Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ, Հայկ, էս ինչ արիր, Հայկ

Մարտ 15,2003 00:00

Հայկ, Հայկ, էս ինչ արիր, Հայկ Այս աշխարհի խելոքներից մեկը ժամանակին ասել է. եթե կասկածում ենք՝ ասեք ճշմարտությունը: Այ, եթե կասկածելի օրինականությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետեւեր այս խորհրդին՝ իր իսկ մեղքով չէր ընկնի տհաճ իրավիճակների մեջ: Իր վերջին ասուլիսում Քոչարյանը հայտարարել է. «2003172ի ընտրությունները ավելի լավն են, քան 1998-ինը: Դիտորդների գնահատականը մոտավորապես նույնն է, բայց նաեւ ակնհայտ է, որ այս անգամ դիտորդական առաքելությունը եղել է շատ ավելի խիստ, շատ ավելի մանրակրկիտ են նայվել բոլոր խախտումները եւ շատ ավելի մանրակրկիտ են հետեւել ամբողջ ընթացքին, քան դա եղել է հինգ տարի առաջ»: Այլ խոսքով, 1998-ին էլ են արձանագրվել հօգուտ գործող նախագահի (իսկ դա Քոչարյանն էր՝ ժ/պ մակդիրով) քվեատուփերի լցոնում, բռնություններ ընդդիմադիր թեկնածուների վստահված անձանց նկատմամբ, այլ թեկնածուի կամ բոլորին դեմ քվեների «գրանցում» գործող նախագահի օգտին եւ այլ երեւույթներ, որ հարիր ու համապատասխան չեն եվրոպական ժողովրդավարությանը: Պարզապես, հինգ տարի առաջ, եվրոպացի դիտորդները հավես, ժամանակ, հնարավորություն կամ չգիտեմ թե ինչ չեն ունեցել, այս ամենը տեսնելու եւ արձանագրելու համար: Քոչարյանին թեկնածու գրանցելու օրինական անհնարինությունը՝ դեռ մի կողմ: Ասում են՝ ստի ոտը կարճ է լինում: 40 օրից ոչ ավելի, քանի որ նա այնքան սուտ է խոսում, որ խճճվում է ու չի հիշում թե ում, երբ, ինչպես եւ ինչ է խաբել: Պատկերացել անգամ չէի կարող, որ մեր սուտն էլ ուրիշ է: Մեկ շաբաթից ավելի «չի ձգում»: Քոչարյանի հիշատակված ասուլիսի օրը լրագրողների հետ հանդիպել էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը եւ հայտարարել, որ այս ընտրությունների գինը վճարելու է միայն Հայաստանը: Կարեւոր չէ, որ վճարելու ենք նաեւ ԱՄՆ-ին: Կարեւորը, Հայաստանի համար՝ թերեւս ցավալին, այն է, որ արդեն սկսել ենք վճարել: Վրաստանի սպառողներին էլէկտրաէներգիա մատակարարող ամերիկյան «AES-Telasi» ընկերությունը, մի քանի տարի Հայաստանից 1 կվտ/ժ-ն 12.5 դրամով, օրական մոտ 100 մեգավատ էլեկտրաէներգիա գնելուց հետո, օրերս հրաժարվեց դրանից, թեեւ հայկական կողմը որեւէ նոր պայման չի առաջարկել, առավել եւս գին չի բարձրացրել: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը իր «ազատ, արդար, թափանցիկ, լեգիտիմ» ընտրություններից հետո օրական կորցնում է (վճարում է) 1 250 000 000 դրամ կամ 210 000 դոլար: ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ Հ. Գ. Քոչարյանի ընտրական կարգախոսն էր. «Աշխատենք միասին»: Ցավոք, նա չէր մանրամասնել ում համար եւ ում հետ: Այժմ կարելի է ենթադրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել