Լրահոս
Օրվա լրահոսը

Իզուր տեղը թուղթ են փչացնում

Մարտ 01,2003 00:00

Իզուր տեղը թուղթ են փչացնում Նախագահական ընտրությունների առաջին փուլից առաջ մամուլն արդեն գրել էր, որ իշխանությունը տպագրել է մոտ կես միլիոն հավելյալ քվեաթերթիկներ, որոնք բաժանվել էին տեղամասերում հանձնաժողովների նախագահներին, իշխանամետ անդամներին, Քոչարյանի վստահված անձանց, շտաբներին եւ ընտրակեղծարար ավազակախմբերին: Ի դեպ, կրկին նշեմ, որ քվեաթերթիկների հավելյալ տպաքանակ տպելը քրեական հանցագործություն է, որի համար, սակայն, հասկանալի պատճառներով, ոչ ոք չի պատժվել: Այդ ակցիայի նպատակն էր՝ հավելյալ քվեաթերթիկները կնքելուց եւ ստորագրելուց հետո նշում կատարել Քոչարյանի օգտին եւ հիշյալ «հավատարիմ» մարդկանց միջոցով լցնել դրանք քվեատուփերը: Սակայն իշխանությունը գերագնահատեց այդ մարդկանց հավատարմությունը, որովհետեւ նրանցից շատերը, որքան էլ լինեն գործող նախագահի կողմնակիցները, չեն ուզում հանուն նրա գնալ հանցագործության: Հավանաբար, այդ է պատճառը, որ նրանցից մեկը, ձեռքի վրա ունենալով արդեն կնքած եւ ստորագրած քվեաթերթիկներ /բնականաբար, հօգուտ Ռոբերտ Քոչարյանի նշումով/, լցնելու փոխարեն դրանք բերել է «Առավոտի» խմբագրություն: (Տես՝ լուսանկարում): Իշխանությունն արդեն տպագրել է երկրորդ փուլի համար հավելյալ հազարավոր քվեաթերթիկներ, որոնց մի մասն արդեն ուղարկել է տեղամասեր: Սակայն, ինչպես արդեն ասացի, տեսամասերում մեծ մասամբ նորմալ հայ մարդիկ են, որոնք չեն ուզում ընտրությունները կեղծել հօգուտ Քոչարյանի: Ուստի հուսով ենք, որ այդ քվեաթերթիկների լուսանկարը նույնպես կհայտնվի «Առավոտի» էջերում: Ա. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել