Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոնայք, հանգստացեք, ՀՀՇ-ն չի վերադառնում իշխանության»

Փետրվար 26,2003 00:00

«Պարոնայք, հանգստացեք, ՀՀՇ-ն չի վերադառնում իշխանության» Իսկ «Ռ. Քոչարյանը ձգտում է Սադամի դափնիներին» Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը «պաշտպանելու է այն թեկնածուին, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. երկուսից միայն մեկն ունի նման կարգավիճակ»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը։ Ըստ բանախոսի, ՀՀՇ-ի գերխնդիրը Հայաստանում օրինական իշխանության հաստատումն է, իսկ դա կլինի միայն այն դեպքում, «երբ ՀՀ նախագահի պաշտոնը կզբաղեցնի ՀՀ քաղաքացի»։ Դ. Շահնազարյանը նաեւ կարծում է, որ «մենք հիմա բացառիկ հնարավորություն ունենք օրինական իշխանություն ձեւավորելու», ուստի ՀՀ քաղաքացիներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել հանրահավաքների։ Օրինական իշխանության պարագայում Դ. Շահնազարյանը վստահ է, որ Հայաստանը հնարավորություն կունենա «տարածաշրջանում առաջատար երկիր դառնալու, ոչ թե կազմակերպված», քանզի «մեզ կարգ ու կանոն պետք չէ, այլ զարգացում եւ օրինականություն»։ ՀՀՇ-ն մնալու է ընդդիմություն, բայց «ամեն ինչ անելու ենք, որ լինենք օրինական իշխանության ընդդիմություն»։ Իսկ եթե Քոչարյանին, այնուամենայնիվ, հաջողվի տանկերի միջոցով իշխանություն պահել, ապա որոշ ժամանակ անց «ստիպված կլինի հայտարարել, որ Հայաստանը մեկուսացված է»։ Ինչ վերաբերում է ընտրությունների առաջին փուլին՝ «քարոզարշավի քաղաքական մակարդակը շատ ցածր էր», ինչն, ըստ բանախոսի, զիջում էր ՀՀ-ում տեղի ունեցած թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական բոլոր ընտրություններին։ Իսկ ամենակարեւորը՝ «իշխանության թեկնածուի ձայները կեղծված են ավելի քան կես միլիոն ձայնով։ Քոչարյանի օգտին քվեարկածների իրական թիվը չի գերազանցում 14%-ը»։ Ընտրողների՝ մոտ 2 մլն 300 հազար պաշտոնապես հայտարարված թիվը Դ. Շահնազարյանին տարակուսանքի տեղիք է տալիս. «Ցավոք, Հայաստանի ողջ բնակչությունն ավելի քիչ է»։ Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի, այսպես կոչված, նախնական արդյունքներին՝ հենվելով բացառապես Արտակ Սահրադյանի հայտարարությունների վրա, ՀՀՇ վարչության անդամը արձանագրեց. «Առաջին տեղը զբաղեցրած թեկնածուն ունի 49,8% ձայն։ Այսինքն, առաջին փուլում հաղթելու համար չի հերիքում ընդամենը 3 հազար կամ պակաս ձայն։ Իսկ նախնական արդյունքներ նշանակում են, որ մի քանի տեղամասեր դեռեւս բացված չեն, մի տեղամասում մինչեւ 2000 ընտրող կա։ Այսինքն, մի քանի տեղամասի արդյունքներն էապես կարող էին փոխել ընտրության արդյունքները։ Այսինքն, 49,8%-ի դեպքում Ա. Սահրադյանը պետք է հայտարարեր, որ նախնական արդյունքներով պարզ չէ՝ 2-րդ փուլ լինելո՞ւ է, թե՞ ոչ»։ Այս երեւույթին քաղաքական գնահատական տալը Դ. Շահնազարյանն անիմաստ համարեց, քանզի «դրա գնահատականները Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներում են»։ Եվ եզրակացրեց, որ «դա եղել է քաղաքական որոշում, որն ընդունել է ո՛չ ԿԸՀ-ն»։ Իսկ թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, իշխանությունները հենց առաջին փուլում չհռչակեցին հաղթանակ, Դ. Շահնազարյանի համոզմամբ, դրան խանգարեց ժողովրդի ակտիվ մասնակցությունն ընտրություններին։ Նաեւ՝ արձանագրված խախտումները, հրապարակված հաղթական ցանկացած թվի պարագայում՝ «անմիջապես վտանգի տակ էին դնելու ընտրությունների ողջ ընթացքը»։ Այսպիսով, «նրանք պարտադրված գնացին այդ քայլին»։ Եվ, ըստ այդմ, «վերջին օրերին սկսված զանգվածային ռեպրեսիաներն իշխանությունը պահելու միակ միջոցն են»։ «Ձերբակալվածները եւ կալանվածները քաղաքական բանտարկյալներ են»,- հայտարարեց ՀՀՇ վարչության անդամը եւ փաստեց, որ նրանց անմիջական ազատելը ոչ միայն մեր, այլ ողջ միջազգային հանրության խնդիրն է։ Իսկ ՀՀ ՊՆ-ի կոլեգիայի հայտարարությունից հետո՝ «միջազգային հեղինակության այն փշրանքները, որ մնացել էին՝ արդեն գոյություն չունեն»։ Ուղղակիորեն միջամտելով քաղաքական հարցերին, նրանք հայտարարեցին, որ պատրաստ են ռազմական գործողությունների գնալ քաղաքացիական հասարակության հետ՝ պաշտպանելով ներկայիս անօրինական իշխանություններին։ Ղարաբաղի հարցում վարվող քաղաքականության արդյունքում, Դ. Շահնազարյանի կարծիքով, Հայաստանին սպառնում է ագրեսոր հռչակվելու վտանգը, ինչպես նաեւ՝ «ՀՀ-ն այսօր արդեն կանգնած է պատերազմի շեմին»։ Իբրեւ ապացույց, բանախոսը բերեց Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի դեկտեմբերի 14-ի հայտարարությունը, որտեղ «նա հստակորեն ասում է, որ ռազմական գործողություններ սկսելու խոսքը պատկանում է Ադրբեջանին»։ Եվ ընդհանրապես, «Ադրբեջանի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը շահագրգռված են, որ Քոչարյանը մնա իշխանության։ Դրանով են պայմանավորված, այսպես կոչված, հակաքոչարյանական ցույցերը»։ Դ. Շահնազարյանը մտավախություն ունի նաեւ, որ «իշխանության ներսում պրոցեսներ կարող են ընթանալ, որը կբերի հերթական հեղաշրջմանը»։ Բայց՝ «դա մենք թույլ չենք տա. ներկայիս իշխանությունը հեռանալու է բացառապես օրինական ճանապարհով»։ Դատապարտելով իշխանությունների գործողությունները եւ դրանք սադրանք որակելով, Դ. Շահնազարյանը փաստեց, որ «նրանք մեր հասարակությանը դրդում են ապստամբության»։ «Ծանոթ չէ՞, արդյոք, տանկերով իշխանություն պահելու տեսարանը» հարցի պատասխանը կոնկրետ էր. «Ծանոթ է, այո՛, դուք 96-ն եք ակնարկում. 96-ի իմ գնահատականները եւս տվել եմ դեպքերից անմիջապես հետո եւ դրանք ինձ համար չեն փոխվել»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել