Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆրո-ամերիկյան մշակույթի օրեր անգլախոսների՞ համար

Մարտ 16,2003 00:00

Աֆրո-ամերիկյան մշակույթի օրեր անգլախոսների՞ համար Եթե չխոսենք, ոչինչ չենք իմանա ոչ աֆրո-ամերիկացիների, ոչ սեւամորթների պատմության միամսյակների, ոչ էլ Երեւանում կազմակերպված աֆրո-ամերիկյան մշակույթի օրերի մասին։ Ուրեմն, մեր երկրի անցուդարձին լիակատար տեղեկանալու համար հարկ է նաեւ լիակատար տիրապետել անգլերենին։ «Այս միջոցառումները կազմակերպված են անգլախոս հասարակության համար, հանդիպումները նախատեսված են անգլերենը ուսումնասիրող ուսանողների եւ արդեն ուսումնասիրած ուսուցիչների ու այլ մասնագետների համար»,- պարզաբանեց ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը։ Առաջին հանդիպումը կազմակերպվեց երեկ՝ ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնում։ Փոքրիկ սենյակում մի կերպ խցկվել էին ուսանողներից հատընտիր արած մի քանի ներկայացուցիչներ, դասավանդողներ, տարբեր կազմակերպություններից հյուրեր, նաեւ լրագրողներ՝ ոտքի վրա։ Պատվավոր հյուր էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը։ Նրա խոսքից ոչինչ չհասկացանք, քանի որ չէր թարգմանվում։ Այդ մասին կազմակերպիչները մոռացել էին տեղեկացնել լրատվությանն «ահազանգելիս»։ Իսկ դեսպանից առաջ խոսեց ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, այն մասին, որ «այսօր մենք լավ առիթով ենք հավաքվել այստեղ, որը նվիրված է ԱՄՆ դեսպանատան կողմից գրքերի նվիրվածությանը»։ Այս արտահայտությունը ստիպված ենք ընթերցողին ներկայացնել վերծանված՝ ԱՄՆ դեսպանատունը ԵՊՀ վերոհիշյալ ամբիոնին նվիրել է 130 կտոր գիրք։ Նվերն իր մեջ ներառում է ամերիկյան դասական ու ժամանակակից գրականության հատընտիր ստեղծագործություններ։ Գրքերն արդեն շարված էին գրադարակներում, պարոն Մարտիրոսյանին մնում էր շնորհակալություն հայտնել դրա համար, չանդրադառնալով օրվա գլխավոր թեմայի՝ աֆրո-ամերիկյան մշակույթի օրերի մանրամասներին։ Աֆրո-ամերիկացիների պատմությանը վատ են տեղեկացված նաեւ անգլիական բանասիրության ուսանողները։ «Դա գուցե եւ կրթական ծրագրի բացը չէ (՞), բայց մենք փորձում ենք այսկերպ լրացնել այդ պակասը»,- ասաց ամբիոնի ղեկավար Սեդա Գասպարյանը։ Հետաքրքրվեցինք- տեղեկացանք, որ աֆրո-ամերիկյան մշակույթի օրեր Հայաստանում կազմակերպվում են 4-րդ անգամ։ Առաջին անգամ է, սակայն, որ «օրերն» ուղեկցվում են գեղարվեստական ֆիլմերի ցուցադրմամբ (ի դեպ՝ նույնպես անգլերեն, առանց լուսագրային կամ այլ թարգմանության)։ Անցյալ տարի կազմակերպված «օրերին» մասնակցում էր ԱՄՆ-ից ժամանած խոսնակ, որին կարելի էր հարցեր ուղղել մեր օրերում աֆրո-ամերիկացիների կյանքի ու կենցաղի մասին։ Այս տարի խոսնակ չի ճարվել։ Լրագրողներին բաժանված հայերեն լեզվով միակ տեղեկատվական աղբյուրը ԱՄՆ նախագահ Ջորջ Ու. Բուշի հայտարարությունից հատվածաբար քաղած գրությունն էր։ Այդտեղ ասվում էր, որ աֆրո-ամերիկացիներն առանցքային դեր են խաղացել ամերիկյան ժողովրդի պատմության մեջ։ ԱՄՆ-ում այս տարի անցկացվում է «Սեւամորթ ժողովրդի հոգին մեկ հարյուրամյակ անց» խորագրով համազգային մեկամսյակ։ Երկար ժամանակ «ռասիստ»-ի խարանը ճակատներին կրած ամերիկացիներն այսօր շնորհակալ են սեւամորթ գործիչների այն մեծ բանակին, որը հաղթահարեց «գունային» անարդարությունը, հաստատեց իր լիարժեք տեղն ամերիկյան հասարակության մեջ, ու Ամերիկան դարձրեց իր հիմնախնդիրների իդեալներին համապատասխան։ 1915 թվականին դոկտոր Քարթեր Գոդվին Վուդսոնը հիմնադրեց «Նեգրերի կյանքի եւ պատմության ուսումնասիրությունների ասոցիացիան» եւ առաջին անգամ նշեց «Նեգրերի պատմության շաբաթը»։ 1976 թվականից սկսած դոկտոր Վուդսոնի նախաձեռնությունն ԱՄՆ-ում նշվում է որպես Սեւամորթների պատմության միամսյակ։ Այսքանը՝ ոչ անգլախոս ընթերցողին քիչ թե շատ լուսավորելու համար։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել