Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան ինքնուրույն է սկսում գործել

Մարտ 22,2003 00:00

Թուրքիան ինքնուրույն է սկսում գործել Եվ դրանով իսկ անկանխատեսելի է դառնում Հայաստանի համար Երեկ քաղաքացիական ազգային նախաձեռնություն ռազմավարական հետազոտությունների կենտրոնում, այսպես ասած, «մերոնցով» (առանց դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչների) քննարկեցին Հայաստանի կարգավիճակը՝ տարածաշրջանային նոր իրողությունների համատեքստում։ Մասնակիցների ցուցակը խոստումնալից էր եւ քննարկումը հավակնում էր հետաքրքիր լինել, եթե, իհարկե, վերջիններս ներկայանային։ Սակայն կազմակերպիչները խոստովանեցին «մեղքի» իրենց բաժինը՝ սեմինարն ինչ-որ առումով «ոտքի վրա» էր կազմակերպվել։ Հիմնական զեկուցող Դավիթ Հովհաննիսյանի կարծիքով, Իրաքի դեմ ռազմական գործողություններն իրականում եվրո-դոլար պատերազմն են։ Քանզի ընդամենը հինգ տարում եվրոն ընդհանուր տնտեսական համակարգում իր ուրույն տեղն է զբաղեցրել։ Ինչի արդյունքում լուրջ դերակատարություն ունեցող երկրներն այլ դրամական աշխարհ են ստեղծում։ Եվ այս համատեքստում սկսված պատերազմը բնական ընթացք է համարվում։ Սակայն, որքան էլ բնական, բայց այն բախտորոշ ազդեցություն է ունենալու աշխարհի վրա, հատկապես մեծ եւ միջին արեւելքի տարածաշրջանի, որի մեջ նաեւ Հայաստանն է մտնում։ Հայաստանը նաեւ ուղղակի շահ ունի Իրաքում՝ հայ համայնքը, եկեղեցին եւ եկեղեցապատկան տարածքները։ Ի դեպ, իրաքահայ բնակչությունը 17-20 հազար է կազմում, եկեղեցիները 10-ն են։ Առաջնորդարանը գտնվում է Բաղդադում, որը պատկանում է Էջմիածնին։ Բացի ուղղակի շահերից, ԵՊՀ պրոֆեսոր Դ. Հովհաննիսյանը ընդգծեց նաեւ տարածաշրջանը տրաֆիկի գոտի դառնալու մեծ հավանականությունը, սպառնացող էկոլոգիական լուրջ խնդիրները, սեյսմիկ ակտիվության վտանգը։ Իսկ այն, որ Թուրքիայի ակտիվ մասնակցությունը ռազմական գործողություններին կամա թե ակամա տարածաշրջանում բարձրացնում է այդ երկրի դերը, պարոն Հովհաննիսյանին լուրջ անհանգստության առիթ է տալիս։ Նամանավանդ, եթե նկատի ունենանք, որ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ չկան։ Ավելին, երբ ԼՂՀ հիմնահարցում Թուրքիան Ադրբեջանի հետ հանդես է գալիս նույն ճակատում՝ Հայաստանի դեմ։ Պատկերն առավել ամբողջական է դառնում, եթե այս ամենին հավելենք սպառնացող կամ անխուսափելի մի շարք տնտեսական խնդիրները։ Մասնագետներն այս պահին ահազանգում են ներդրումային քաղաքականության հնարավոր պասիվությունը։ Այս համատեքստում Դավիթ Հովհաննիսյանի համար անընդունելի է Հայաստանի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությունը. «Պետական հոգածություն այս հարցերի շուրջ չկա։ Մեր իշխանությունների կողմից շոշափելի գործողություններ չեմ տեսնում։ Չկա նաեւ քաղաքական կամք, որոշում. բանավեճի ժամանակ ոչ միայն ընդդիմադիր թեկնածուն, այլ երկրի նախագահը այս հարցի մասին ադեկվատ պատասխան չտվեցին»։ Պարոն Հովհաննիսյանը ընդունում է, որ առավել շահեկան է այս պահին «նեյտրալ դիրքորոշում» որդեգրի, բայց «մենք այնտեղ մեծ սփյուռք ունենք եւ այդ հարցերի շուրջ պետական մակարդակով հարկ է որ բանակցություններ ընթանան»։ Նաեւ՝ մեր երկրում բնակվող «քրդերն էլ կարող են ակտիվանալ քրդական շարժումից եւ մեր երկրի համար խնդիրներ են առաջացնելու»։ Ուստի՝ ամեն ինչ պետք է «ուղղված լինի մեր երկրի շահերը պաշտպանելուն»։ Ի դեպ, 3,5 հազարից ավելի հայեր բնակվում են թուրք-իրաքյան սահմանագծում։ Նրանց ճակատագրի խնդիրն առավել ակտուալ է դառնում հենց հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառով։ ՀՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Յուրի Բաբախանյանն իրեն թույլ տվեց չհամաձայնել արծարծված եւ ի դեպ, այսպես կոչված, մասսայականություն վայելող այս կարծիքի հետ։ Հայաստանի ներկայիս դիրքորոշումն այսպես պարզաբանեց՝ «մենք պաշտպանում ենք միջազգային օրենքները»։ Իսկ ինչ վերաբերում է մեր հայրենակիցների ճակատագրին՝ «մենք ամեն ինչ անում ենք»։ Իսկ դրանց մասին տեղեկատվություն տարածելն, ըստ ԱԳՆ պաշտոնյայի՝ կարեւոր չէ. «Կարեւորն արդյունքն է. դուք դա կտեսնեք»։ Դե ինչ, «կապրենք՝ կտեսնենք»։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել