Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՇՎԻՆ

Մարտ 16,2003 00:00

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՇՎԻՆ «Ավիահամալիր» ԲԲԸ-ի կողմից 1996-1998թթ. բնակարաններ հատկացվեց 13 ազատամարտիկների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքների։ Մարտիրոս Վարդանյանն իբրեւ ազատամարտիկ այն ժամանակ ստացավ 1 սենյականոց բնակարան (28 քմ) Բրյուսովի փողոցի 165 շենքում, որը հանդիսանում էր Կենտրոն համայնքի սեփականությունը։ Սակայն ազատամարտիկ Մ. Վարդանյանը դեկտեմբերի 21-ին մահացավ։ Նա 1990-ից «Մեծն Տիգրան» կամավորական ջոկատի հետախուզական դասակի կազմում մասնակցել է Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանությանը, եղել Նոյեմբերյանի, Տավուշի, Գորիսի, Կապանի, Լաչինի պաշտպանական գոտում, մասնակցել Շահումյանի շրջանի Էրքեջի, Մանաշիդի մարտերին։ 1995-ին Մարտիրոս Վարդանյանը ՀՀ զինված ուժերի կազմում Արթուր Սիմոնյանի հրամանատարությամբ գործող զորամասում լեռնագնացության հրահանգիչ էր։ Մահվան պատճառով ազատամարտիկը չհասցրեց սեփականաշնորհել վերոնշյալ բնակարանը եւ դա էլ հավանաբար առիթ հանդիսացավ, որ փախստական Մարինա Գալուստովան հայց ներկայացնի դատարան՝ բնակարանի նկատմամբ բնակօգտագործման իրավունք ճանաչելու պահանջով։ 1999թ. Կենտրոն թաղապետարանը ինքն էր հայց ներկայացրել Գալուստովայի ընտանիքին վտարելու պահանջով, իսկ բնակօգտագործման իրավունքը ճանաչելու խնդրով Մարտիրոս Վարդանյանի դուստրը՝ Գոհարը, դիմել էր դատարան։ Վերջինիս հանճարեղ ձեւակերպմամբ. «հանգուցյալ Մ. Վարդանյանի ընտանիքի անդամ Գ. Վարդանյանը ճանաչվել չի կարող, նրա բնակօգտագործման ճանաչման հիմքեր չկան, քանի որ դատաքննությամբ պարզվել է, որ Գ. Վարդանյանը երբեւէ այդ բնակարանում չի բնակվել իր հոր հետ, համատեղ տնտեսություն չի վարել»։ Հավանաբար բնակարան հատկացնելիս թե՛ «Ավիահամալիր» ԲԲԸ-ն, թե՛ Կենտրոն համայնքի թաղապետարանը պիտի իրենց որոշումների մեջ արձանագրեին, որ բնակարաններ են հատկացվում ազատամարտիկներին եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին, «պայմանով, որ նրանց ծնվելիք կամ եղած երեխաները պարտադիր ապրեն դեռեւս չհատկացված հասցեում»։ Մ. Վարդանյանի կինը քանիցս նշել է, որ Մ. Գալուստովան փախստականի կարգավիճակով երկու տեղում բնակելի տարածք է ստացել եւ սակայն այդ փաստարկը որեւէ հիմք չի հանդիսացել դատարանի կողմից Մ. Գալուստովայի ձեռքից իրենց բնակարանը ետ վերցնելու համար։ «Գ. Վարդանյանը նոր էր ծննդաբերել եւ երեխայի հետ գտնվում էր հիվանդանոցում, երբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ դատական նիստ է հրավիրվում եւ մեկ վկայի ցուցմունքով որոշվում, որ Գ. Վարդանյանը բնակարանի կարիք չունի, կարող է փողոցում ապրել եւ որոշում է անվավեր համարել բնակօրդերը»,- պատմում է ազատամարտիկի կինը։ Ավելին, երբ Գ. Վարդանյանը հիվանդանոցից վերադառնալուց հետո կրկին դիմում է դատարան, նա մեկ հարց էր ուզում ճշտել. որքանո՞վ է ճիշտ մի կնոջ եւ նորածնի զրկել բնակարանից՝ մեկ ուրիշին բարելավում տալու համար։ Դատարանը «սթափ» հայտարարում է, որ «հարցի բարոյական կողմը չենք քննարկում»։ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը իր 02/68 գրությամբ դիմում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահին՝ տեղեկացնելով, որ ազատամարտիկ Մ. Վարդանյանի մահվանից հետո, դատարանի որոշմամբ, նախկինում տրված օրդերը ճանաչվել է անվավեր, իսկ ազատամարտիկին խնամող դստերը՝ Գոհար Վարդանյանին վտարել զբաղեցրած տարածքից։ Նա միջնորդել էր. «Հաշվի առնելով ազատամարտիկ Մարտիրոս Վարդանյանի ավանդը հայրենիքի պաշտպանության գործում, միջնորդում եմ դատարանին, գործով որոշում կայացնելիս չոտնահարել ազատամարտիկի դստեր՝ Գ. Վարդանյանի բնակարանային շահերը եւ հնարավորություն տալ նրան առանց օրդերի շարունակել բնակվել վիճելի բնակարանում»։ Վերաքննիչ բողոք է բերել դատարանում Գոհար Վարդանյանը՝ ընդդեմ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճռի։ Այդ բողոքում Գ. Վարդանյանը նշում է, որ վիճելի բնակարանի սեփականաշնորհման գործընթացը սկսվել է 2001-ին, իսկ փախստական Գալուստովան, բնակարանի մեկ այլ սենյակ զբաղեցնելու օրինական որոշում՝ օրդեր, ստացել էր միայն 23.04.02թ. եւ առայսօր նույնիսկ վարձակալության պայմանագիր չունի կնքած թաղապետարանի հետ։ Հետեւաբար, Գալուստովայի նկատմամբ դատական պաշտպանություն իրականացնել դատարանը չի կարող։ Սա արդեն որերորդ դեպքն է, երբ քաղաքացիական իրավահարաբերություններում վիճաբանող կողմեր են դառնում ազատամարտիկի ընտանիքն ու փախստականները կամ հակառակը։ Երկուսն էլ ունեն որոշակի արտոնություններ եւ երկուսի նկատմամբ էլ պետությունը պարտավոր է իր վճռական խոսքն ասել։ Սակայն, որքան էլ տարօրինակ է, երկուսի նկատմամբ պետությունն իր հոգատարությունն է «ցուցաբերում»՝ հակասության մեջ դնելով նրանց շահերը։ Տվյալ դեպքում, ազատամարտիկի ընտանիքը չպետք է տուժի ինչ-որ չինովնիկի որոշմամբ, եւ նա պետք է պահպանի այն տարածքի նկատմամբ իր իրավունքները, որոնք չնչին վարձատրությունն են եղել նրա իսկ գործած սխրանքի։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել