Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆՉԵՎ 2-ՐԴ ՓՈՒԼ

Մարտ 01,2003 00:00

ՄԻՆՉԵՎ 2-ՐԴ ՓՈՒԼ Ներկայացնում ենք «Արմատ» կազմակերպության անդամ, ԱԱՆ նախկին փոխնախարար եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Տիգրան Սեդրակյանի դիտարկումները ընտրությունների վերաբերյալ: Վերջինիս դիտարկմամբ, փետրվարի 19-ի ընտրությունները անկախ Հայաստանի պատմության մեջ ամենահակաժողովրդավարական ընտրություններն էին, որի ընթացքում անօրինականություններն ու բռնությունները հասել են անհավանական չափերի: Ըստ պրն Սեդրակյանի՝ ընտրությունների արդեն առաջին փուլը ցույց տվեց, որ Քոչարյանի վարչախմբի անօրինական իշխանավարության շարունակումը սպառնում է մեր երկրի անվտանգությանն ու կայունությանը: Ավելին՝ «ընտրական անօրինախախտումները ոչ միայն չեն պատժվում, այլեւ՝ խրախուսվում է հենց Քոչարյանի կողմից, դրանք կասեցնելու, այդ հանցագործությունները կատարած անձանց նկատմամբ Քոչարյանի վարչախումբը ոչ մի անգամ դատաքննություն չի իրականացրել, եւ դա հասարակության մեջ կարծիք է ձեւավորել, թե ընտրական հանցագործությունների համար կարելի է անպատիժ մնալ, որ դրանք պետք է շարունակվեն նաեւ ընտրությունների երկրորդ փուլում»: Մինչդեռ, Տ.Սեդրակյանի համոզմամբ, «քանի դեռ ընտրական հանցագործությունների կատարողները պատասխանատվության չեն ենթարկվել, հասարակության մեջ ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահություն չի կարող ձեւավորվել»: Մեր զրուցակիցը հատուկ շեշտեց՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ՀՀ Քրեական օրենսգիրքը շատ կոնկրետ պատիժներ է սահմանել ընտրական հանցագործությունների համար, որոնք այսօր կարծես մոռացության են տրվել, թեեւ ընտրությունների ընթացքում այդպիսիք զանգվածային բնույթ են կրել: Նա հիշեցրեց մասնավորապես ՔՕ հոդված 133-ի 1-ին կետը, որով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու համար սահմանված է պատիժ՝ ազատազրկում՝ 2-5 տարի: «Կամ ընտրողների ցուցակների կազմելու կարգը խախտելը, ինչի վերաբերյալ բազմաթիվ փաստեր կան»: ՔՕ-ով այդպիսի օրինախախտում արած կամ դրա համար պատասխանատու անձը պատժվում է մինչեւ 1 տարի ազատազրկմամբ կամ նրան արգելվում է որոշակի գործունեությամբ զբաղվել՝ մինչեւ 2 տարի ժամանակով: «Այսինքն, ՀՀ ՔՕ-ն այդ հանցագործությունները պատժելու ու կասեցնելու հնարավորությունները տալիս է, բայց այսօրվա իշխանություններին ձեռնտու չէ, որ օրենքն այս դեպքերում կիրառվի՝ դրանք առաջիկայում բացառելու համար»,- արձանագրեց Տ.Սեդրակյանը: Արդյունքում՝ «ըստ ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրության, պարզվում է ընտրությունների ընթացքում տեղի ունեցած Ընտրական օրենսգրքի կամ ՔՕ ընդամենը 7 օրինախախտման մասին է հաղորդում ստացվել, որից մեկի վերաբերյալ հարուցվել է քրգործ, իսկ երեքը մարզային դատախազություններում են: Մենք համոզված ենք, որ դրանցից ոչ մեկը մինչեւ մարտի 5-ը դատաքննության չեն ուղարկվելու, եւ այն մարդիկ, ովքեր հանցագործություն են կատարել մինչեւ ընտրությունների օրը, պատասխանատվություն չեն կրելու»,- հայտարարեց պրն Սեդրակյանը: Նկատենք, որ հիշատակված օրենսգրքերի կիրառումն այսօր ձեռնտու չէ Քոչարյանին, որովհետեւ իր թիմակից օրինախախտներին պատժելու դեպքում նա կզրկվի իր օգտին ընտրակեղծիքներ իրականացնողների մի ստվար բանակից, այն էլ՝ երկրորդ փուլի շեմին: Փոխարենը, ինչպես Տ.Սեդրակյանը նկատեց, «իշխանությունները շատ արագ արձագանքեցին ընդդիմադիրների կողմից թույլ տրված իրավախախտումներին», թեեւ մի դեպքում՝ ընտրակեղծիքների մասին է խոսքը, այդպես էլ չկոնկրետացվեց, ինչպես անում է ընդդիմությունը, կամ օրինախախտ որակվեցին իրենց սահմանադրական իրավունքից օգտված ու հանրահավաք-երթերին մասնակցածներ: «Մոդայիկ է խոսել հասարակության ներսում հանդուրժողականության, համաձայնության մթնոլորտի մասին: Մեր կարծիքով, այդպիսի մթնոլորտ պետք է ձեւավորված լիներ մինչեւ ընտրությունները, ինչի նախաձեռնողը երկրի նախագահն ինքը պետք է լիներ, մինչդեռ մենք ականատես ենք շարունակվող ընտրակեղծիքներին, վերջին օրերին տեղի ունեցող զանգվածային ձերբակալություններին, մարդկանց վարչական կալանքի ու տույժերի ենթարկելու փաստերին: Երբ մենք ուսումնասիրեցինք ձերբակալվածների ցուցակը, հետաքրքիր փաստ հայտնաբերեցինք: Այնտեղ բացակայում են, ասենք, Շիրակի կամ Սյունիքի մարզի ընդդիմադիր ակտիվիստների եւ վստահված անձանց անունները: Այսինքն, այն տարածքներում, որտեղ Քոչարյանը հաղթանակ է տարել, ամեն ինչ նորմալ է՝ իրավախախտումներ կամ ձերբակալվածներ չկան: Պատժվել են այն տարածքների ակտիվիստներն ու վստահված անձինք, որտեղ Քոչարյանը պարտություն է կրել: Ասել է թե, պատժիչ մեքենան աշխատում է բոլոր այն տեղերում, որտեղ ակտիվիստներն ու վստահված անձինք կարող են Քոչարյանին խանգարել երկրորդ փուլում եւս «բարեհաջող» ընտրություններ կազմակերպել եւ «ընտրվել»,- նկատեց մեր զրուցակիցը: Վերջինս վստահեցրեց, որ հատկապես այսօր է որոշվում, թե Հայաստանն առաջիկայում գնալու է ժողովրդավարությա՞ն, թե՞ բռնապետության ճանապարհով. «Քոչարյանի՝ կեղծիքներով վերընտրվելու դեպքում՝ Հայաստանում անկանխատեսելի գործընթացներ կարող են սկսվել: Չի բացառվում, որ ռեպրեսիաների նոր ալիք սկսվի, ինչը օր առաջ կարագացնի նրա իշխանության վախճանը»: Բայց նա 98-ին էլ անօրինական ձեւով եւ ընտրակեղծիքներով ընտրվեց ու իշխեց ամբողջ 5 տարի, թեեւ առավել եւս 99-ի հոկտեմբերի 27-ից հետո միշտ տպավորություն կար, թե ուր որ է պաշտոնանկ կարվի: «98-ի եւ 2003-ի միջեւ շատ մեծ տարբերություն կա՝ եւ Քոչարյանին սատարող ուժերի, եւ իրավիճակի փոփոխության իմաստով: Ես գտնում եմ, որ այսօր մի կողմից՝ համակարգային մեծ ճգնաժամ կա, մյուս կողմից՝ 98-ի համեմատ այսօր Քոչարյանին սատարող ուժերի թիվն է խիստ պակասել: Նույնիսկ ընտրական հանձնաժողովներում, պետական ապարատում, ուժային գերատեսչություններում ամենեւին էլ այն մթնոլորտը չի, ինչ կար 98-ին: Այսօր Քոչարյանի ռեժիմի դեմ ցասումը համընդհանուր է, եւ չեմ կարծում, թե նա ընտրվելու, կամ առավել եւս մի քանի ամիս եւս իշխանավարելու ռեսուրս ունի»: Իշխանությունից հրաժարվելու երկու տարբերակ կա՝ ինքնակամ կամ պարտադրված: Ըստ Տ.Սեդրակյանի, դրանցից ո՞րը կընտրի Քոչարյանը. «Մեր ժողովրդի եւ անձամբ Քոչարյանի համար ցանկալի կլինի, որ նա ինքնակամ հեռանա: Իսկ եթե է ոչ, ապա՝ Հայաստանն անկանխատեսելի ու ծանր հետեւանքներ կունենա»: Ասում են, նման հարցերում որոշակի է միջազգային հանրության տրամադրվածությունը: Չե՞ք կարծում, որ նույնիսկ ամենախայտառակ ընտրություններից ու Քոչարյանի ինքնահռչակումից հետո միջազգային հանրությունը կհամակերպվի ու կփորձի «կայունության» անվան տակ սատարել ոչ լեգիտիմ նախագահին, ինչպես եղավ 98-ից հետո: Կարծիք կա, որ Արեւմուտքին ձեռնտու է թույլ Հայաստան եւ ոչ լեգիտիմ նախագահ: «Չեմ կիսում այդ կարծիքը: ՀՀ-ում տեղի ունեցող ընտրությունները միջազգային հանրությանը հետաքրքրում են նաեւ այլ տեսանկյունից. մեր տարածաշրջանում ՀՀ-ից է սկսվում ընտրական ցիկլը: Դրան հաջորդելու են Վրաստանում խորհրդարանական, Ադրբեջանում՝ նախագահական ընտրությունները, եւ միջազգային հանրությունը շահագրգիռ է, որ տարածաշրջանում, ի վերջո, ձեւավորվեն ժողովրդավարական, օրինական, ժողովրդի վստահությունը վայելող իշխանություններ, ինչը նաեւ տարածաշրջանի երկրներում կայունության միակ երաշխիքն է, ինչը կարող է ապահովել նաեւ հակամարտությունների լուծումն ու ֆինանսական ներդրումները: Եթե ՀՀ-ում հերթական անգամ ձեւավորվեն ոչ լեգիտիմ իշխանություններ, նույն Արեւմուտքը ոչ մի երաշխիք չի կարող ունենալ, որ այստեղ ներքին կայունություն կլինի»,- եզրափակեց Տիգրան Սեդրակյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել