Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության երաշխիքը Քոչարյանն է»

Փետրվար 07,2003 00:00

«Խաղաղության երաշխիքը Քոչարյանն է» Համոզված է կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը -Տեղական իշխանությունները հետապնդում են այն շարքային քաղաքացիներին, որոնք ելույթներ են ունենում ընդդիմադիր թեկնածուների հետ հանդիպումների ժամանակ: Ասենք, այդպես եղավ նաեւ այն ժամանակ, երբ Դեմիրճյանի հետ հանդիպումներից մեկում մի գյուղացի քննադատեց Ձեզ՝ պրն Մանուկյան: Արդյոք այսպե՞ս չի ձեւավորվում վախի մթնոլորտը: – Այդ մարդը, որ նման ելույթ էր ունեցել՝ վիրավորանքներ հասցնելով ինձ՝ նամակ է գրել եւ ներողություն խնդրել ինձնից: Գրել է, թե իրեն սովորեցրել էին, որ ելույթ ունենա իմ դեմ: Ինչ վերաբերում է վախի մթնոլորտին՝ ճիշտն ասած, չեմ պատկերացնում սրանից ավելի ժողովրդավարություն նման տիպի երկրներում: Թերթերը գրում են ի՜նչ ասես: Հանրահավաքների ժամանակ խոսում են ինչի՜ մասին ասես: Եվ Ձեզնից եմ լսում, որ հետապնդում են այդ խոսողներին (նման մի դեպք ներկայացրել էինք «Առավոտի» շաբաթ օրվա համարում.- Ա. Ի.): Գուցե ելույթ ունեցողից պատասխան են պահանջել մեկ այլ թեկնածուի կողմնակիցնե՞րը: Բայց տեսե՞լ եք, որ մեկնումեկը հետապնդվի իրավապահների կողմից կամ ենթարկվի պատասխանատվության ելույթների համար: Հավատացեք՝ համենայն դեպս, գործող նախագահին ձեռնտու չէ, որ երկրում լարվի մթնոլորտը: Եվ այդ պատճառով նա ամեն անգամ կոչ է անում՝ եկեք քաղաքակիրթ անցկացնենք քարոզարշավը, չվիրավորենք իրար, ծրագրե՞ր ունեք՝ ներկայացրեք դրանք: Բայց բացի Ռոբերտ Քոչարյանից՝ մնացած բոլորի ծրագիրը Քոչարյանին քննադատելն է եւ «հեռացիր» գոռալը: Մի քանի նախադասություն անգիր անում՝ ելնում ամեն հանդիպման ժամանակ նույն բանն են ասում, որովհետեւ ասելիք չունեն ժողովրդին: Նրանց ծրագրերից 10 անգամ ավելի գեղեցիկ ծրագիր կգրեի ես: Եվ եթե Ձեզ թվում է, որ ես նրանցից պակաս թեկնածու եմ՝ շատ եք սխալվում: Բայց ես հասկանում եմ՝ մեր երկիրը գտնվում է պայթունավտանգ տարածաշրջանում: Սառեցված պատերազմի մեջ ենք՝ Ադրբեջանի հետ կնքված է միայն զինադադար: Այդ երկիրը՝ Թուրքիայի հետ միասին շարունակում է պահանջել «գրավյալ տարածքների» վերադարձ: Մենք ասում ենք՝ չենք վերադարձնելու, քանի որ դրանք մեր պատմակա՛ն, մեր պապերի8217 հողերն են: Ի՞նչ է, Ձեզ թվում է՝ այս 3 միլիոնանոց ժողովո՞ւրդը, 70 հազարանոց բանա՞կն է, որ Թուրքիային ու Ադրբեջանին թույլ չեն տալիս վերադարձնել այդ հողերը: Ո՛չ: Դա Ռոբերտ Քոչարյանի գործոնը, դերն է: Նա8217 է այսօրվա խաղաղության երաշխավորը: Եթե նա չընդունվեր Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ամերիկայի, Գերմանիայի եւ այլ խոշոր տերությունների կողմից՝ արդյոք Թուրքիան կամ Ադրբեջանը չէի՞ն հանդգնի վերսկսել պատերազմը: Ի՛նչ է, ուզում են, որ կառուցվի մի Եռաբլո՞ւր էլ: – Եթե Քոչարյանը փետվարի 19-ին վերընտրվի էլ՝ միեւնույն է, 5 տարի հետո՝ ըստ Սահմանադրության, նա այլեւս հնարավորություն չի ունենալու առաջադրել իր թեկնածությունը: Ձեր նկարագրությունից դատելով՝ հենց Քոչարյանի գործոնն այլեւս չլինի՝ սկսվելու է պատերա՞զմ: – Ոչ, ոչ: Այսօր է իրավիճակն այդպիսին: Տա Աստված՝ 5 կամ 1 տարի հետո այս խնդիրները կլուծվեն, կկարգավորվեն ու խաղաղություն կհաստատվի մեր տարածաշրջանում: Վաղը սպասվում է Իրաքի դեմ պատերազմ: Բոլորս էլ լավ հասկանում ենք ամեն ինչ՝ մենք արդյոք համոզվա՞ծ ենք, որ եթե ընտրվի Ռոբերտ Քոչարյանից բացի որեւէ այլ թեկնածու՝ Պուտինը կընդունի նրան: Ես համոզված չեմ: Ի՛նչ է՝ Ձեզ թվում է, թե պատահակա՞ն էր Լուժկովի այցը Հայաստան: – Լուժկովը հայտարարեց, թե իր այցը չունի քաղաքական ենթատեքստ: – Նա այդպես ասաց, բայց այս կյանքում չի լինում պատահական ոչ մի բան: Ի՛նչ է՝ Լուժկովն ուրիշ ժամանակ չուներ, հենց ընտրություններից առա՞ջ պետք է գար Հայաստան այդ հսկա շքախմբով: Եկավ, որ ասի՝ հայ ժողովուրդ, մենք Քոչարյանի կողմնակիցն ենք, նրան ենք պաշտպանում, խելքի եկեք՝ ընտրեք այդ մարդուն, որ մենք էլ օգնենք Հայաստանին ու ամեն ինչով պաշտպան կանգնենք: Ռուսաստանի իշխանությունները պաշտպանում են Քոչարյանին: Եվ այսօր մեր տարածաշրջանի խաղաղության երաշխիքը հենց Քոչարյանն է: – Ռուսաստանի իշխանության եւ ոչ մի բացահայտ հայտարարություն չի եղել, թե պաշտպանում են Քոչարյանին: – Այո, բացահայտ չի եղել: Ի՛նչ է, Ձեզ թվում է, բացահա՞յտ պետք է ասեին դա: Մենք չե՞նք հասկանում դա: Չունե՞նք այդքան ինտելեկտ, որ հասկանանք, թե ինչ են նշանակում այս այցերը: Ես համոզված չեմ, որ եթե Քոչարյանից բացի մեկ ուրիշն ընտրվի՝ կընդունվի աշխարհի կողմից: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել