Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ՉԿԱ ՊԱՐՏԱՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆ

Հունվար 30,2003 00:00

ԵՐԲ ՉԿԱ ՊԱՐՏԱՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆ Այդ դեպքում նախ եւ առաջ տուժում է ընդհանուր գործը Հայկական ֆուտբոլի համար 2003 թվականը նույնպես լինելու է պատասխանատու մրցելույթներով հագեցած տարի։ Մասնավորապես, մեր ազգային հավաքականը շարունակելու է մասնակցել Եվրոպայի 2004 թ. առաջնության խմբային մրցաշարին եւ արդեն մարտի վերջին եւ ապրիլի սկզբին երկու ծանր խաղ ունի անցկացնելու Հյուսիսային Իռլանդիայի (Երեւանում) եւ Իսպանիայի (մրցակցի դաշտում) ընտրանիների հետ։ Պակաս լուրջ փորձություններ չեն սպասվում նաեւ մեր առաջատար ակումբներին, որոնք հանդես են գալու Եվրագավաթների խաղարկություններում։ Հասկանալի է, որ ապագա հաջողությունների հիմքը դրվում է այսօր՝ նախապատրաստական շրջանում ակումբների կազմակերպած մարզումների, ուսումնամարզական հավաքների ընթացքում։ Սակայն, թերեւս, ամենակարեւորը մեզ համար Հայաստանի առաջնությունը հաջող սկսելն ու անցկացնելն է, որից մեծապես կախված է լինելու միջազգային ասպարեզներում լավ կամ վատ մրցելույթներ ունենալը։ Իսկ դրա համար նախ եւ առաջ պահանջվում է, որպեսզի ֆուտբոլային աշխարհի յուրաքանչյուր օղակ ճիշտ եւ ժամանակին կատարի իր պարտականությունները։ Այսօր ՀՖՖ-ի առաջնային խնդիրներից մեկն ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ գտնելն է, որով նա զբաղվում է։ Եվ հուսանք, որ հարցը շուտով կլուծվի։ Սակայն դեռեւս անորոշ են երկրի առաջնության ու գավաթի խաղարկության անցկացման հետ կապված խնդիրները։ Եվ դրա մեղավորը գլխավորապես ակումբներն են։ Համաձայն կանոնակարգի, նրանք առաջնությանը մասնակցելու համար պետք է մուտքավճար կատարեն ֆեդերացիա։ Սա նորություն չէ։ Սակայն, ինչպես երեկ մեզ ասացին ՀՖՖ-ում, վատ սովորության ուժով բարձրագույն եւ առաջին խմբերի եւ ոչ մի ակումբ դեռ որեւէ մուծում չի կատարել։ Փոխարենը, դրանց մի մասը բավարարվել է հայտ ներկայացնելու բանավոր խոստումով, ակումբներ էլ կան, որոնք առայժմ ընդհանրապես լռում են։ Ստեղծված իրավիճակում ֆեդերացիան, մեր կարծիքով, հայտնվել է անորոշության մեջ։ Քանի դեռ այստեղ հստակ ու ճշգրիտ չգիտեն, թե որ խմբում քանի թիմ է հանդես գալու, խաղացանկը կազմելու մասին խոսելն իսկ անիմաստ է։ Հայտեր ներկայացնելու ժամկետը լրանում է այս ամսվա վերջին։ Այսինքն, ժամանակ գրեթե չի մնում։ Եվ եթե անգամ պատկերացնենք, որ ակումբները կհասցնեն իրենց մասնակցությունը հաստատել վերջին օրերին, ապա ֆեդերացիան է հայտնվելու ցայտնոտում։ Հարկավոր է լինելու շատ արագ կազմել խաղացանկերը, որոնք ընթացքում անպայման փոփոխությունների կարիք կունենան։ Այնուհետեւ, վերջնական տարբերակը գուցե պետք է արժանանա ակումբների հավանությանը, ու նորից դրա վրա աշխատելու հարկ կլինի։ Իսկ ժամանակը նման դեպքերում չի սպասում։ Հետո էլ, բացառված չէ, որ տարվա ընթացքում դժգոհողներ լինեն անհաջող ու թերի խաղացանկից։ Մինչդեռ ակումբներում պարտաճանաչություն ու մի փոքր էլ գիտակից կազմակերպվածություն լինելու դեպքում՝ լավ ու արդյունավետ աշխատելու ժամանակ կլիներ։ Բայց կա նաեւ խնդրի մյուս կողմը։ Արդեն մեկուկես-երկու ամիս է, ինչ մեր ակումբները մարզվում են, ուսումնամարզական հավաքներ են կազմակերպվում՝ նախապատրաստվում են։ Բայց հետաքրքիր է՝ ինչի՞ն։ Բնականաբար, առաջնությանն ու գավաթի խաղարկությանը։ Տեսնես ակումբների ղեկավարները, ծրագրեր կազմած մարզիչները գիտե՞ն, թե, ասենք, բարձրագույն խմբում քանի մրցակից են ունենալու, առաջնությունը երբ է մեկնարկելու, որքան է տեւելու, քանի շրջանով է անցկացվելու… Սրանք հարցեր են, որ միայն առաջին հայացքից կարող են անկարեւոր թվալ։ Չէ՞ որ սպորտում, այդ թվում՝ նաեւ ֆուտբոլում, նախապատրաստական ծրագրերը կազմելիս անում են այնպես, որպեսզի մարզիկը կամ թիմը լավագույն մարզավիճակ ձեռք բերի պահանջվող ժամանակահատվածում։ Իզուր չի ասված. «Լավ սկիզբը գործի կեսն է»։ Մարզիչները, որ անպայման պարտավորություններ ստանձնած կլինեն ակումբների ղեկավարների առջեւ, նախապես գիտե՞ն, թե ֆուտբոլիստը տարվա ընթացքում ինչպիսի ծանրաբեռնվածություն է ունենալու՝ ուժերը ճիշտ բաշխել է պետք։ Թե՞ մտածում են, որ ընթացքում կհարմարվեն իրադարձությունների զարգացմանը։ Եթե ասվածը ճիշտ է, կներեք, բայց անլուրջ վերաբերմունքի, մոտեցման հոտ է գալիս։ Եվ, վերջապես, ոչ ոք չի ժխտում, որ բոլորի գերխնդիրն ազգային հավաքականն է, որի առջեւ միշտ պահանջներ են դրվում, ու տարեցտարի դրանց ձողը բարձրացվում է։ Ով էլ ստանձնելու լինի հավաքականի ղեկը, անպայման թեկնածուներ է ընտրելու նաեւ տեղացի ֆուտբոլիստներից, առաջնության խաղերի մասնակիցների մեջ։ Այսինքն, նա պետք է խաղացողին տեսնի դաշտում, գործի մեջ։ Այս հարցում, համաձայնեք, ապագա գլխավոր մարզիչն այնքան էլ բարվոք վիճակում չի լինելու։ Կրկին հիշենք, որ ամենամոտ ապագայում մեր ազգային հավաքականը երկու պատասխանատու հանդիպում ունի անցկացնելու։ Եվ տարեվերջին, Աստված մի արասցե, եթե ինչ-որ բան այն չլինի, ամեն մեկը կսկսի մեղավորներ փնտրել շրջապատում, ու ոչ ոքի մտքով էլ չի անցնի, որ դրանում ինքն էլ մեղքի իր բաժինն ունի։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել