Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր օրենքով

Հունվար 22,2003 00:00

Ո՞ր օրենքով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 1999թ. ապրիլին Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրօրի 15-185 3-րդ, 185 3-րդ, 894-րդ, 182 2-րդ մասերով դատապարտվել եմ ազատազրկման 8 տարի 6 ամիս ժամանակով։ Դեռեւս նախաքննության ընթացքում ինձ առաջադրված մեղադրանքները ընդունել եմ որպես անհիմն, սակայն ներկա պահին մի կողմ թողնելով մեղադրանքի հիմնավորվածությունը, ուզում եմ վիճարկել այն հարցը, որ անգամ առաջադրված մեղադրանքի պայմաններում էլ իմ արարքը սխալ է որակվել, այսինքն խախտվել է իրավունքի նյութական նորմը։ Ես զբաղեցրել եմ Թումանյանի ՆԳ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը, սակայն, չգիտես ինչու, այն դիտվել է որպես պատասխանատու դիրք զբաղեցնող պաշտոն։ Թե որ օրենքով են առաջնորդվել նախաքննության եւ դատաքննության մարմինները՝ ինձ մինչ օրս մնում է անհայտ, քանի որ չկա որեւէ գործող օրենսդրական ակտ, որը սահմանում է պատասխանատու դիրք զբաղեցնող պաշտոնի հատկանիշները։ Միաժամանակ եթե մտածենք, որ նախաքննության եւ դատաքննության ընթացքում օգտվել են դատական պրակտիկայից, ապա այդ դեպքում նույնպես վերոհիշյալ մարմինները սխալ են որակել իմ արարքը, քանի որ ինձ հետ զուգահեռ պատիժ կրող իմ նույն պաշտոնը զբաղեցրած տարբեր բաժինների աշխատակիցների արարքին տրվել է այլ որակ, այսինքն պատասխանատու դիրք զբաղեցնելու հատկանիշը բացակայել է։ Բազմիցս դիմել եմ համապատասխան ատյանների, սակայն որոշ դեպքերում իմ դիմումները մնացել են անպատասխան, իսկ մնացած դիմումներին, անկախ նրանից, թե ում է հասցեագրված եղել, պատասխանել է ՀՀ դատախազության աշխատակից Պիվազյանը, ներկայացնելով անհիմն պատճառաբանություններ եւ երբեւէ չի մատնանշել որեւիցե օրենսդրական ակտ, որով ղեկավարվել են նախաքննության կամ դատաքննության ընթացքում։ Ինձ քրեական պատասխանատվության ենթարկելու հիմնական պատճառը հանդիսացել է այն, որ ես պայքարել եմ կոռուպցիայի դեմ (անհրաժեշտության դեպքում կարող եմ ներկայացնել գրավոր ապացույցներ), դառնալով այդ պայքարի զոհը։ Հավատալով Ձեզ՝ դիմել եմ ՀՀ նախագահին կից գործող Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին, սակայն որեւէ արդյունքի չեմ հասել։ Հանրային հեռուստատեսությամբ դիտելով իրավապաշտպան կազմակերպությունների հետ Ձեր կողմից անցկացված ասուլիսը, ես մեկ անգամ էլ համոզվեցի, որ Ձեզ ուղղված իմ դիմումների բովանդակության մասին Ձեզ տեղյակ չի պահվել։ Ուստի իմ ձայնը Ձեզ հասցնելու նպատակով բաց նամակ եմ հղում Ձեզ՝ համոզված լինելով, որ այս ճանապարհով Դուք իրազեկ կդառնաք բացահայտ անօրինականությանը եւ Ձեր իսկ միջամտությամբ հարցին կտրվի օրինական լուծում։ Սույն թվականի հունվարի 20-ից հայտարարել եմ անժամկետ հացադուլ, որի պահանջն է հանդիպել ՀՀ նախագահի կողմից լիազորված անձի հետ։ ԳԱՐԵԳԻՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ «Երեւան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել