Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում ալարում են ծափահարել»

Փետրվար 07,2003 00:00

«Հայաստանում ալարում են ծափահարել» Դիրիժոր Տիգրան Սարգսյանի կարծիքով, հայաստանցի երաժշտասերներն ալարում են ծափահարել, այն դեպքում, երբ երաժիշտը լսարանի տպավորությունը համերգից «ստուգում» է ծափահարություններով։ Նա նաեւ գտնում է, որ հայաստանցի հանդիսատեսը չափազանց խստապահանջ է ու որեւէ մեկին չի հաջողվի նրան ցանկացած բան «հրամցնել»։ Հիշեցնենք, որ Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտ Տիգրան Սարգսյանը ավարտել է նաեւ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, հայտնի դիրիժոր- մանկավարժ Իլյա Մուսինի դասարանը։ Տ. Սարգսյանը հրավերներով հանդես է եկել աշխարհի հայտնի նվագախմբերի հետ։ Այսօր նա դարձյալ հանդես կգա ՀՊՖՆ-ի հետ, իսկ համերգը տեղի կունենա Ամերիկյան համալսարանի դահլիճում, քանի որ բոլոր համերգային դահլիճները չեն գործում վերանորոգման պատճառով։ Տ. Սարգսյանը հավաստիացնում է, որ ինքը Երեւանում միշտ լավ է ընդունվել՝ լեցուն դահլիճներ, բուռն ծափահարություններ, սակայն խոստովանում է, որ այնքան էլ չէր ընկճվի, եթե դրա հակառակն էլ պատահեր։ «Ժողովուրդը պիտի նորմալ կյանքով ապրի, որ մշակույթի օջախներ հաճախի, որովհետեւ ոչ կուշտ մարդը հաստատ չի գնա Չայկովսկի լսելու,- ասում է նա՝ վերահաստատելով հայտնի միտքը, որ արվեստն ու մարդկանց կենսամակարդակը փոխկապակցված են։- Օրինակ, ՀՊՖՆ-ի վիճակը վատ չէ, եթե այն դիտենք հայաստանցիների կենսամակարդակի ֆոնի վրա։ Բայց ՀՊՖՆ-ն չի կարող համեմատվել, դիցուք, Ռուսաստանի օրկեստրի հետ»։ Ըստ դիրիժորի, միջոցների բացակայությամբ է պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը մոնոնացիոնալ է, միատարր, այսինքն, այստեղ միայն ազգությամբ հայեր են աշխատում. «Իսկ արտասահմանյան օրկեստրների բյուջեն թույլ է տալիս, որ իրենք երաժիշտներ հրավիրեն աշխարհի լավագույն խմբերից, մի բան, որ ՀՊՖՆ-ն անել չի կարող»։ Ուստի, Տ. Սարգսյանը վստահ է, որ եթե ՀՊՖՆ-ի վիճակն էլ առաջիկայում լավանա եւ կարողանա «դրսից» երաժիշտներ հրավիրել, գուցե այստեղ հայերը կքչանան։ Դիրիժորը նաեւ կարծում է, որ Հայաստանում (եւ ոչ միայն) ամեն ինչ այլ ընթացք կունենար, եթե յուրաքանչյուրն իր դաշտում իր գործն աներ եւ լավ աներ։ Քանի որ հաճախ մարդիկ իրենց աշխատանքները լավ չեն անում՝ տրտնջալով ցածր վարձատրությունից, իսկ վատ աշխատելուց, միեւնույն է, վարձատրությունը չի բարձրանում։ Ի դեպ, Տ. Սարգսյանը փորձեց «սրբագրել» նաեւ ՀՀ նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի «Աշխատենք միասին» կարգախոսը. «Ես նախագահի «Աշխատենք միասին» կարգախոսին կավելացնեի՝ «Լա՛վ աշխատենք միասին» կամ՝ «Բարեխղճորեն աշխատենք միասին»։ Ըստ դիրիժորի, միայն այդ դեպքում հնարավոր կլինի կասեցնել Հայաստանից արվեստագետների արտագաղթը, որովհետեւ մտավախություն ունի, որ «երբ միջոցներ գտնվեն նրանց ըստ արժանվույն վարձատրելու, վերջիններս երեւի վաղուց լքած կլինեն Հայաստանը»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել