Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՐԱՆՔ ՈՉ ԹԵ ՇԱՐՔԱՅԻՆ ՃԱՆՃԵՐ ԵՆ, ԱՅԼ՝ ԲՈՌԵՐ»

Մարտ 04,2003 00:00

«ՆՐԱՆՔ ՈՉ ԹԵ ՇԱՐՔԱՅԻՆ ՃԱՆՃԵՐ ԵՆ, ԱՅԼ՝ ԲՈՌԵՐ» Մարտի 5-ին Հայաստանում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Երեկ նույն ժամին, բարեբախտաբար տարբեր տեղերում, հանրահավաք էին կազմակերպել երկու թեկնածուները՝ ապացուցելու, թե նրանցից ով շատ ժողովուրդ կհավաքի իր շուրջը: Իշխանությունն իր «ժողովրդին» դիմավորում էր «Կռունկ» ավտոմեքենայի վրա պարզած մեծ էկրանով, որպեսզի իր թեկնածուին ընտրողներն ավելի լավ տեսնեն այն, ինչ կատարվում է Մատենադարանի հարթակում: Մենք կանդրադառնանք թեկնածուներից մեկի հանրահավաքին, որին մասնակցում էին տարբեր մակարդակի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ սկսած վարչապետից, նախարարներից, մարզպետներից, գյուղապետերից, վերջացրած՝ թաղապետերով ու պատգամավորներով: Այսինքն՝ այդ հանրահավաքին լծվել էր ողջ պետական համակարգը, որի ներկայացուցիչները փոխանակ իրենց աշխատանքային պարտականությունները կատարեին, եկել էին հանրահավաքի: Մատենադարանի հարակից փողոցները լեփ-լեցուն էին շրջաններից հանրահավաքին մասնակցելու նպատակով ժողովրդին տեղափոխած ավտոբուսներով, որոնք անանցանելի էին դարձրել քաղաքի կենտրոնով անցուդարձը, իսկ հարյուրավոր ոստիկանները հսկում էին մարզերից բերված ժողովրդի համախմբումը Մատենադարանի մոտ, որպեսզի նրանք հանկարծ չգնան այլ հանրահավաքի ու չտապալեն իրենց թեկնածուի հանդիպումն իր համակիրների հետ: Իսկ թեկնածուին սատարող քաղաքական ուժերի երիտասարդները պետք է անընդհատ օդում թափահարեին իրենց կուսակցությունների դրոշներն ու կարգախոսները, եւ նրանք անպայման պետք է այնպես կանգնեին, որ հարթակից թեկնածուն տեսներ, թե ովքեր են հատկապես իրեն ավելի «ուժեղ» սատարում ու ցուցում ստանալուն պես գոռում այն, ինչը նման հանրահավաքների ժամանակ ընդունված է: Իսկ հարթակից յուրաքանչյուր քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ իրեն դնելով նվագախմբի մաեստրոյի տեղը, վերեւից չափ էր տալիս իր նվագողներին, թե որ նոտայից վերցնեն իրենց ձայնակցությունը: Բայց կարեւորն այն էր, որ պետք է գոռային այնպես, որ ամենաազդեցիկ տոնայնությունը թողնեին, որից պետք է իրենց թեկնածուն եզրակացներ, թե ով է ավելի շատ ցանկանում իր վերընտրությունը: Հարկ է նշել, որ գործող նախագահի հանրահավաքը, բավական պաթետիկ ու պատմական օրինակներով, վարում էր խորհրդարանական մեծամասնության ամենաերիտասարդ ներկայացուցիչ, պատմության ֆակուլտետի շրջանավարտ Վազգեն Խաչիկյանը, որն, օրինակ, իր նախընտրած թեկնածուին համեմատում էր Տիգրան Մեծի հետ: Բնականաբար եղան նաեւ բոցաշունչ ելույթներ, որտեղ հիշեցին «ռեւանշիստ» ու «բոբո» նախկին իշխանություններին՝ ասելով, թե ընդդիմությունը շրջապատված է այդ նույն դեմքերով, որոնք ուզում են երկիրը, որը «ծլում, ծաղկում ու զորանում» է, վերադարձնել այդ նույն ռեժիմին, որի նպատակն այս երկիրը մթի ու խավարի մեջ պահելն է: ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ իրենց թեկնածուն կարիք չունի կեղծիքների, խարդախության ու խաբեության. «Մենք ենք ժողովուրդը, մենք ժողովուրդ ենք,- հայտարարեց այդ կուսակցության ներկայացուցիչը՝ շարունակելով,- մենք եկել ենք այստեղ ցույց տալու, թե որտեղ է իրական ժողովրդի ձայնը, եւ ինչու ենք մենք այս թեկնածուի հետ, որովհետեւ վաղը այդ ձայներով. մաքուր, անարատ, անկաշառ, ազնիվ քաղաքացու ձայներով՝ նա մնալու է այնքան, որ կարողանա մաքրել մեր երկիրը, անել այն, ինչը նրան խանգարում էին, խանգարում էին նրանք, ովքեր պատժից փրկվելու համար այսօր գնում են մեր թեկնածուի դեմ»: Բոլոր ելույթներում հատուկ նշվում էր, որ ի տարբերություն մյուս թեկնածուի՝ իրենց թեկնածուն պատերազմն անցած մարդ է: Ասվում էր, որ մեր երկիրը պետք է ղեկավարի հատկապես նման ուղի անցած մեկը: Եվ տպավորությունն այնպիսին էր, թե մարտի 5-ին ժողովուրդն ընտրելու է ոչ թե երկրի նախագահ, այլ՝ պաշտպանության նախարար: Իսկ այլ թեկնածուի ընտրության դեպքում, ըստ հանրահավաքի կազմակերպիչների, երկիրը գնալու է դեպի անորոշություն. դեպի անդունդ ու «խորտկարան»: Ավելին, երկիրը խարխափելու է, որի շարքերում, ըստ Նորացված կոմկուսի նախագահ Յուրա Մանուկյանի, եթե այսօր պակասում են Վանոն, Խաչիկը, Աշոտն ու Լեւոնը, ապա՝ հետո լրացվելու են: Յ. Մանուկյանը դիմեց հակադիր թեկնածուին՝ ասելով, որ նրա ընտանիքն այն խորհրդանիշն էր, որը խորհրդային տարիներին նախ եւ առաջ նշանակում էր՝ «արժանապատիվ ժողովուրդ», երկիրը՝ բարձր մշակույթի ու արվեստի, արդյունաբերության զարգացման երկիր: Որը սակայն նա եւ իր շրջապատը ցանկանում են դարձնել արդեն օգտագործված այն «գործիքը», որի առաջացրած «ողբերգական հետեւանքները դեռեւս չեն վերացել»: «Հորդորում եմ՝ մի լավ թափահարել ձեզ: Ձեր վրա կուտակված շարքային ճանճեր չեն, այլ՝ բոռեր են, որոնց մայրերն իրենց բներում սպասում են ձեր եւ մեր կործանմանը»,- ասաց Յ. Մանուկյանը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել