ հայացք գցելու Թումոյի ազդեցությանն ու աճին՝ միաժամանակ առաջ նայելով դեպի տեխնոլոգիաների, ստեղծարարության ու նորարարության շնորհիվ հզորացող ուսանողների հաջորդ սերունդը։

«15 տարի առաջ Թումոն սկիզբ առավ մի հասարակ գաղափարից. պատանիներն ունեն ազատություն՝ բացահայտելու իրենց տաղանդները, ունեն ուժ՝ ձևավորելու ոչ միայն իրենց, այլև մի ամբողջ ազգի ապագան, — նշեցին Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանները, — այդ օրվանից սկսած մենք տեսնում ենք, թե ինչպես են հազարավոր պատանիներ մտնում Թումո և դառնում ինքնավստահ երիտասարդներ, որոնք գիտակցում են իրենց գաղափարների կարևորությունը»։

Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն իր ելույթում նշեց.

«Շատ հաճախ մարդիկ մտածում են՝ Թումոն մի տեղ է, որտեղ պատանիները բացահայտում են իրենց տարերքը, հասկանում, թե ինչ են ուզում անել իրենց կյանքում ու ձեռք բերում մրցակցային կարիերայի հմտություններ։ Իհարկե, այս ամենը ճիշտ է։ Բայց ես հասկացել եմ, որ իրական կախարդանքը տեղի է ունենում, երբ մեր ուսանողներն ի զարմանս իրենց բացահայտում են բոլոր այն հրաշալի կարողությունները, որ նրանք միշտ էլ ունեցել են»։

Թումո Հայաստան նախաձեռնությունը, որին ուղղվելու է հավաքագրված գումարը, Թումոյի նորարարական կրթական ծրագիրը հասանելի է դարձնում երկրի ողջ տարածքում շնորհիվ կենտրոնների ու տուփերի, որոնք անգամ հեռավոր համայնքների պատանիներին հնարավորություն են տալիս ձեռք բերելու ապագային միտված հմտություններ տեխնոլոգիաների ու դիզայնի ոլորտներում։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կրթական ծրագիր է, որը պատանիներին հնարավորություն է տալիս անվճար ուսումնասիրել տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներ: Հիմնադրվելով Հայաստանում և ընդլայնվելով ամբողջ աշխարհում՝ Թումոյի կրթական մոդելը համատեղում է ինքնուսուցումը գործնական դասընթացների հետ և նախապատրաստում է պատանիներին արագ զարգացող աշխարհի մարտահրավերներին։

Թումո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930