Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՅԱՆՔԸ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄՈՒՄ

Մարտ 16,2003 00:00

ԿՅԱՆՔԸ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄՈՒՄ «Առայժմ իմ աշխատանքում խոչընդոտների չեմ հանդիպել»,-լավատես է վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն վարդապետ Միրզախանյանը։ -Արդեն չորս ամիս է Դուք վիրահայոց թեմի առաջնորդն եք։ Ի՞նչ ժառանգություն եք ստացել։ – Մեր պատմական ժառանգությունը եւ այն, ինչ այսօր կա, համեմատության եզրեր չունեն։ Տխուր փաստ է, սակայն վիճակը ես անհուսալի չեմ համարում։ Փառք Աստծո, որ այսքանն էլ պահպանվել է։ Վիրահայոց թեմի մեծ եւ ամենահարուստ ժառանգությունը մեր ժողովուրդն է, որն իր ազգային եւ հոգեւոր ավանդույթների շնորհիվ կարողացել է պահպանվել, եւ հիմա համոզված եմ, անպայման պետք է նորից ոտքի կանգնի։ Հայ ազգի դրսեւորած ուժեղ կամքի ու տոկունության շնորհիվ է, որ այսօր մեզ մոտ գործում է երկու եկեղեցի՝ Սուրբ Գեւորգը եւ Սուրբ Էջմիածինը, Բաթումում գործում է Սուրբ Փրկիչ, Ախալցխայում եւ Ախալքալաքում՝ Սուրբ Խաչ եկեղեցիները, նաեւ Ջավախքի շրջակա գյուղերում՝ մի շարք փոքրիկ եկեղեցիներ ու մատուռներ։ Սրանք, անշուշտ, շատ քիչ են բավարար լինելու համար։ Եկել են ժամանակներ, երբ մեր ժողովուրդը կարիք ունի հոգեւոր սննդի, դաստիարակության։ Աշխատանքը շատ- շատ է, հատկապես եթե հաշվի առնենք այն միջավայրն ու արտաքին գործոնները, որոնց գոյությունը չես ընտրում, այլ տրված է քեզ որպես կեցության ձեւ եւ ժառանգություն։ – Պատմեք թեմի մասին։ – Նախ, որպես գործունեության սկիզբ, ճշտել ենք մեր ունեցածն ու անելիքը՝ եկեղեցական կյանքը կազմակերպելու համար, ինչի կարիք ունեն մեր համայնքը, դպրոցները, ինչ կերպով կարող ենք աշխատել։ Պիտի կազմվի ծխական խորհուրդ, որպեսզի ժողովրդի ներկայացուցիչները քահանաների հետ միասին աշխատեն։ Կձեւավորվեն տիկնանց եւ երիտասարդաց միություններ, կունենանք հայկական ռադիո, հայ կենտրոն Թբիլիսիում, որոնք կօգնեն համայնքի կյանքը կազմակերպելուն։ Այժմ արդեն կա Վիրահայոց միությունը, ահագին աշխատանք է կատարում Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Նախատեսել ենք այս տարի բոլոր հայկական տոները նշել նոր տոմարով։ Նաեւ ցանկություն կա այն բնակավայրերում, ուր ստվար հայություն է ապրում, կառուցել փոքրիկ մատուռներ՝ տեղում մարդկանց հոգեւոր կյանքի զարթոնքին նպաստելու նպատակով։ Բավականաչափ աշխատանք է կատարվել Սամցխե-Ջավախքում առաջնորդության փոխանորդության ջանքերով եւ այժմ սպասում ենք, որ տեղական իշխանությունները առաջնորդարանին շենք հատկացնեն։ Ցավով պիտի նշեմ, որ հայկական դպրոցները մեզ լուրջ մտահոգություն են պատճառում։ Աշակերտության քանակը օրեցօր նվազում է, ծնողները գերադասում են ռուսական դպրոցը եւ, չնայած վրացական պետության դրական վերաբերմունքին, հայկական դպրոցները կանգնած են փակման վտանգի առջեւ։ Ես կարծում եմ, որ Սփյուռքում հայկական դպրոցների խնդիրը պիտի լինի հայոց լեզվի, պատմության, աշխարհագրության ուսուցանումը։ Մնացածը պիտի լինի այն երկրի կրթությունը, որում ապրում են։ Իսկ այսօր մեզ մոտ հայերի մեծ մասը վրացերեն չգիտի, քանի որ սովորել է ռուսական դպրոցում։ Սամցխե-Ջավախքում վիճակն այլ է։ Այնտեղ էլ վրացերենի ուսուցչի խնդիր կա եւ դարձյալ լեզվի չիմացություն, որը նախեւառաջ մեզ է վնասում։ Այս երկրում աշխատանքի են ընդունվում միայն վրացերեն լեզվին տիրապետողները։ Արդյունքում՝ հանիրավի դժգոհություններ եւ արտագաղթ։ – Ի՞նչ քանակի հայություն է համախմբված եկեղեցու շուրջը։ – Շատ քիչ, եթե Թբիլիսիում ապրում են 100 հազարից ավելի հայեր, այսօր նույնիսկ մշակութային եւ այլ բնագավառներում համախմբված հայերի թիվը չնչին տոկոս է կազմում։ Մեր խնդիրն է եկեղեցական կյանքի արթնացման հետ միասին նպաստել նաեւ ազգային արժեքների եւ ապրելակերպի վերականգնմանը։ Կարեւորում ենք հոգեւոր սպասավորների անհրաժեշտությունը, նաեւ այն կառույցների գործունեությունը, որոնք կկարողանան հայ ոգին բարձրացնել, ազգային կյանքը հունի մեջ դնել։ Վրաստանն ինքը բազմազգ ու բազմակրոն երկիր է եւ ունի իր չլուծված բազմաթիվ հարցերը։ Այս, նաեւ սոցիալական ծանր վիճակը, որը մի տեսակ անտարբեր ու հարմարվող է դարձրել մարդկանց, շատ դեպքերում հանգեցնում է ծայրահեղությունների։ Վրաստանում չի գործում խղճի ազատության մասին օրենքը, որի ընդունմանը սպասում են այս էլ քանի տարի։ Կրոնական կազմակերպությունները օրենքից դուրս վիճակում են։ Օրենքի ընդունումից հետո շատ բան կարող է շտկվել։ – Ի՞նչ կցանկանայիք ավելացնել։ – Ներքին Սփյուռքում կան վայրեր, որտեղ հայության կյանքը շատ աշխույժ է ու կազմակերպված։ Ցավոք, մեզ մոտ այդպես չէ։ Կցանկանայի, որ մեր լավագույն զավակները համախմբվեին, օգնեին եւ դուք էլ Հայաստանում աղոթք անեիք մեզ համար, որ վիրահայությունը կարողանա իր նախկին շունչը ստանալ ու համախմբվել։ Հարկ է հստակեցնել ազատության մեր ընկալումը։ Մնացածը աշխատանք է։ Ինքներս շատ անելիք ունենք՝ ուրիշներին մեղադրելուց առաջ։ Զրուցեց ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել