Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՒՅՆԻՍԿ ԽՈՏՆ ԷՐ ԿԱՆԱՉԵԼ

Հունվար 24,2003 00:00

ՆՈՒՅՆԻՍԿ ԽՈՏՆ ԷՐ ԿԱՆԱՉԵԼ Ենթադրական ռեպորտաժ Արարատի մարզից Այսօր նախագահ Քոչարյանը կայցելի Արարատի մարզ: Քանի որ «Առավոտին» չէր արտոնվում լուսաբանել նախագահի այցերը շրջաններ, մենք նախօրոք պատրաստեցինք այս ռեպորտաժը, որն ամբողջությամբ հիմնված է մեր ենթադրությունների վրա: Մարզկենտրոն Արարատից մինչեւ Տափերական գյուղը ճանապարհին փռված կլինի ոսկեզօծ մի գորգ՝ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պատկերներով: – Քո՞ գործերն են,- ժպտալով կհարցնի նախագահը իրեն ուղեկցող նախարար Հովիկ Աբրահամյանին: – Ի՞նչ եք ասում, պարոն նախագահ,- կբողոքի նախարարը,- Արարատի ժողովուրդը, իմանալով, որ դուք գալիս եք այստեղ, իր միջոցներով գործեց այս գորգը: Ամբողջ ճանապարհի եզերքին կանգնած կլինեն երջանիկ դեմքերով գյուղացիները՝ ամեն մեկի ձեռքին մի-մի փունջ կանաչ խոտ: Թափահարելով այդ փնջերը, նրանք վանկարկելու են «Ռոբերտ-թագավոր» հայրենասիրական կոչը: – Կանաչ խոտը քեզ որտեղի՞ց,- կհարցնի Քոչարյանը: – Ձեր գալու կապակցությամբ ոչ միայն ժողովուրդը, այլեւ բնությունն է երջանկացել,- կպատասխանի նույն նախարարը: Այնուհետեւ նախագահը կկտրի Տափերական գյուղի կարտոֆիլի նոր պահեստի ժապավենը: – Առաջ այստեղ ախոռ էր,- իր հակիրճ ելույթում կարձանագրի նախագահ Քոչարյանը,- անասուններն այստեղ իրականացնում էին իրենց բնական պահանջները: Բայց վերջին 5-6 տարում մենք հետաքրքիր ծրագրեր ենք մշակել կարտոֆիլագործության բնագավառում եւ ունենք բավականին հուսադրող թվեր: Ապացույցը՝ կարտոֆիլի այս պահեստն է, որը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին: Այնուհետեւ նախագահը կպատասխանի ազատ, բայց պատասխանատու լրատվամիջոցների հարցերին: – Պարոն նախագահ, ինչպես եք վերաբերվում ընդդիմադիր թեկնածուների այն պնդումներին, իբր ոչ մի տնտեսական աճ էլ չկա: Նախագահը մի քիչ կվրդովվի. – Ես պարզապես զարմանում եմ, թե ինչպես եք դուք, լրագրողներդ, ուշադրություն դարձնում տարբեր կազյոլների ասածներին, որոնք համարձակվում են պնդել, թե ես ինչ-որ հարցում սխալ եմ: Այդ բոսյակները ի՞նչ են հասկանում տնտեսությունից, որ դեռ ասեն, տնտեսական աճ կա, թե չկա: Պետք է, չէ՞, վերջապես, մենք քաղաքական կուլտուրա ձեռք բերենք ու հարգալից վերաբերմունք դրսեւորենք ընդդիմախոսների նկատմամբ: Տնտեսական աճը բոլորիս աչքի առաջ է: Այ, հարցրեք հասարակ ժողովրդից՝ տնտեսական աճ կա՞, թե՞ չկա: – Կա, բալա ջան, կա: Դու մեր թագավորն ես,- կասի նախագահի կողքին պատահականորեն հայտնված մի տատիկ: – Մի՛ լսեք այդ զազրախոսներին,- կմիջամտի Հովիկ Աբրահամյանը՝ նկատի ունենալով, բնականաբար, ընդդիմադիր թեկնածուներին,- դուք, պարոն նախագահ, այդքան շատ բան եք արել էս ժողովրդի համար, որ պարզապես կույր է պետք լինել՝ դա չնկատելու համար: – Բայց այդ զազրախոսությունները կարելի է կարդալ նաեւ մամուլի որոշ հրապարակումներում,- կհարցնի մեկ այլ ազատ, բայց պատասխանատու լրագրող,- որքա՞ն դա կարող է շարունակվել: Մինչեւ ե՞րբ դուք պետք է այդքան զուսպ, բարի եւ հանդուրժող լինեք: – Ձեր հարցադրումն, իհարկե, ճիշտ է,- կպատասխանի նախագահը,- ես, բնականաբար, ունեմ բոլոր իրավական եւ բարոյական հիմքերը՝ լռեցնելու իմ քննադատողներին: Ինչու ես դա չե՞մ անում: Գիտեք, ես լավատես եմ: Ես դեռ հույս ունեմ, որ այդ մարդկանց խիղճը կարող է արթնանալ, եւ նրանք կհասկանան, որ չի կարելի, բարոյական չէ խոսել սեփական երկրի հարազատ ղեկավարության թերությունների մասին: Հայաստանի ոչ մի քաղաքացի, ոչ մի հայ մարդ դա պարզապես չպիտի իրեն թույլ տա: Բայց եթե այդ մարդիկ չփոխեն իրենց կեցվածքը, մենք, այո, ստիպված կլինենք կիրառել օրենքով նախատեսված համապատասխան միջոցները: Վերջին հա՞րցը, երեւի: – Պարոն նախագահ,- կհարցնի երրորդ ազատ, բայց պատասխանատու լրագրողը՝ փոքր-ինչ ապշած նախորդ պատասխանից բխող նախագահի լայնախոհությունից,- ինչպես հայտնի է, ձեզ հասել է ծանր ժառանգություն՝ ավերված տնտեսություն, կոռուպցիա, գործազրկություն: Միայն ձեր հերոսական ջանքերի շնորհիվ է, որ 5 տարում այդ բոլոր թերությունները վերացվել են: Բայց ո՞վ պետք է պատասխան տա քայքայված տնտեսության, թալանված գործարանների համար, այս նախկին ախոռի համար: – Ես համաձայն եմ ձեր հարցադրման հետ,- կպատասխանի նախագահ Քոչարյանը,- ժողովուրդն արդարություն է ուզում: Ուզում է, որ բոլոր թալանչիները պատժվեն: Ես իմ նախընտրական ծրագրում հենց այդպես էլ գրել եմ՝ ով իմ հետ չէ, նա իմ դեմ է: Ուշ երեկոյան, խնջույքից հետո, նախագահը կվերադառնա Երեւան: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Երեկ երեկոյան Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը շտկել է իր սխալը եւ այսուհետ նախագահի նախընտրական քարոզարշավի մասին ռեպորտաժները կլինեն իրական։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել