Լրահոս
Օրվա լրահոսը

Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել հայկական արտադրանք գնել

Սեպտեմբեր 24,2026 23:44 Share

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը եվրոպացի սպառողներին կոչ է արել գնել հայկական ապրանքներ՝ ԵՄ խորհրդի՝ Հայաստանից ներմուծվող արտադրանքի համար մաքսատուրքերը երկու տարով կասեցնելու որոշումից հետո։ «Հաջորդ անգամ, երբ շաբաթական գնումներ կատարեք, փնտրեք հայկական արտադրանք»,- Instagram-ում գրել է Կոսը:

Ըստ նրա՝ գնումների զամբյուղում «փոքր ընտրությունը» կարող է օգնել հայ գյուղացիներին և արտադրողներին, ինչպես նաև աջակցել հայ ժողովրդի՝ սեփական ապագան ընտրելու իրավունքին։ «Այսօր մենք որոշեցինք մեր շուկան բացել հայկական արտադրանքի գրեթե 80 տոկոսի համար՝ ծիրանից և կեռասից մինչև լոլիկ ու ծաղիկներ»,- գրել է հանձնակատարը։

Նա նշել է, որ այս քայլով ԵՄ-ն փորձում է հայկական գյուղացիների և արտադրողների համար նոր հնարավորություններ ստեղծել այն բանից հետո, երբ Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի արտադրանքի մուտքը իր շուկա։

Կոսի գնահատմամբ՝ սահմանափակումները կիրառվել են այն բանից հետո, երբ Հայաստանը ժողովրդավարական ճանապարհով ընտրել է Եվրոպային ավելի մոտենալու ուղին։ Հանձնակատարը հատուկ անդրադարձել է նաև հայկական լավաշին՝ նշելով, որ այն ներառված է արտոնյալ ռեժիմով ԵՄ շուկա մուտք գործելու հնարավորություն ստացող ապրանքների շարքում։

«Արտադրանքներից մեկը նաև հայտնի հայկական լավաշն է։ Անցյալ տարի ես այցելեցի ավանդական հացատուն և տեսա, թե ինչպես է այն պատրաստվում։ Շատ համեղ է»,- գրել է նա։ ԵՄ խորհուրդը սեպտեմբերի 24-ին պաշտոնապես ընդունել էր կանոնակարգ, որով երկու տարով կկասեցվեն Հայաստանից ներմուծվող ապրանքների լայն շրջանակի մաքսատուրքերը։ Ռեժիմը պետք է կիրառվի կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո։ Այն նաև ներառում է ԵՄ շուկայի պաշտպանության մեխանիզմներ՝ եվրոպացի արտադրողներին հնարավոր վնասից պաշտպանելու համար։

factor.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել